Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչի՞նչ, որ բարաթը գոյություն ունի

Հուլիս 04,2014 14:15

Արեւմտյան Հայաստան կատարած այցելությունից հետո Գոհար Արշակյանը ստացել է մի ծրար՝  վարչական դատարանից: Ծանուցագիր էր, որով նա հրավիրվում էր դատարան:
Ստորեւ ներկայացնում ենք «Առավոտին» ուղարկած հրապարակումը:

Արեւմտյան Հայաստան կատարած այցելության հոգնածությունս չթոթափած, տպավորություններս թղթին չհանձնած՝ որպես «գույժ» եւ հայհոյանք ընկալեցի ժամեր անց փոստատարի հանձնած վարչական դատարանի ծրարը:

Վերջինս ուղարկել էր դատավոր Ռ. Խանզադյանը, ով ծանոթանալով հայցվոր կողմի՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության հայցադիմումին՝ 25 000 ՀՀ դրամ վճարելու մասին կարգադրման որոշում էր կայացրել:

Ըստ այդ կարգադրության՝ առաջարկվում էր սկեսրոջս՝ 85-ամյա Թամարա Գյուլնազարյանին (նրա անունով է խորհրդային տարիներից ժառանգություն մնացած մեր 27 տարեկան «Մոսկվիչ-418» մակնիշի ավտոմեքենան) 2 շաբաթվա ընթացքում կատարել հետեւյալ գործողությունները՝ վճարել 25 000 դրամ, եթե պահանջը հիմնավոր է, կամ դատարանին առձեռն կամ փոստով ստացման մասին հետադարձ ծանուցմամբ ներկայացնել հակընդդեմ հայց՝ վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտը սկեսուրս համարում է ապօրինի:

Պարոն դատավորը զգուշացրել էր, ավելի ճիշտ՝ սպառնացել, որ հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի ուժ եւ ենթակա է հարկադիր կատարման: Եվ ոչ մի խոսք տուգանքի՝ 5000 դրամի վճարված-չվճարված լինելու մասին: Ինչո՞ւ է վարչական դատարանը դառնում ՀՀ ճանապարհային ոստիկանության համար կամակատար: Արդյոք դատարանի համար վիրավորական չէ՞, որ ՀՀ բարեխիղճ քաղաքացին ժամանակին կատարել է ՀՀ ոստիկանության պահանջը՝ վճարել է 5000 դրամ տուգանքը, իսկ ճանապարհային ոստիկանությունը մտածված գործ է սարքում ՀՀ քաղաքացիների գլխին, ոտնահարում մարդու՝ քաղաքացու տարրական իրավունքը: Թե՞ ոստիկանությունն այնքան անկանոնակարգված կառույց է, որ չի կարողանում հաշվել կամ ստուգել իր մուտքերը, եւ ավելի դյուրին է համարում մարդկանց «փուռը» տալը, ահաբեկելը, քան իր ֆինանսական թղթերը ստուգելը:

Այս էլ որերորդ դեպքն է, որ ճանապարհային ոստիկանությունը կեղծ գործեր է կազմում ու ներկայացնում վարչական դատարան: Իհարկե, դարանակալած կարելի է սպասել, անցնի 1-2 տարի եւ նոր նախահարձակ լինել, հո մարդիկ տարիներով մուծման անդորրագրերը չե՞ն պահի. ահա այս գիտակցմամբ են հավանաբար ուղղորդվում որոշ աթոռակներ զբաղեցնողները, իսկ վարչական դատարանն էլ անվերջ ջուր է լցնում դրանց ջրաղացին: Դե, ոստիկանություն է, էլի, «կրակում է», կպավ-կպավ, չկպավ՝ ներողություն կխնդրեն, կանցնի-կգնա: Չէ, պարոնայք, չի անցնում: Այդպես եք անում, որ կամավոր զինվորագրված եւ հայկական բանակում ծառայած 22-ամյա որդիս այսօր ասում է՝ մեր երկիրը միայն որոշ մարդկանց երեխաների համար է, մենք տեղ չունենք այստեղ, ուրեմն պետք է գնանք: Որքանո՞վ է իրավական այս կարգադրությունը, մի՞թե դատարանն ունենալով բազում լծակներ՝ չի կարողանում պարզել, թե քաղաքացին կատարե՞լ է տուգանքի վճարումը, թե՞ ոչ, եւ նոր մեղադրանք ներկայացնի, փոխանակ ոստիկանությանը մեղադրեն անգործունակության մեջ, ՀՀ զառամյալ թոշակառուին են պարտադրում քարշ գալ դատարանների դռներում՝ իր ճիշտն ապացուցելու համար. այսքան էլ անիրավ երկիր կլինի՞: Մի կողմից՝ խոսում են տուգանքների բեռի թեթեւացման մասին, մյուս կողմից էլ՝ ձեռի հետ անօրինություններն են շաղ տալիս՝ գործիք դարձնելով «անկախ» մարմին հանդիսացող դատարանը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ճանապարհային ոստիկանությունը դրամներ կորզելու «օրինավոր» ճանապարհ է հայտնաբերել:
Չհամաձայնելով ի սկզբանե տարբերակներից ոչ մեկի հետ, քանզի վարչական տույժը՝ 5000 դրամը, ՃՈ 900013150058 հաշվի համարին վճարել էինք մեկուկես տարի առաջ, ներկայացնում եմ մուտքի դրամարկղային անդորրագիրը, որոշեցի հրապարակել իրողությունը, մանավանդ, որ պետական կառույցների նմանատիպ բանսարկությունների զոհերի մասին հաճախ լսել ու չէի հավատացել:

