Լրահոս
Օրվա լրահոսը

Վաստակավոր նկարիչը Թերլեմեզյանից դուրս գալու դիմում է գրել

Հուլիս 04,2014 13:45

Քոլեջի տնօրենը վստահեցնում է, որ վրեժխնդրության հարց չկա

ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը (լուսանկարում) ազատվել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում աշխատանքից: Նկարիչը 16 տարի աշխատել է այդ կրթօջախում, ասում է՝ միայն գովեստներ է լսել իր աշխատանքի ու սաների մասին, բայց հիմա հեռանում է հիասթափված:

«Առավոտը» նրանից հարցրեց պատճառների մասին: «Ես մի դիպլոմային կուրս ունեի ու մի երրորդ՝ գունանկարի կուրս: Ամեն անգամ տիկին Աննան գալիս շնորհակալություն էր հայտնում վերջինիս համար, որ հրաշալի է, լավ եմ աշխատել: Ինչ վերաբերում է հինգերորդ կուրսին, այն պետք է ավարտեցնեի: Բնական է, որ ամեն տարի ոչ բոլոր ուսանողների առաջադիմությունը պետք է շատ բարձր լինի… Երեխեքից մեկը շնորհալի է, մյուսը՝ մի քիչ պակաս շնորհալի, որովհետեւ դա արվեստ է, մաթեմատիկա չէ, մեկը տաղանդ ունի, մյուսը՝ ոչ: Ես մտածում էի, որ արդեն 73 տարեկան եմ, դիպլոմային կուրսը ավարտեցնեմ, եթե կհամաձայնեն՝ երրորդ կուրսն էլ կավարտեցնեմ ու կգնամ: Բայց, ինչպես ասում են՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Դժբախտություն էր պատահել, քրոջս տղան էր մահացել այն օրերին, որ դիպլոմի պաշտպանությունը պետք է լիներ… Տեղեկացրի տնօրենին, որ գնալու եմ, երեխաները խոստացել են ինքնուրույն աշխատել: Ցավոք, խոստացել ու չէին կատարել աշխատանքները: Վերադարձա ու տնօրեն Աննա Մնացականյանն ասաց, որ ես «պռավալ» եմ տվել»,- պատմեց մեր զրուցակիցը:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք կա՞ր լարվածություն եւ պատճառն ա՞յն էր, որ ժամանակին ինքը որպես կրթօջախի տնօրենի այլ թեկնածուի է տեսել:

«Դա էլ կա… Չնայած ես դեմ չեմ եղել իրեն, ուղղակի չգիտեի, որ ինքն էլ է ցանկանում տնօրեն դառնալ, ես ուզում էի, որ մեր ուսանողը դառնա, որը շատ լավ տղա էր, իր համար էի բարեխոսում… Չեմ ուզում շատ խորանալ, իմ հիասթափությունը նրա համար էր, որ փոխանակ շնորհակալություն հայտնեն, հիմա ես նվաստացած գնում եմ: Իրեն հարցրի՝ ի՞նչ անեմ, դիմում գրե՞մ, ասաց՝ դա ձեր ազատ կամքն է… Հարցրի՝ կարո՞ղ եմ 3-րդ Ա գունանկարի կուրսը շարունակել, պատասխանեց՝ ոչ, եթե նա «պռավալ» եք տվել, այլեւս չեմ կարող վստահել, որ սա էլ «պռավալ» չեք տա: Ես էլ դիմում գրեցի՝ ինձ ազատել աշխատանքից սույն թվի հուլիսի 1-ից»,- հավելեց մեր զրուցակիցը:

Խնդրի առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանից:

«Վլադիմիր Աբրահամյանն այս տարի ուներ դիպլոմային կուրս: Վերջինիս հետ երկար չաշխատելուց հետո փաստի առաջ կանգնեցինք, որ կարող ենք ունենալ դիպլոմայինի վատ արդյունքներ, չնայած այնտեղ կային շատ շնորհալի երեխաներ: Ես պարոն Աբրահամյանին պարզապես նկատողություն եմ արել, որ պատրաստ չի դիպլոմի պաշտպանությանը: Ի պատասխան դրա՝ ինքը դիմում գրեց»,-պարզաբանեց տնօրենը: Նա տրամաբանական չհամարեց բազմամյա աշխատակցի հանդեպ վրեժխնդիր լինելու վարկածը:
«Իմ նշանակումից հետո աշխատակազմի մեծ մասը՝ 85 տոկոսը, պահպանվել է, ստեղծագործական կորիզը պահպանվել է, աշխատանքից ազատվել են մարդիկ, որոնք ունեցել են անձնական խնդիրներ: Մասնագիտական առարկաների դասախոսական կազմից ոչ ոք չի լքել քոլեջը»,-վստահեցրեց տիկին Մնացականյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031