Հատված Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ հարցազրույցից:
-Նախօրեին Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, թե Եվրասիական տնտեսական հանձնաժողովն արդեն ՀՀ անդամակցման մասին պայմանագիրն ուղարկել է ներպետական համաձայնեցման, սակայն մեկ օր անց Ղազախստանի ԱԳ նախարարը հայտարարեց` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի համաձայնագիրը կարող է ստորագրվել հոկտեմբերին: Ինչո՞վ եք պայմանավորում Հայաստանի անդամակցման շուրջ առկա այս անորոշությունը եւ նույնքան անհասկանալի ձգձգումը:
-Սկսեմ նրանից, որ, իմ ստացած տեղեկության համաձայն, Հայաստանի կառավարությունը չի կատարել այն բոլոր հաշվարկները, որ պետք է աներ նախապես:
Բերեմ կոնկրետ օրինակ: Բոլորովին տարբեր են Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ Մաքսային միության պայմանները: Ասենք, եթե ԱՀԿ տարիֆները 10 տոկոս են, ապա նույն ապրանքի համար ՄՄ-ում կարող է լինել 20-25 տոկոս: Այսինքն՝ որպես ԱՀԿ անդամ երկիր Հայաստանը պարտավոր է այդ տարբերությունը փոխհատուցել այն երկրին, որտեղից ներկրելու է տվյալ ապրանքը:
Հիմա հարց է առաջանում. այս ամենի մասին մեր կառավարությունը նախօրոք չգիտե՞ր, նո՞ր տեղեկացավ։ Իհարկե` ոչ: Գործընթացի հենց սկզբից այդ ամբողջ հարցերը պետք է հաշվարկված լինեին, որպեսզի պատկերացնեինք, թե ինչ իրավիճակ է լինելու:
Երկրորդ՝ ասվում էր, թե մնացել է ընդամենը 2-3 տեխնիկական հարց, ուրեմն այդ ի՞նչ նոր բան կատարվեց այս ընթացքում, որ օր օրի հետաձգվում է Հայաստանի անդամակցման գործընթացը:
Կարդացեք նաև
-Եթե ասվում է, որ Հայաստանի փաթեթն ամբողջությամբ պատրաստ է, սա նշանակում է, որ տեխնիկական հարցեր այլեւս չկան, կնշանակի՝ պատճառները պետք է փնտրել քաղաքական հարթության մեջ:
-Եթե հարցը դիտարկենք քաղաքական տեսանկյունից, ապա համոզված եմ, որ մեր կողմից այս ամբողջ ընթացքում չի տարվել անհրաժեշտ լոբբիստական աշխատանք Ղազախստանի եւ Բելառուսի իշխանությունների հետ: Այդ թվում՝ Հայաստանի դիվանագիտական կառույցները ժամանակին չեն պարզել, թե ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ ընթացքում: Այսինքն՝ այնքան մեծ է եղել մեր համոզմունքը, թե որեւէ խոչընդոտ չի լինի Հայաստանի համար, որ բացատրական կամ մեկ այլ բնույթի աշխատանք գրեթե չի տարվել այս երկրների հետ:
Ես միայն հիշում եմ, որ մեկ ամիս առաջ Բելառուսի նախագահի հետ հանդիպեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Բայց թե ինչ աշխատանք է կատարել Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը, ինչ հանդիպումներ են եղել Նազարբաեւի հետ, չեմ կարող վերհիշել, որովհետեւ որեւէ պաշտոնական հաղորդագրություն այդ մասին չի տարածվել: Կնշանակի ոչինչ էլ չի արվել:
Մի մոռացեք, որ Հայաստանը չունի քաղաքական այն կշիռը, ինչպիսին ունեն միության երեք հիմնադիր երկրները: Սա նշանակում է, որ եթե մենք պայմաններ ենք մշակում ու ներկայացնում, ապա պետք է հաշվի առնենք նաեւ մեր կարողությունները, հետեւաբար, մեր քայլերը պետք է ճշգրիտ հաշվարկված լինեն:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում