Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. «Ադրբեջանում չգիտեն, թե այս անգա՞մ Ալիևն ինչ ասի»

Հուլիս 04,2014 14:25

«Այդ հոդվածը թուրք մտավորականների կողմից տարիներ շարունակ արտահայտվող միտք է, որ ինչ-որ բան արել է թուրք պետությունը, բայց հայերն էլ պետք է հասկանան, որ սա պատմության խեղաթյուրում է, քանի որ այնպես չէ, որ հայերն են մեղավոր թուրքերին պատահած խնդիրների համար»,-արձագանքելով Թուրքիայի արտգործնախարարի նամակին` այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից՝ մինչև սեպտեմբեր հայ-թուրքական սահմանի բացման մասին հայտարարություններին՝ պարոն Մանոյանն այսպես արձագանքեց. «Թուրքիան նույն քաղաքականությունն է վարելու. կլինեն ձևական քայլեր, թե իբր քայլեր արվում են Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցում: Պետք չէ զարմանալ, որ ինչ-որ քայլեր կարող են Թուրքիայի կողմից կատարվել: Թուրքիան ցանկացած քայլի կարող է դիմել 2015-ի նախօրեին՝ պարզապես ցույց տալու Արևմուտքին, որ ինչ-որ գործընթաց կա Հայաստանի հետ»:

Կիրո Մանոյանն անդրադարձավ նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական ելույթին ու ասաց. «Դա Ադրբեջանի համար ոչ թե դրական քայլ էր, այլ ընդհակառակը՝ պարտություն»:
Ի պատասխան Ֆրանսիայի նախագահի` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպելու վերաբերյալ Բաքվից հնչող «հավելյալ կոնկրետության» պահանջի հայտարարություններին` Կիրո Մանոյանն արձագանքեց. «Դա Ադրբեջանի կողմից փաստերի խեղաթյուրում և խուսափում է: Պարզապես չգիտեն` այս անգա՞մ ինչ պիտի ասի Ալիևը»:

Պարոն Մանոյանը նաև որոշ դիտարկումներ ներկայացրեց Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելու կապակցությամբ: Նա նշեց. «Ոչ ոք իրատեսորեն չի ակնկալում, որ Արցախը Հայաստանի հետ է միանալու ԵՏՄ-ին: Մտահոգությունն այն է`արդյոք ՀՀ-ի և Արցախի հարաբերությունները փոխվելո՞ւ են: Եթե այո, ապա մեզ այդ միությունը պետք չէ: Պետք է հստակեցումներ մտցվեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031