Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան. «ԱԱԾ-ի աշխատակիցներին թվում է՝ իրենք կինոյի մեջի տղերքն են»

Հուլիս 04,2014 13:50

«Ժառանգության» վարչության անդամ, araratnews.am կայքի տնտեսական թեմաներով լրագրող Հրայր Մանուկյանը երեկ ձայնագրություն էր հրապարակել, թե ինչպես է ԱԱԾ աշխատակից ներկայացած Վլադ Հակոբյանը  սկզբում «լավով», հետո՝ սպառնալիքների միջոցով փորձում հավաքագրել իրեն:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Արարատ» մեդիա գրուպի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանը, մեր հարցին, թե ինչու են հենց Հրայր Մանուկյանին ընտրել՝ ասաց. «Որովհետեւ Հրայրը բարի, լավ, շփվող երիտասարդ է, որը մեծ սեր է վայելում իր ընկերների եւ ծանոթների մոտ: Այդ բարությունը շփոթել են հիմարության եւ պրիմիտիվության հետ: Հրայրը գիտնական, խելացի տղա է եւ մեր բոլոր աշխատակիցների մոտ հարգանք ու սեր է վայելում»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ձայնագրությունը հրապարակելուց հետո Դուք սպասո՞ւմ եք Հրայր Մանուկյանի դեմ ինչ-որ քայլեր, հնարավո՞ր է, որ սպառնալիքներն սկսեն իրականացնել, հաշվեհարդար տեսնեն՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ հրապարակելուց հետո, եթե Հրայրի գլխից մի մազ պակասի, դա վերաբերվելու է ԱԱԾ-ին: Իսկ ԱԱԾ-ն դա չի ուզում: Համենայնդեպս, մոտ ապագայում ոչ Հրայրին, ոչ Հրայրի հարազատներից մեկին որեւիցե բան չի սպառնում, ես վստահ եմ: Հետագայում կերեւա»:

Թե ինչքանով կապ ունի ԱԱԾ ներգրավելու փորձը Հրայր Մանուկյանի՝ «Ժառանգության» վարչության անդամ լինելու հետ՝ ըստ Ալեն Սիմոնյանի, իրենք ընդհանուր առմամբ բոլորի հետ են փորձում աշխատել. «Հրայրի տարբերակը բավականին հարմար էր, աշխատում է մեր խմբագրությունում, լավ ճանաչում ուներ, բաց էր, շփվող էր, շատ հարմար թեկնածու էր»:

Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ ԱԱԾ-ի աշխատանքը ոչ պրոֆեսիոնալ է. «Այդ ոչ պրոֆեսիոնալիզմն այնքան ակնհայտ էր, որ երեւի շատ կինոներ են նայել դետեկտիվ ու տպավորվել են: Իրենց թվում է, որ իրենք կինոյի մեջի տղերքն են, բայց տենց չի, էլի: Մեր երկրում բոլոր բնագավառներում է այդպես: Բոլորը մտածում են, որ եթե մեկը նախարար է, մեկը՝ բաժնի պետ, մեկը ոստիկան է, իրենք բոլորը կինոյի միջի տղերքն են: Բայց իրականությունը լրիվ այլ է»:

Մեր հարցին՝ ի՞նչ խորհուրդ կտաք՝ չպե՞տք է ոստիկանություն դիմել գոնե Հրայր Մանուկյանի անվտանգության հարցով՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Դա Հրայրի որոշելիքն է: Եթե ես լինեի, ես, բնականաբար, կմտածեի դրա մասին: Համենայնդեպս ես ուզում եմ ազատ թողնել: Հրայրը հասուն եւ կայացած անձնավորություն է , թող ինքը որոշում կայացնել: Ես ամեն ձեւով կսատարեմ, կօգնեմ, իմ աշխատակցի եւ իմ ընկերոջ կողքին կլինեմ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Երբ ժամադրավայրում են հայտնվում և քեզանից շուտ և ծառի անկյունից սպասում քո հայտնվելուն ու դու չես հայտնվում , հավատացեք, ավելի շատ են նման հայֆիլմի կինոյի տղերքի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031