Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահության խորը ճգնաժամ

Հուլիս 04,2014 10:37

Քաղաքական գործիչ լինելը բարդ գործ է: Եթե նրանք Երեւանում նստած խոսում են մեր սահմանամերձ շրջանների գնդակոծության մասին, նրանց մասին կարող են ասել՝ ահա, նստած են իրենց տաքուկ անկյուններում եւ մեծ-մեծ խոսում են սահմանին ապրող մեր հայրենակիցների մասին: Երբ հիմա, իրար հերթ չտալով եւ նույնիսկ ինչ-որ չափով իրար հետ մրցելով, գնում են սահման, կարող են ասել՝ ահա, գնացել նկարվում են, ձեւեր են թափում՝ իբր իրենց հետաքրքիր է ժողովրդի վիճակը: Եվ ամենակարեւորն այն է, որ երկու դատողությունների մեջ էլ որոշակի ռացիոնալ հատիկ կա: Էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելուց հետո շատերն ասացին, որ պետք է գոնե փոխհատուցել այն մարդկանց, ում համար ամսական 1000 դրամը լուրջ գումար է:

Բայց երբ կառավարությունը երեկ որոշեց անապահովներին տալ այդ գումարը, շատերն ասացին՝ այս ո՞ւմ են ձեռ առնում, ի՞նչ հազար դրամ: Չնայած կարծում եմ, որ տվյալ դեպքում խնդիրը ոչ թե ցածր կամ բարձր, այլ ճիշտ, արդար սակագինն է, որն արտացոլում է տվյալ ապրանքի արժեքը, եւ որի դիմաց մենք՝ քաղաքացիներս, իրավունք կունենանք պահանջել որակյալ ծառայություն: Թե չէ՝ հիմա ոչ ոք, այդ թվում նաեւ հանրապետական պատգամավորները, վստահ չեն, որ էլեկտրաէներգիայի կիլովատտն իսկապես արժե 42 դրա: Անվստահություն՝ ահա այն բառը, որը բնութագրում է մեր վիճակը: Մենք չենք վստահում մեր պատգամավորներին, որոնք գնում են կամ չեն գնում սահմանամերձ գյուղեր, չենք վստահում կառավարությանը՝ անկախ նրանից՝ այն փոխհատուցում է, թե չի փոխհատուցում: Մենք, բնականաբար, չենք վստահում նաեւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ կասկածելով, որ սակագին նշանակելիս այն առաջնորդվում է ոչ թե տնտեսական, այլ բոլորովին այլ հաշվարկներով: Մենք վստահ չենք, որ Աֆրիկյանների տան ապամոնտաժված եւ համարակալած քարերը նորից որեւէ տեղ կմոնտաժվեին: Եվ այդ անվստահության համար հիմքեր ունենք, քանի որ 2000-ականներից սկսած՝ ապամոնտաժվել եւ համարակալվել է այդպիսի մոտ երեք տասնյակ շենք, եւ այդ համարակալած քարերի ճակատագիրն անհայտ է: Իհարկե, 74 թվականից հետո ծնվածներն էլ չեն հավատում, որ իրենցից հիմա փող են հավաքում, որ նրանք 45 տարի հետո լավ ապրեն: Կարդացեք այս տողերը եւ մի պահ մտածեք՝ իսկ կա՞ քաղաքական կամ ոչ քաղաքական գործիչ, որին դուք հավատում եք, եւ նրա խոսքը կամ գործը ձեր մեջ կասկածներ չի առաջացնի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    Իմ մեջ կասկած չի առաջացնում միայն Ժիրայր Սեֆիլյանի խոսքը (բայց ոչ իր ներկայիս թիմի):

  2. Զավեն says:

    Իհարկե կան:Ես չեմ հասկանում միթե հեղինակը երբեք անկեղծ,կամ անշահախնդիր մարդ չի տեսել:? Ես կարծում եմ,որ նման քաղաքական գործիչներ նույնպես կան,սակայն չեմ կարող նրանց անունները տալ:Տարբեր մարդիկ կան ,կան գցողներ կան պարկեշտ մարդիկ,կան խաբեբաներ,մարդասպաններ,կան ազնիվ և կյանք փրկողներ,կան փալասներ,դավաճաններ,պնակալեզներ կան խրոխտ,արդար,իմասուն անձնավորություններ:Կան ստրուկներ,կան խելացի դիվանագետներ,որոնք երկրի համբավը բարձր կպահեն:Պարոն Աբրահամյանը ուզում է մի քաղաքական մոդել հնարի,որտեղ կարևոր չեն լինի մարդու ոչ մասնագիտական հատկանիշները:Ես չեմ պատկերացնում դա և նույնիսկ չեմ ուզում,որ նման բան տեղի ունենա:Պարզապես արդար ընտրություններ են պետք` առանց կաշառքի և այլ ստոր միջոցների կիրառմամբ:Արդյունքը կլինի այն,որ բացասական բառերով նշածս մարդկանց թիվը,զգալիորեն կնվազի իշխանության օղակներում,իսկ ով էլ որ մնա,ջանասիրաբար կթակցնի իր այդ բացասական գծերի առկայությունը:

