Լրահոս
Օրվա լրահոսը

Վերին Շենգավիթում երեխաները շաբաթներով չեն լողանում

Հուլիս 04,2014 14:20

Վերին Շենգավիթի 1-ին փողոցի 13 ընտանիք ամռան այս տապին կրկին առանց ջուր են: «Էլի եկան, փափուկ բարձ դրեցին գլխներիս տակ՝ գնացին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը՝ Մելանյա Մկրտչյանը: Ամիսներ առաջ վերինշենգավիթցիներին Շենգավիթի վարչական շրջանի պատասխանատուները, տարածքի պատգամավոր Լեւոն Դոխոլյանը խոստացել էին վերջապես լուծել այդ ընտանիքների ջրի հարցը, որն արդեն 10 տարուց ավելի է՝ չի լուծվում:

«Առավոտը» 19.02.2014 թվականին իր «Վերինշենգավիթցիները որդով ու ավազով ջուր են խմում» հրապարակմամբ անդրադարձել էր այս խնդրին: Տարիներով խմելու ջրից զուրկ բնակիչները մեր թղթակցին պատմել էին, թե ջրի բացակայության պատճառով ինչպիսի տանջանքներ ու դժվարություններ են կրում. երեխաները շաբաթներով չեն լողանում, խմելու ջուրն էլ կամ գնում են, կամ էլ բակի կաթ-կաթ եկող ծորակի մոտ ժամերով հերթ են կանգնում, որ մի փոքրիկ դույլ ջուր հավաքեն: Բնակիչների խոսքերով՝ արդեն քանի տարի է՝ տան ծորակներից որդով ու ավազով համեմված կեղտաջրեր են գալիս: Կասկածելի բաղադրությամբ ջուրը բնակիչների մոտ փորացավերի ու աղիքային հիվանդությունների պատճառ է դարձել: Բայց այդ վատ որակի ջուրն էլ ամեն ժամի չի լինում, եւ եթե բախտները բերում է՝ ջրի ճնշումը կարգավորվում է, օրվա մեջ ծորակից մի փոքր ջուր է գալիս, ամաններով ու շշերով ջուր են հավաքում, որ գոնե կենցաղային նպատակներով օգտագործեն:

Վերինշենգավիթցի այս ընտանիքները մի օր պարզել էին, որ իրենց տները կառուցված են ջրագծերի վրա, որոնք անցյալ դարի 20-ական թվականներին են շահագործման հանձնել, ուստի 100 տարվա հնության խողովակներից չէր էլ կարող մաքուր ջուր գալ: Ինչպես մեզ հետ զրույցում պատմեցին բնակիչները, տարբերակն այն է, որ մաշված ջրագծերը փոխվեն, հակառակ դեպքում հին ջրագծերով ո՛չ ջրի ճնշումը, ո՛չ էլ որակը նորմային չեն համապատասխանի: Բնակիչները դեմ չեն գոնե իրենց տուն տանող ջրագծի համար վճարել, սակայն ընդհանուր՝ 170 մետր երկարության ջրագիծը, որը պետք է հասնի մինչեւ մարդկանց բնակարաններ, բավականին ծախսատար է, եւ բնակիչները չեն կարող ամբողջությամբ վճարել դրա համար: Խնդիրը մամուլով բարձրացնելուց հետո Շենգավիթի թաղապետարանից արձագանքել են, եկել բնակիչների հետ խոսել եւ խոստացել, որ մինչեւ այս տարվա մայիսի վերջ բնակիչները մաքուր ջուր կունենան: Պատգամավոր Լեւոն Դոխոլյանն էլ նույնիսկ Երեւանի քաղաքապետարանի պատասխանատուների առաջ է այս խնդիրը բարձրացրել: Ինչպես բնակիչներն են պատմում՝ փոխքաղաքապետ Կամո Արեյանի հետ հարցը քննարկել է, որն էլ պատգամավորին վստահեցրել է, որ ջրի հարցը կլուծվի: Սակայն, ինչպես ասում են, բնակիչները մնացել են պաշտոնյաների նամակին սպասող. ոչ խողովակներն են փոխվում, ոչ էլ ջուրն է գալիս:

Տիկին Մելանյայի խոսքերով. «Մինչ խոստացված ժամկետի մոտենալը՝ աջակցողներ շատ կային՝ բացի «Երեւան-Ջուր» ընկերությունից, որը հենց սկզբից հրաժարվել էր՝ ասելով, որ խնդիրը ընկերությանը չի վերաբերում»:

Օրերս էլ իր խոստումից հետ է կանգնել Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարությունը՝ բնակիչներին պատասխանելով, որ խողովակները փոխելը մեծ գումարների հետ է կապված, եւ ոչնչով չեն կարող օգնել՝ պետք է գումարի կեսը բնակիչները հավաքեն: «Բնակիչները գումար ունենային, հիմա վաղուց փոխել էին, եւ էս գլխացավից ազատվել էինք»,- ի պատասխան թաղային համայնքի պաշտոնյաների՝ ասում է տիկին Մելանյան:
Նշենք, որ այս խնդրով դեռեւս տարիներ առաջ վերինշենգավիթցիները ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին էին դիմել, որն էլ դիմումը հասցեագրել էր այն ժամանակվա «Ջրմուղ-կոյուղուն»: Ընկերությանը վստահեցրել էր, որ կոյուղատարի վերակառուցման աշխատանքները կսկսվեն 2005 թվականի հունիսի 17-ին, իսկ մաշված ջրագծերի փոխարինման աշխատանքները՝ նույն թվականի հունիսի վերջին: Քոչարյանի եւ «Ջրմուղ-կոյուղու» խոստումներից տասը այդպիսի հունիս է անցել, սակայն վերինշենգավիթցիների հարցն այդպես էլ չի լուծվել:

Երեկ «Առավոտը» փորձեց վերինշենգավիթցիների պատգամավոր Լեւոն Դոխոլյանից հետաքրքրվել, թե ջրագիծ անցկացնելու՝ շենգավիթցիներին տված խոստումն ինչու չի իրականացվել: Պատգամավորն այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
03.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031