Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի ասածը` հե՞չ

Հուլիս 04,2014 14:40

Ռուբեն Հակոբյանը պնդում է, որ քառյակում տարաձայնություններ չկան

«Իհարկե, որոշ լրատվամիջոցների մոտ կա ցանկություն՝ հենց սկզբից պառակտված տեսնել քառյակը: Բայց քառյակում որեւէ հակասություն չկա, ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով, մեր արած հայտարարության շրջանակներում եւ հայտարարության մեջ նշված ժամանակացույցով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ հակադարձելով դիտարկմանը, որ խոսակցություններ են շրջանառվում, թե էլեկտրաէներգիայի թանկացումից հետո խորհրդարանական քառյակում՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», խնդիրներ են առաջացել: Ըստ լուրերի՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» առաջ են քաշել անմիջապես իշխանափոխության պահանջ դնելու անհրաժեշտությունը, մինչդեռ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ձեռնպահ են մնացել:

Հաջորդ հակասությունը «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի միջեւ է՝ Զարուհի Փոստանջյանի` ԲՀԿ-ի հասցեին վերջին կոշտ հայտարարություններով պայմանավորված: Հիշեցնենք. «Ժառանգության» համագումարից հետո Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում նաեւ ասել էր, որ, որպես այդպիսին, քառյակ գոյություն չունի. «Դա փոքրիկ համագործակցություն է, որը իր մեջ չի պարունակում այսօրվա ազգային շահը սպասարկող քաղաքական օրակարգը: Դա խմբակցությունների փոքր համագործակցություն է, որը, ըստ էության, որակական փոփոխությունների սկզբնաղբյուր չի կարող հանդիսանալ: Եթե կարելի է որոշ հարցերի շուրջ համագործակցել, դա ողջունելի է, բայց «քառյակը» չի սպասարկում հայ ժողովրդի քաղաքական շահը»:

Ռուբեն Հակոբյանն ասաց, որ «Ժառանգությունում» որեւէ հակասություն չունեն ԲՀԿ-ի հետ, եւ կուսակցության համագումարն էլ դրական է գնահատել խորհրդարանական խմբակցության քաղաքական գործունեությունը քառյակի շրջանակներում: «Ժառանգությունը» եղել է քառյակի ստեղծման հիմնադիրներից մեկը եւ շարունակում է իր գործունեությունը: Այլ հարց է, որ կուսակցությունում ունենք ներկայացուցիչներ, ովքեր քառյակից ակնկալում են ավելի ակտիվ եւ ռիթմիկ գործունեություն, ինչը հասկանալի է: Բայց քաղաքականությունը հնարավորի արվեստ է, եւ առայժմ մենք առաջնորդվում ենք նրանով, ինչ ունենք` 12 կետերով»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031