Մարտակերտ-Ստեփանակերտ. օր երկրորդ
«…Անցյալ տարի ամռանը ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը անցան հակահարձակման եւ ընդհուպ մոտեցան Մարտակերտին: Չնայած Քելբաջարից անվերջ ռմբակոծություններին ու հրթիռակոծություններին՝ հայ բնակչությունը վերադառնում էր հարազատ օջախները: Ամռանը ադրբեջանցիները դեռ չէին մտել Չլդրան ու Վանք, բայց Հաթերք ու Կիչան մտան… Այսօր շրջանի բազմաթիվ գյուղեր ավերված են…». 1993թ. ապրիլ: Քարվաճառ-Քելբաջարի լեռներն ու ձորերը ֆանտաստիկ գեղեցկություն ունեն, «Չէ, էս դրախտավայրը չի կարելի թուրքին տալ»,- խրոխտ ձայնով ասում է հայրս: Մոնթեի խոսքերը հիշեցի. «Թուրքը ո՞նց է էս գեղեցկությունը թողել»: Անուղղելի լավատես եմ, 20 տարի անց նույնն եմ պնդում՝ հայոց աշխարհի մաս կազմող այս չքնաղ հատվածը մենք նրանց չենք տալու: Թարթառ գետի ափին պատերազմի վկայությունը մեր Աննան նկատեց՝ խփված զրահամեքենա էր՝ մերը, նրանցը, հիմա դժվար է ասել: Պատերազմի դրոշմը Մարտակերտի շրջանի գյուղերի վրա դեռ մնում է, բայց խաղաղ կյանքի վկայություններն էլ են նկատելի՝ ցորենի դեղնած դաշտեր (չնայած անբարենպաստ եղանակի հարվածներին), այգիներ, նորակառույց տներ՝ շքեղ ու պարզ, առեւտրի կենտրոններ (Ղարաբաղում եւս կան «Market- Supermarket»), դպրոցներ, հյուրանոցներ):
Մարտակերտից Ստեփանակերտ ներքին ճանապարհը գյուղերով է անցնում՝ Դրմբոն, Չլդրան, Խաչեն, Կիչան, Քոլատակ: Լեռների ծոցում ծվարած Ղարաբաղի «զմրուխտը»՝ Սարսանգի ջրամբարը, հեռվից էլ է գեղեցիկ: 1992-ին այստեղ ծանր մարտեր են մղվել, բարեբախտաբար՝ մեր հաղթական ելքով: «Չէ, Բալասան,- կնոջն է դիմում Համբարձումը,- մեծ, շատ մեծ գործ է արվում, դու էս շենքերը, էս ճանապարհը տես»: 20 խաղաղ տարիների ընթացքում «համայն հայության ուժերով» երեւի թե ավելին կարելի էր անել, բայց արվածն էլ տեսանելի է, եթե, իհարկե, տեսնելու ցանկություն ունես: Երախտապարտ ղարաբաղցիները ճանապարհի պաստառների միջոցով իրենց շնորհակալությունն են հայտնում հայտնի եւ ոչ այնքան հայտնի բարերարներին: Լեւոն Հայրապետյանին, որի շնորհիվ Վանք գյուղը զբոսաշրջիկների սիրված վայրն է դարձել, շատերը գիտեն, բայց Կրասնոդարի հայտնի գործարար Վլադիմիր Ավագյանի անունը նոր են իմանում: Նրա եւ մեկ այլ «տակռավ ճարտարեցի» բարերարի շնորհիվ է Մարտունու շրջանի Ճարտար գյուղում վերանորոգված եւ վերազինված հիվանդանոց վերջերս բացվել, բարերարները այլ ծրագրեր եւս ունեն «պատմական հայրենիքում»: Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները «տեղում» բարեգործությունը նախընտրում են «համահայկական» կոչվածից եւ ջանում են ամենքը իրենց նախնիների գյուղերին օգնել: Գյուղական, համայնքային կյանքը Ղարաբաղում թեեւ դժվար է ծաղկուն անվանել, բայց գյուղերի փոխակերպումն ակնհայտ է եւ համեմատության եզր չունի տարիներ առաջ, էլ չասեմ՝ պատերազմական ժամանակի գյուղերի հետ: Ղարաբաղում ամենակարեւորը, ըստ ամերիկահայ բարեկամիս, ռազմական կառույցներն են, ընդարձակ տարածություն ընկալվող լեռնաշխարհը եւ ժողովրդի հարատեւելու համառ կամքը: Մարտունեցիների համառությունը էլ ավելի զորացավ շնորհիվ Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանի ռազմական ու մարդկային բացառիկ դրսեւորումների: «…Ավոն ուշանում էր, որոշեցի ես էլ Գիշի գնալ: Փառք Աստծո, հասցրի նրան տեսնել… Դպրոցի բակում Գիշիի երեխաները Մոնթեին շուրջն էին առել ու նրան նվիրված երգն էին երգում. Մեր Ավո ջան, Ավո ջան,Ղարաբաղի պահապան»: Հուզվել էր Մարտունու զորավարը: Երեխաներից մեկին ուսին էր դրել ու այդպես նկարվել: Գյուղի ժողովուրդը՝ կին, տղամարդ, ծեր ու մանուկ, շփոթված ու երջանիկ՝ չէին ուզում նրանից բաժանվել, հարցեր էին տալիս, կատակում: Ինչ իմանային, որ վերջին անգամն են Ավոյին տեսնում». 1994թ. մայիս:
Լեռների ոլորապտույտ բարեկարգ ճանապարհներով հասնում ենք Կարմիր Շուկա, գրեթե մտնում Ստեփանակերտ, շրջվում ու Նինգիի ճանապարհով շարունակում ենք մեր երթը: Քելբաջարի բարձունքները կտրած մեր «Լենդ Ռովերը» մի պահ դարձյալ կանգ է առնում, բայց Համբարձումի համառ ջանքերով այդուհանդերձ հասնում Գիշի: Պապենական մեր տունը գյուղի ամենավերին հատվածում է, քարքարոտ ճամփան ոտքով կտրելով հասնում ենք լայն բացված դարպասին, թթենու հսկա ծառին ու դրա տակ մեզ սպասող սեղաններին՝ Հայաստանից էլի հյուրեր կային Աբրահամ պապիս տանը: Գիշին հազարից ավելի բնակչություն ունեցող գյուղ է՝ բլուրներին ու լանջերին ընդարձակ փռված:
Ադրբեջանցիներն այստեղ չմտան, բայց գյուղի 32 տղաներ հանուն Գիշիի, Ղարաբաղի եւ մեր խաղաղ կյանքի իրենց երիտասարդ կյանքը դրեցին. նրանց թվում՝ Վարդան հորեղբորս միակ արու զավակը՝ Երջանիկը: Առավոտյան գնում ենք «հանգիստը»՝ Երջոյի՝ Վարդան հորեղբորս եւ մեր նախնիների շիրիմները խնկարկելու: Գիշին սրբավայր ունի՝ Ոսկե խաչ անունով: Հսկայական ծառերի ստվերում աղբյուր կա ու հին տապանաքարեր՝ մեկի վրա գրություն՝ Բարխուդարյան Բարխուդար 1836: Գյուղն ապրում է հայկական բոլոր գյուղերին բնորոշ առօրյայով՝ ապրուստը՝ դժվար, հոգսերը՝ շատ, երիտասարդության ձգտումը դեպի «մեծ աշխարհ»՝ էլ ավելի շատ: Բայց ապրում են, ամուսնանում, զավակներ լույս աշխարհ բերում: Գիշին նորակառույց դպրոց ունի 120 աշակերտով, շուտով ունենալու է իր առաջին եկեղեցին: Գիշիի բարերարներից մեկը պապենական տնից ձգվող ճանապարհի մի հատված բարեկարգել էր. «Գյուղում վաղուց ապրում չըն, բայց մեծերի մասին մտածում ա թոռը, սաղ ինի նա»,- հպարտանում էին դրկից հարեւանները: Երեւանում իմացա բարերարի անունը՝ Ալեքսան (Ալիկ) Հարությունյան: «Պատմական հայրենիքիս» օդն ու ջուրը մի գիշեր ու մի առավոտ վայելելուց հետո հայոց դպրության կենտրոն՝ Ամարաս գնացինք. Վանքի առաջին կառույցները 4-րդ դարով են վկայագրված, այստեղ է Հովհաննես Մկրտչի թոռան, սուրբ Գրիգորիսի աճյունը, որը նահատակվեց հանուն քրիստոնեության տարածման: Ամարասում 1995-ի գարնանը Գարեգին Առաջին Վեհափառի հովվապետական այցի ժամանակ պատարագ մատուցվեց, որին ես՝ նվաստս, ներկա էի:
ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.07.2014