Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյան. «Հիմա իմ ընկերը վերեւից նայում ու մեղադրում ա ձեզ»

Հուլիս 04,2014 15:00

2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարության հուլիսի 4-ի նիստին հիվանդության պատճառով չէր մասնակցում տուժողի իրավահաջորդը` Լյուքս Ստեփանյանի մայր Լուիզա Ստեփանյանը:

SAM_0004

 

Նիստում հանդես եկավ ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը: Նա ասաց.
«Այս դժբախտ դեպքը ինձ շատ ցավ ու տառապանք է պատճառել, որ ես մինչեւ կյանքիս վերջն ապրելու եմ այս ցավի հետ: Բայց էս ցավը ոչ մենակ ինձ է պատճառվել, այլ նաեւ` իմ ու իմ 2 ընկերների ընտանիքներին,ու նաեւ ողջ հասարակությանը, քանի որ վիրավորվել ու մահացել են երիտասարդ հայ տղաներ ու հայ զինվորներ: Բայց նման դեպքում ճիշտ չէ տուրք տալ, տեղի տալ զգացմունքներին ու առաջնորդվել զայրույթով, ավելի ճիշտ կլինի իրավիճակը սառնասիրտ դատել: Ես արդեն պատժվել եմ իմ արարքի համար, կորցնելով իմ ընկերներից մեկի կյանքը, մյուսի առողջությունը: Ու քանի որ հարգելի դատարան, դուք էլ հասարակության մի անդամ, եք, ուղղակի խնդրում եմ առաջնորդվեք օրենքով եւ լինեք հնարավորի չափ սառնասիրտ»: Նա ասաց, որ ինքը մարդասպան չէ եւ չի կարող դիտավորյալ վնաս տալ եւ իրեն մեղադրում են իր ընկերներից մեկին դիտավորյալ սպանելու, մյուսին վնասելու մեջ եւ հավելեց. «Նման բան չի կարող լինել: Իմ ընկերներից երկուսն էլ չեն կիսում ձեր կարծիքը: Հիմա իմ մահացած ընկերը վերեւից նայում ա ու մեղադրում ա ձեզ, նրանք գիտեն,որ էս ամեն ինչում դիտավորություն չի եղել, եղել ա ընդամենը կատակ, որի հետեւանքով էլ էսենց անդառնալի կորուստ եղավ»: Խաչատրյանն ասաց, որ իրեն պետք է դատեն իր արածի, ոչ թե չարածի համար:

Մեղադրող Արթուր Զաքարյանն ասաց, որ Դավիթ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, ինչ ապացուցվել է նախաքննության եւ դատաքննության ընթացքում, փորձագետների եզրակացությամբ , որ ամբաստանյալի պաշտպանի ճառի առաջին մասում ցեխ շպրտվեց քննիչի, դատախազի, իրավապահ հակամարգի վրա: Պաշտպանն Երեմ Սարգսյան ասաց, որ մեղադրական եզրակացության նկարագրական մասում նշված է, թե Դավիթ Խաչատրյանը կրակել է նշան բռնած դիրքում, մինչդեռ դատաքննության ընթացքում պարզվեց, որ դա այդպես չէ: Երեմ Սարգսյանը անդրադառնալով գլխավոր դատախազ Գագիկ Կոստանյանի խոսքերին, թե ձեռք են բերվել մեղադրանքը հաստատող անհերքելի ապացույցներ, ասաց, որ դա հավասար է մեղադրական դատավճռին, իսկ եթե մեղադրական դատավճիռ արտահայտությունը շփոթմունք է, ուրեմն շփոթմունք են նաեւ անհերքելի ապացույցները: Պաշտպանի խոսքերով` դա խախտում է Դավիթ Խաչատրյանի անմեղության կանխավարկածը: Պաշտպանն ասաց, որ Դավիթ Խաչատրյանը կրակել է, երբ նա փորձել զենքի կոթն անցկացնել ենթապայուսյակից, ինքնաձիգ դիպել է ենթապայուսյակին, ուժը փոխանցվել է նրա մատին: Երեմ Սարգսյանն ասաց, որ Դավիթ Խաչատրյանը այնքան պատրաստված զինվոր չէ , որ 30 մետր հեռավորությունից կարողանար 1 կրակոցով խոցել 2 զինվորի: Պաշտպանն ասաց, որ եթե նախաքննությունը օբյեկտիվ է եղել, ինչո՞ւ չի նշանակվել փորձաքննություն պարզելու համար` Դ. Խաչատրյանի մոտ հոգեկան խիստ հուզմունք եղե՞լ է, թե ` ոչ: Իր վերջին խոսքում Դ. Խաչատրյանը հայտարարեց, որ դատարանից արդարացի վճիռ է ակնկալում: Դատավոր Զոյա Զաքինյանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատավճիռը կհրապարակվի ժամը 15-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031