Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրի կե՞տն է իրագործում

Հուլիս 04,2014 11:51

«Սահմանադրական փոփոխությունների պահանջարկ հասարակությունում չկա»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ. հանրաքվեի ինստիտուտի ընդլայնում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Իրավունքի գերակայություն» հ/կ համահիմնադիր Արտակ Զեյնալյանը:

Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը ընդառաջ, Արտակ Զեյնալյանը նկատեց. «Սահմանադրության օրը տոնական ընկալում չէ, քանի որ Սահմանադրությունը կարծես որևէ անգամ իրականում չի ընդունվել: Դա առաջին հերթին հասարակական համաձայնության ակտ է, ինչը ՀՀ-ում որևէ անգամ տեղի չի ունեցել»:
Արտակ Զեյնալյանն այս առումով նշեց. «Սահմանադրական փոփոխությունները, որ իրականացվեն, պիտի լինի հասարակական պահանջարկ և ընտրական ինստիտուտների նկատմամբ վստահություն: Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ ամրագրված է, որ չկա այդ վստահությունը: Ես կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունների կարիք կա, բայց դրա պահանջարկը չկա: Անկախ նրանից՝ ես ինչ եմ մտածում՝ որպես մասնագետ, դա պետք է բխի ժողովրդի պահանջից»:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը կրկին հայտարարեց «Ժառանգության» դիրքորոշումը՝ սահմանադրական բարեփոխումներն իրենց համար անընդունելի են և անիմաստ են համարում մասնակցությանը այդ գործընթացներին: Այնուհետև հիշեցրեց իշխող կուսակցության նախընտրական ծրագիրը ու նկատեց. «Եթե հավատանք, որ ընտրությունները անցել են ազնիվ ու արդար, ապա ժողովուրդը իշխող կուսակցությանը իրենց ծրագրի՝ այդ տեսլականի համար է իր քվեն տվել: Իսկ նախընտրական ծրագրում նման կետ չկա: Եթե դու քո նախընտրական ծրագրում չես գրել այդ խնդիրը, ապա ինչո՞ւ ես հիմա այդ խնդրով զբաղվում, զբաղվիր այն խնդիրներով, որոնց համար ձեզ ձայն է տվել ժողովուրդը»:

Aravot.am-ը Թևան Պողոսյանին փոխանցեց, որ իշխանական դաշտից էլ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագիրն են հիշատակում՝ նշելով, թե այնտեղ խորհրդարանական կառավարման համակարգին անցման կետ կա, և Րաֆֆի Հովհաննիսյանին կես միլիոն մարդ է ձայն տվել, մի՞թե դա հասարակական պահանջի արտահայտություն չէ: Պարոն Պողոսյանը պատասխանեց. «Ուրախ եմ, որ իշխող կուսակցությունում կարդում են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագիը, եթե իրենք դրա՞ հիման վրա են որոշել սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, ապա նշեմ, որ այդ ծրագրում շատ ավելի լավ կետեր կային՝ կոռուպցիայի դեմ պայքար և այլն: Բայց եթե համարում են՝ հաղթել են, ապա նախ պիտի իրականացնեին իրենց ծրագրում ամրագրված իրենց տեսլականը: Խորհրդարանական կառավարման համակարգը գուցե ավելի լավ համակարգ է, քան այսօրվանը, բայց, այնուամենայնիվ, դա ժողովուրդը պիտի որոշի»:

Հարցին՝ արդյոք Սահմանադրական փոփոխությունները կատարվում են Մաքսային միությանը անդամակցելու համատեքստո՞ւմ, պարոն Զեյնալյանը նշեց. «Չգիտեմ՝ սա կապված էր Մաքսային միության հետ, թե՝ ոչ: Բայց անկախ ինչ մտադրվածություն ունեն, այդ փոփոխությունների նկատմամբ կա անվստահություն, կասկած: Հայտնի անեկդոտներ կան՝ տեսնես որտե՞ղ են մեզ խաբում»:

Թևան Պողոսյանը նույն հարցի մասին ասաց հետևյալը. «Ասել՝ սա Մաքսային միության համար է, թե՝ ոչ, դժվար է: Այդ տրամաբանությամբ նույնը կարելի էր ասել թե Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության պարագայում: Մենք պետք է ընտրենք՝ արդյոք մենք պատրա՞ստ ենք այս սցենարով զարգանալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031