Այն, որ ոստիկանությունը ապօրինի գործելակերպ է որդեգրել, մեկ այլ անգամ էլ որդուս գործով պարզ դարձավ: 10.01.13թ. սահմանած տուգանքն էլ էր անհիմն: Նա աշխատելով Գավառի խմորեղենի արտադրամասի առաքիչ, նույն ընկերության տաքսի-ծառայության Բաբայան-Ազատության պողոտա վարձակալած տարածքում, ուր առավոտից մինչ ուշ երեկո կայանում են Երեւան-Գավառ գիծը սպասարկող ընկերության մեքենաները, 29.12.12թ. ստանում է փակ կոնտեյներներով նրանց բերած խմորեղենը եւ տեղադրում իր մեքենայի բեռնախցիկը: Եթե այն ժամանակ դատի տայինք կամ պահանջեինք գործը վերանայել, հավանաբար այսօր կրկնակի տհաճ իրավիճակի առջեւ չէինք կանգնի: Չարեցինք, քանզի կազմած ակտը 10.01.13թ. գրառած որոշումը փոստատուն էր հանձնվել 24.01.13թ., հասցեատիրոջն էր հասել` 25.01.13թ.: Այս 2 ամսաթվերը տպված են ծրարի երեսին ու դարձերեսին, այլ կերպ չէր էլ լինի: Իսկ ո՞վ է պահում ծրարը, հազարից մեկը: Սակայն դա էլ մինչեւ օրս կա: Պարզե՞մ, թե ինչու եմ նշում: Որոշման մեջ հուշում են, որ այն ստանալուց հետո 10 օրում կարող են բողոքարկել ՃՈ պետին, իսկ տուգանքը 30 օրում չվճարելու դեպքում այն եռապատկվում է: Հարց` ինչո՞ւ էր տեսուչը 2 շաբաթ սեղանին քնեցնում պատրաստի որոշումը կամ էլ հետին ամսաթվով գրանցում: Երկու դեպքն էլ նրա օգտին չի խոսում, ու նրա նպատակը բոլորին էլ պարզ է` հնարավորինս մկրատել այն ժամանակը, որ քաղաքացին չհասցնի բողոքարկել: Էլ չեմ ասում, որ չէինք վճարել, ինչո՞ւ եռապատիկի հետեւից չեկաք: Ահա այսպիսին է ճանապարհային ոստիկանության գործելաոճը:

Լիահույս եմ, որ իմ այս հրապարակումը կընթերցեն նաեւ ոստիկանությունում ու իրենց հայցը հետ կվերցնեն, կամ վարչական դատարանը, տեսնելով մուծման անդորրագիրը, գործը կփակի, եւ անհարկի չեն չարչարի զառամյալ սկեսրոջս:
«Առավոտ» օրաթերթ
03.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոհար Արշակյան says:

    Պետական կառույցներն աշխատեցնում են Սաշիկի համար, ում գրպանն է մտնում տուգանքների 70 %-ը, իսկ պետական կառույցներին է փոխանցվում ընդամենը 30 %-ը… թող մեկն առաջարկի հակառակ տարբերակով այդ գործն իրեն տան, կվերացնեն…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031