Հուլիսի 3-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այցելեց Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու շրջափակում գործող ամառային բակային ճամբար: Սրբազան հայրը շրջեց ըստ տարիքային խմբերի բաժանված ջոկատներում, զրուցեց երեխաների հետ, հետաքրքրվեց, թե ինչ երգեր ու շարականներ են սովորել, ինչպես ու ինչ են անում ճամբարային իրենց առօրյայում:
Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցում ճամբարը մեկնարկել է հուլիսի 1-ին Արարատյան Հայրապետական թեմի ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: Ծրագիրն արդեն երրորդ տարին է իրականացվում: Այս տարի երկու շաբաթ Մարմարաշենի և հարակից գյուղերի շուրջ 150 երեխաների համար հագեցած ու հետաքրքիր առօրյա կապահովվի:
Ճամբարում երեխաները կսովորեն աղոթքներ, շարականներ, կծանոթանան աստվածաշնչային հոգևոր պատմություններին: Կկազմակերպվեն ինտելեկտուալ և սպորտային խաղեր, երգ ու պարի ուսուցում:
Հոգևոր ուղղվածությամբ ամառային բակային ճամբարներ Արարատյան Հայրապետական թեմում գործում են մի շարք համայնքներում: Այս պահին բակային ճամբարներ են գործում Նորագավթի Ս. Գևորգ, Դավթաշենի Ս. Նահատակաց, Ներքին Դվինի Ս. Հարություն և Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների հարակից տարածքներում:
Վերջինիս հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանի և համայնքի «Լուսավորչի կանթեղ» երիտասարդաց միության նախաձեռնությամբ Տ. հոր հովվության յոթ համայնքներում հունիսի 16-21-ը կազմակերպվել էր ամառային բակային ճամբարի առաջին հերթափոխը` դեպի Խոր Վիրապ իրականացված ուխտագնացությամբ: Այս համայնքներից ճամբարներում ընդգրկված էին շուրջ 180 երեխաներ:
Ներքին Դվինի Ս. Հարություն և Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցիների ճամբարները կգործեն մինչև օգոստոսի վերջ: Իսկ հուլիսի վերջին Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանը և համայնքի երիտասարդաց միության անդամները մանկատան սաների համար Շորժայում կկազմակերպեն ավանդական դարձած տասնօրյա ճամբար:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան