Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում նշանակված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով դատական նիստը հետաձգվեց:
Ինչպես հունիսի 19-ին, այնպես էլ այսօրվա նիստին` Արտակ Բուդաղյանն առողջական խնդիրների պատճառով կրկին չներկայացավ: Վերջինս վիրահատվել է եւ բուժում է ստանում:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 20-ին:
Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 2013թ-ի հունիսի 1-ին ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել՝ նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23-ի սահմաններում Վազ 2106 մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիսի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցրած իր անվամբ գրանցված որսորդական հրացանը, իջնելով ավտոմեքենայից` սպանության սպառնալիքներ է հնչեցրել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