    • Hakob says:

      այդ մոդելը ոչ թե պարոն Աբրահամյանն է ուզում հնարել, այլ հնարել են վաղուց զավթիչներչը ու հիամ լավագույնս կիրառում են անգլո-սաքսերը:
      անվստահւթյուն բոլորը բոլորի հանդեպ: դա բավարար պայման է, որ որպեսի քարուքանդ անես երկիրը ու կողոպտես ինչքան որ կարող ես:
      Կեցցե Անգլիայի Թագուհին
      🙂

      • Զավեն says:

        Ֆուտբոլը անգկիական խաղ է,որի արդար ընթացքը կախված է միայն մրցավարի պրոֆեսիոնալիզմից և ազնվությունից:Միլիոնավոր երկրպագուներ ուզեն թե չուզեն ստիպված են վստահել մրցավարին:Եթե մրցավարը լինի կոռումպացված,նա կարող է և իրավունք ունի 11 կարմիր քարտ պարգևել հակառակորդ թիմին:Բայց նման դեպքեր տեղի չեն ունենում:Ինչու???Որովհետև նման արարքները խաղից հետո կբեկանվեն ավելի բարձր ատյանով:Այսինքն ամենաբարձր ատյանը պետք է ունենա ազնիվ,անաճառ մարդու հատկանիշներ:Եթե ամբողջ շղթան լինի կոռումպացված,ապա 11 կարմիր քարտը ոչ մի վերին ատյան չի բեկանի,խաղր խաղի վրա մրցավարներն ինչ ուզենան կանեն: Ի վերջո ֆուտբոլը կկորցնի իր հետաքրքությունը և կվերանա:Այսպիսով,պետությունը նույնպես կարող է կորցնել հետաքրքրությունը ժողովրդի մոտ,եթե մարդիկ համոզվեն,որ ամբողջ պետական շղթան կոռումպացված է և պետությունը,ոչ թե իշխանությունը,այլ պետությունը`կվերանա:Եվ,իրոք,մենք այսօր տեսնում ենք թե ինչպես է վերանում մեր պետությունը,ինչպես են մեր իշխանավորները տաքուկ տեղ որոնում հզոր պետությունների ձեռքի տակ,որովհետև գիտակցում են,որ սովորական մարդիկ,որոնք հիմքն են ամուր պետության,չունեն հետաքրքրություն դեպի Հայաստան պետություն:

  3. Avag says:

    Հոդվածի հետ լրիվ համաձայն եմ միայն հարկ էր նաև նշել,որ այդ վիճակը առաջել է Հայաստանում այսպես կոչված անկախության օրվանից,երբ կանոնավոր ր օրինական իշխանությանը ԽՍՀՄ ողջ տարածքով մեկ փոխարինեցին փողոցի առաջնորդները և բնական է,որ մայթերի բնակիչներին և նրանց փոխարինողներին ոչ ոք չի վստահի։Իսկ ինչ վերաբերվում է սահմաններին, ապա այդ համեմատական խաղաղ վիճակն էլ միմիայն Ռուսաստանի շնոհիվ է,իրոք իսկական ավագ եղբոր պահվածք,երբ կրտսեր եղբորը ներում է անգամ դավաճանությունից և ապերախտությունից հետո։

  4. Կարեն says:

    Իմ կարծիքով ստեղծված պայմաներում ազնիվ մարդը պարզապես չի կարող մտնել մեծ քաղաքականություն: Նրան կոչնչացնեն: Դրա համար էլ քաղաքական գործիչները անկախ կուսպատկանելիությունից չեն վաելում ժողովրդի հարգանքը:

  5. Լավատես says:

    Եթե նույնիսկ ունենանք լավագույն կառավարություն, մեր խնդիրները դրանով չեն ավարտվի, կլինեն հարեւան երկրների ու գերտերությունների անորակ կառավարություններ:Այնպես որ, խնդիրը նույնն է՝ ինչպե՞ս փոխարինել անորակ կառավարությունը որակյալով: Մտածել է պետք:

  6. Աբո says:

    Վստահությունը՝ բոլոր պարագաներում դժվարությամբ է ձեռք բերվում,իսկ կորցնել կարելի է հեշտությամբ:90-ականներին ժողովուրդը վստահում եր ղեկավարությանը,իսկ հինա ոչ մեկին չի վստահում,ով է՞ մեղավոր:Որպիսի ձեռք բերլ վստահություն,հարկավոր է,ոչ թե խոսքով,այլ գործերով դա ապացուցել:
    Միգուցե մենք չէնք սիրում վստահել,վորովհետև «գողականով» վստահել չի թույլատրվում 🙂

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031