Լրահոս
Օրվա լրահոսը

Իբր ստվերից դուրս են գալիս

Հուլիս 04,2014 14:30

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը այս տարվա մայիսի 14-ին հանդիպելով խոշոր գործարարների եւ բանկիրների հետ՝ նրանց մինչեւ հուլիսի 1-ը ժամանակ եւ հնարավորություն էր տվել ինքնուրույն ստվերից դուրս գալու եւ հավասար պայմաններում աշխատելու, հակառակ դեպքում՝ կպատժվեն, կառավարությունը գործի կդնի իր լծակները:

Այսօր հուլիսի 3-ն է, ու դեռ հնարավոր չէ նկատել, թե որ գործարարը ինչ ծավալով է ստվերից դուրս եկել, մինչեւ չհրապարակվի խոշոր հարկատուների հարկային վճարումների ցուցակը: Ստվերից դուրս գալը նշանակում է՝ գործարարները պետք է հարկային ավելի վճարումներ կատարեն՝ նախորդ վճարումների համեմատ:

Որ ավել վճարումներ կլինեն, դա՝ անկասկած, բայց արդյոք ստվերը կրճատելու է իր գրպանի՞ պարունակությունը նվազեցնելու հաշվին, թե՞ սպառողների: Դատելով վերջին շրջանում բազմաթիվ ապրանքների թանկացումից՝ ենթադրվում է, որ գործարարների հարկային վճարումներն էլ են ավելանալու, իսկ այդ ավելի վճարումները նրանք կարող են կառավարությանը ներկայացնել որպես ստվերից դուրս գալու քայլեր:

«Առավոտը» շրջելով մայրաքաղաքի մի քանի խանութներում՝ պարզեց, որ առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ վերջին 1 շաբաթում թանկացել են 10-100 դրամով: Օրինակ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերության ներկրած բուսական «Ավեդով» յուղը թանկացել է 100 դրամով, մոտ 50-70 դրամով թանկացել են նույն պատգամավորի ընկերության արտադրած օղիները: Խանութներից մեկում մեզ վստահեցրին, որ «Ավեդով» ձեթի առաքիչները 100 դրամով թանկացումը պատճառաբանել են, թե վերջերս Լարսի ճանապարհը փակ է եղել, մեքենաների կայանման ու վարորդների՝ սննդի ու հյուրանոցներում կեցության ծախսեր են եղել, ուստի ընկերությունը ապրանքը թանկացրել է: Նկատենք, որ եթե Լարսի մոտակայքում անգամ ամենաթանկարժեք հյուրանոցն էլ գործի, վարորդների սննդի ու կեցության ծախսերը դժվար թե այն ծավալի լինեին, որ դրանք փակելու համար անհրաժեշտ լիներ ամբողջ խմբաքանակն այդքան թանկացնել:

Սամվել Ալեքսանյանը, որը մշտապես պնդում է, թե ինքը բիզնեսով չի զբաղվում, վարչապետի՝ գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ պատրաստ է աշխատել ազնիվ ու ստվերից դուրս գալ, եթե բոլոր գործարարները նույն կերպ աշխատեն. սա Հովիկ Աբրահամյանն անձամբ է ասել լրագրողներին մայիսի վերջին տեղի ունեցած ՀՀԿ նիստից առաջ: Վարչապետն էլ վստահեցրել է, որ կառավարությունը հետամուտ է լինելու գործարարների՝ ստվերից դուրս գալու աշխատանքի գործընթացներին: Հետաքրքիր է՝ կառավարությունը երբ հարկերի վճարման ավելացում գրանցի, այդ ավելացումներում հաշվի կառնի՞ ապրանքների թանկացումը, թե՞ հանրությանը կներկայացնի, որ վարչապետի հանձնարարականը բոլորը մեկ մարդու պես կատարել են:
Բացի Սամվել Ալեքսանյանից՝ իրենց ապրանքները թանկացրել են շատ գործարարներ. վերջերս 50 դրամով թանկացել են նաեւ տեղական արտադրության «Բարի Սամարացի» ընկերության երշիկները, «Սովրանո» ընկերության ներկրած քաղցրավենիքներից որոշները մոտ 250 դրամով են թանկացել՝ 1 կիլոգրամում: Տեղական արտադրության որոշ մակարոնեղեններ էլ թանկացել են մոտ 50 դրամով, 10-20 դրամով էլ թանկացել են տեղական տոմատներն ու որոշ պահածոներ: «Գրանդ քենդին» էլ 100-200 դրամով է թանկացրել քաղցրավենիքի մի քանի տեսակներ, իսկ «Գրանդ տոբակոն» ծխախոտների գները բարձրացրել է 10-20 դրամով: 30-50 դրամով թանկացումներ են եղել նաեւ կենցաղային ապրանքներում՝ ատամի մածուկ, լվացքի փոշի ու նման պարագաներ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը համոզմունք էր հայտնել, որ գործարարները խաղի կանոնները կպահպանեն եւ ստվերից դուրս կգան: Վարչապետի այս համոզմունքը չի կիսում ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«Առավոտի» այն հարցին՝ արդյոք գործարարների համար ներկայիս վարչապետի խոսքն ավելի՞ ընդունելի է, եւ նրանք կենթարկվե՞ն այդ հրահանգին, Վահագն Խաչատրյանն ասաց. «Ոչ մի տարբերություն չկա, թե ով է վարչապետը, ստվերից դուրս գալու համար ոչ մի գործոնն էլ չի աշխատի»:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ 6 ամսից 1 տարի է անհրաժեշտ հարկային ավելացումները տեսնելու, այդ թվերը հաշվարկելու ու համադրելու համար, ուստի դեռ վաղ է վերլուծել, թե ով որքանով ստվերից դուրս եկավ. «Բայց տրամաբանական է, որ գործարարները հարկային ավելի վճարումներ կկատարեն թանկացումների հաշվին»:

Տարբեր միջազգային կառույցների հաշվարկներով՝ Հայաստանի տնտեսությունում 35-40% ստվեր կա, որոշ տվյալներով՝ 50%-ից էլ է անցնում:

Պարոն Խաչատրյանի խոսքերով՝ փորձագետների հաշվարկով՝ ներկայիս 40% ստվերի դեպքում, եթե գործարարները սկսեն ազնիվ աշխատել, ապա ենթադրվում է, որ մեր երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) պետք է կազմի 14 միլիարդ դոլար, հիմա մեր ՀՆԱ-ն 10.4 միլիարդ դոլար է. «Այսինքն՝ մոտ 4 միլիարդ դոլարի ավելացում պիտի լինի»: Թե որքանով են կատարում գործարարները վարչապետի հրահանգը, թերեւս պարզ կլինի տարեվերջին, իսկ քանի որ Հովիկ Աբրահամյանը զգուշացրել է, որ կպատժվեն իր հրահանգը չկատարողները, ուստի պատժվողներին բացահայտելուց հետո էլ պարզ կլինի, թե ով չի ցանկացել ստվերից դուրս գալ եւ չի ենթարկվել նրան:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031