Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆԻ ԳԵՏՆԻՆ

Հուլիս 04,2014 10:30

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ վեցերորդ

ԵՐԵՎԱՆԻ ԳԵՏՆԻՆ

Չնայած տիկին Մարոն պարզ, հասարակ ու չափազանց մարդկային էր, այդուհանդերձ, սովորական կին չէր, եւ իր սովորական չլինելն էնքան իրենից չէր զգացվում, ինչքան՝ իր դստեր հպարտ կեցվածքից եւ ռուսերեն ու հայերեն հատուկենտ արտահայտություններից, եւ տիկին Մարոյի ոչ սովորական կին լինելը նաեւ իր պատմածների բովանդակությունից էր զգացվում, ավելի ճշգրիտ՝ իր պատմած պատմությունների գործող անձերից, որոնք, որպես կանոն, չափազանց նշանավոր մարդիկ էին եւ շատ էին սիրում տիկին Մարոյի պատրաստած զարմանազան ճաշատեսակներն ու խորտիկները, եւ տիկին Մարոյի էդ հրաշապատում պատմություններից իմանում էինք, որ իր պատրաստած ամեն ինչն ամենից շատ մարշալ Բաղրամյանն էր սիրում, իսկ Տիգրան Պետրոսյանը, Անաստաս Միկոյանն ու Արամ Խաչատրյանն ամենից շատ տիկին Մարոյի պատրաստած տոլման են սիրել՝ թե՛ խաղողի թփով եւ թե՛, ուրեմն, կաղամբով, իսկ Վիկտոր Համբարձումյանն ու Վարդան Աճեմյանն էլ տիկին Մարոյի պատրաստած բորշչի համար ուղղակի գժվելիս են եղել, եւ ընթրիքից հետո, երբ տիկին Մարոն սկսում էր իր էդ հրաշապատումները մեզ հրամցնել, տիկին Ժաննան թարս նայում մորն ու ասում էր՝ «էլի սկսեցի՞ր, մամ» ու էդ ասելով՝ տեղից կտրուկ վեր կենում ու գնում էր, եւ երբ ինքնաթիռով վերադառնում էինք Երեւան, օդում էլ էին տիկին Մարոյի էդ համովհոտով հեքիաթները շարունակվում, եւ նույնիսկ ինքնաթիռի աստիճաններով իջնելիս՝ տիկին Մարոն էլի ինչ-որ արտառոց բան հիշեց, եւ էդ պահին, հիշում եմ, տիկին Մարոյի պայուսակը ձեռքիս էր, եւ քանի որ էդ պայուսակի մեջ ինչ-որ ապակեղեն էր, բագաժ չէին հանձնել, եւ, հիշում եմ, պայուսակը բավական ծանր էր, ու նաեւ հիշում եմ, որ տիկին Ժաննան ինքնաթիռից իջնելիս մորն ասաց՝ «էս շուշեղենից Երեւանում չկա՞ր, որ հետներս քարշ տվինք», եւ, հիշում եմ, տիկին Մարոն աղջկան ասաց՝ «որ օտար երկրներից մարդկանց նվեր ես բերում, մարդիկ իրանց լավ են զգում, բալես», եւ երբ աստիճաններով իջանք ու արդեն Երեւանի գետնին էինք, երեք երիտասարդներ մոտեցան, նախ տիկին Մարոյի հետ գրկախառնվեցին, այնուհետեւ՝ տիկին Ժաննայի, եւ տիկին Մարոն երիտասարդներից երկուսին ներկայացնելով ասաց՝ «ծանոթացի, Արմեն ջան, տղերքս են», եւ ես ձեռքս մեկնելով ասացի՝ «շատ ուրախ եմ», եւ տիկին Մարոն ձեռքիս պայուսակը ցույց տալով՝ բարձրահասակին ասաց՝ «էս պայուսակը մերն ա, բալես», եւ բարձրահասակը պայուսակը ձեռքիցս վերցնելով ասաց՝ «շնորհակալություն, որ մերոնց օգնել եք», եւ տիկին Մարոն բարձրահասակին ասաց՝ «Արմենի ու Մարինեի հետ մի ամիս հարազատի պես ենք էղել», եւ ես ժպտալով ասացի՝ «քսանչորս օր», եւ տիկին Մարոն ինձ ասաց՝ «քսանչորս օրը քիչ ա՞, այ բալա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «առանց ձեզ էդ քսանչորս օրն ինձ շատ մենակ էի զգալու» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հենց հասնենք տուն, Ժորիկին կզանգեմ, կասեմ», եւ տիկին Ժաննան մեզ սիրալիր ժպտալով ասաց՝ «դուք որ չլինեիք, մեզ շատ մենակ էինք զգալու» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ՝ մաման», եւ տիկին Մարոյի տղաների հետ երրորդ տղա էլ կար, որն անմիջապես բարձրահասակի ձեռքից պայուսակը վերցրեց. ըստ երեւույթին վարորդն էր, որն ինձ ասաց՝ «մենք էրկու ավտոյով ենք. կարանք ձեզ տանենք», եւ ես ասացի՝ «մերսի, մեզ դիմավորելու են», եւ երբ մեզ հրաժեշտ տալով՝ իրենք շարժվեցին դեպի հին օդանավակայանի շենքը, որտեղից կարեւոր նշանակության ուղեւորներին էին ընդունում ու ճանապարհում, ես վերջնականապես հասկացա, որ, ի դեմս տիկին Մարոյի ու իր դստեր, Յուրմալայում քսանչորս օր շարունակ շատ կարեւոր մարդկանց հետ ենք շփվել ու մոտիկություն արել, եւ էդ պահին մեկը հետեւից ուսիս թփթփացրեց, եւ շրջվեցի ու տեսա՝ Արիսն էր Հախվերդյան Հովիկի հետ, եւ Արիսը ժպտալով մեզ հարցրեց՝ «էս մեղրամիսի էի՞ք», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Արիսը հարցրեց՝ «Ռիգա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Յուրմալա», եւ Արիսը կնոջս ներկայացնելով՝ Հովիկին ասաց՝ «ծանոթացի. Մարինեն Արմենի կինն ա», եւ Հովիկը կնոջս հետ ծանոթանալով՝ թարս նայեց ինձ ու ասաց՝ «էդ մենակ-մենակ հարսանիք եք անում, հա՞» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով կնոջս ասաց՝ «ամեն դեպքում՝ մի բարձի ծերանաք», եւ ես մեղավոր ժպտալով Հովիկին ասացի՝ «շատ փոքր հարսանիք ենք արել. մենակ ամենամոտիկ բարեկամներս են էղել», եւ Հովիկը թարս նայեց ինձ ու հարցրեց՝ «էդ երբվանի՞ց են Արիսն ու Գագոն ամենամոտիկ բարեկամներդ դառել», եւ ես արդարանալով Հովիկին ասացի՝ «Գագոն քավորն էր», եւ Հովիկը թարս նայեց ինձ ու հարցրեց՝ «կարող ա՞ Արիսն էլ էր քավոր», եւ Արիսը ժպտալով Հովիկին ասաց՝ «ես էլ քավորի ամենամոտիկ ընկերն էի», եւ Հովիկը թարս նայեց ինձ ու ասաց՝ «հիմի ժամանակ չունենք. ես քո հետ հետո կխոսամ» եւ կնոջս նայելով ավելացրեց՝ «ամեն դեպքում՝ մի բարձի ծերանաք», եւ Արիսը Հովիկին ասաց՝ «աստիճանները դրեցին. հես ա կիջնի», եւ ես Արիսին հարցրի՝ «ո՞վ պիտի իջնի», եւ Արիսը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Սմոկտունովսկին», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ Սմոկտունովսկի», եւ Արիսը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Ինոկենտի», եւ Հովիկը քմծիծաղով ավելացրեց՝ «Ինոկենտի Միխայլովիչ», եւ էդ պահին արդեն Մոսկվայից վայրէջք կատարած ինքնաթիռի ուղեւորներն աստիճաններով իջնում էին, ու ես Արիսին զարմացած հարցրի՝ «Սմոկտունովսկու հետ ի՞նչ կապ ունեք», եւ Արիսը ժպտալով ինձ ասաց՝ «քեզ թվում ա՝ մենակ դո՞ւ նշանավոր մարդկանց հետ կապ ունես», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ նշանավոր մարդ», եւ Արիսը ժպտալով ինձ հարցրեց՝ «կարող ա՞ տիկին Մարոն աննշան մարդ ա», եւ ես Արիսին զարմացած հարցրի՝ «տիկին Մարոյին ճանաչում ե՞ս», եւ Արիսը պատասխանեց ու ասաց՝ «տիկին Մարոյին ամբողջ աշխարհն ա ճանաչում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Ժաննային էլ», եւ Հովիկն ասաց՝ «տիկին Մարոն ընենց մարդու կնիկ չի, որ չճանաչենք», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ւմ կնիկն ա», եւ Արիսը ժպտալով ինձ ասաց՝ «իբր չգիտես», եւ Հովիկն Արիսին ասաց՝ «էս Արմենն արդեն մեզ լրիվ ա ձեռ առնում»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031