Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական վեկտորը փոխվում է, երբ «Ժառանգությունը» դիտարկվում է քառյակի մեջ. «Իրատես de facto»

Հուլիս 04,2014 12:35

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆԸ

– Քառյակի 12 կետերն ադեկվա՞տ էին այսօրվա քաղաքական օրակարգին։

– Ընդհանրապես ադեկվատ չէին երկրի քաղաքական օրակարգին։ Բացի նրանից, որ չէին արտացոլում ներքին մարտահրավերներն ու ներքին օրակարգը, պարզ դարձավ, որ բաժանող հարցերն ավելի շատ են, քան միավորողները։ Նրանց խոցելիությունն է վկայում իրենց իսկ հայտարարությունը, որ եթե արտաքին քաղաքական խնդիրներ դնեն, իրենք կբաժանվեն, իսկ այսօր ոչ պակաս ծանր են երկրի արտաքին մարտահրավերները։

– Ինչո՞ւ Հայաստանի իշխանական ու ոչիշխանական ուժերը ռուսական դաշտից դուրս որեւէ քաղաքական նպատակ իրենց համար չեն տեսնում։

– Ցավոք, Հայաստանի քաղաքական համակարգում արմատավորված է այն մտայնությունը, որ եթե ուզում ես գալ իշխանության, առանց Ռուսաստանի չես կարող։ 2011-2012-ից ռուսական կողմը չափազանց ինտենսիվ աշխատում էր քաղաքական դաշտի հետ՝ խորհրդարանական, կուսակցական, միջկուսակցական ձեւաչափերում։ Այդ շրջանում ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն գործընկերային լուրջ կապեր հաստատեցին «Միասնական Ռուսաստանի» հետ։ 2012-ին ձեւավորված խորհրդարանում նկատելի է ռուսական տարրի, ռուսական կողմնորոշման ավելացումը բոլոր խմբակցություններում։ Եթե համեմատեք նախորդ գումարման ԱԺ-ի հետ, որն ինտելեկտով այնքան էլ չէր փայլում, որակով ավելի առաջ էր՝ չափազանց լուրջ դերակատարություն ստանձնելով Հայաստանի եվրաինտեգրման հարցում։ Հիմա միանգամայն հակառակն է՝ ԱԺ-ն մխրճվել է Հայաստանը դեպի ՄՄ տանող գործընթացներում, այդ թվում՝ ընդդիմությունը։ Պատճառները
տարբեր են։

Նախկինում ես շատ հետաքրքրված էի Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքով։ Ժամանակի հետ, Վիկիլիքսի հրապարակումներից հետո հատկապես պարզ դարձավ, որ Տեր-Պետրոսյանն ավելի շատ ռուսական դաշտում է, քան ընկալվում է։ ԲՀԿ-ի դեպքում տնտեսական կապերն են դեր խաղում եւ Ռոբերտ Քոչարյանի անձը, ով նույնպես կապված է ռուսական դաշտին։ ՀՅԴ-ի պարագան մի քիչ ավելի բարդ է, որովհետեւ կուսակցությունը բարդ կառուցվածք ունի, ազդեցության դաշտերն ավելի մեծաքանակ են, բայց նրանք էլ հիմնական խնդիրներում Քոչարյանի պլատֆորմին համահունչ են տեսնում իրավիճակը։ «Ժառանգությունը», ֆորմալ առումով, հայտարարություններով դիրքավորվում է որպես Արեւմուտքի հետ հարաբերություններում շահագրգիռ քաղաքական ուժ, բայց քաղաքական վեկտորը փոխվում է, երբ «Ժառանգությունը» դիտարկվում է քառյակի մեջ։ Արդյունքում ստացվում է միջանկյալ վեկտոր՝ ո՛չ այստեղ, ո՛չ այնտեղ։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031