«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ ԵԽԽՎ-ում
հայ պատվիրակների լռության, ԵԱՀԿ-ում Արտաշես Գեղամյանի առաջարկի
եւ Ալիեւ-Սարգսյան առաջիկա հանդիպման մասին:
– Բաքվում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանում հայկական պատվիրակության ղեկավար, իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն առաջարկ էր հնչեցրել, որպեսզի Հայաստանը, Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը մտնեն Եվրասիական տնտեսական միություն՝ այդպիսով հանգուցալուծելով նաեւ ԼՂ խնդիրը: Որքանո՞վ է տրամաբանված նման մոտեցումը, եւ արդյոք այն կարելի՞ է ընկալել իբրեւ պաշտոնական Երեւանի դիրքորոշում:
– Որքան ես տեղյակ եմ, համաձայն ՀՀ Սահմանադրության՝ պետության պաշտոնական տեսակետ արտահայտելու իրավունք ունեն ընդամենը երկու պաշտոնյա՝ ՀՀ նախագահը եւ արտաքին գործերի նախարարը: Ինչքան գիտեմ, երկուսից որեւէ մեկի ազգանունը Գեղամյան չէ: Երբ նման առաջարկ կհնչի ՀՀ նախագահի կամ արտաքին գործերի նախարարի կողմից՝ նոր մեկնաբանման կարժանանա: Այլապես, մեկ այլ կուսակցության ներկայացուցիչ, որը ՀՀԿ խմբակցության անդամ է եւ ինչ-որ խառը իրավիճակներ են…… իշխանական ուժն իր մեջ թող պարզաբանի:
Ես քանիցս ասել եմ, որ չեմ հավատում Եվրասիական տնտեսական միության ծրագրի հաջողությանը, վստահ չեմ, որ դրան անդամակցող երկրները կհասնեն իրենց ձգտած հաջողությանը, եւ չեմ էլ ցանկանում, որ Հայաստանն ի վերջո դառնա ԵՏՄ անդամ: Եթե չեմ ցանկանում, որ Հայաստանն այդ միության անդամ լինի, ինչպե՞ս կարող եմ համաձայն լինել այդ գաղափարի հետ, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը մտնեն Եվրասիական տնտեսական միություն:
Կարդացեք նաև
Ես այլ մոդել կարող եմ առաջարկել. եթե ԼՂՀ-ն ճանաչվում է Ադրբեջանի կողմից, Հայաստանն էլ, բնականաբար, իր քայլն է անում: Ու տարածաշրջանը, եթե գնում է եվրոպական ինտեգրման ճանապարհով, եվրոպական այն օրինակները, որոնք այնտեղ բերվում էին, փորձ է արվում կիրարկել: Ու ապագայում, միգուցե, երեք ճանաչված պետություններով՝ Հայաստան, Ադրբեջան, Արցախ, հնարավոր լինի մի ընդհանուր դաշտ ստեղծել, որը համահունչ կլինի եվրոպական խաղաղ մտածելակերպին: Դա կարող է աշխատել: Բայց Եվրասիական միության անդամ՝ կոնֆլիկտային իրավիճակում, չեմ պատկերացնում:
– ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Ադրբեջանի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի բավական հայատյաց ելույթներին հետեւեց հայկական պատվիրակության լռությունը: Դա միանշանակ չընկալվեց Հայաստանում: Պատվիրակներն արդեն վերադարձել են Երեւան, բայց խուսափում են լրագրողների հետ շփումներից եւ պարզաբանումներից: Ո՞րն է դրա պատճառը:
– Մի քիչ դժվար է գնահատական տալ, ճիշտ կլինի, որ իրենք պատասխանեն: Բայց ես մի բան գիտեմ՝ այդ նույն պատգամավորները ԵԽԽՎ-ում կարողացան մի բանաձեւ անցկացնել, որում խոսվում էր Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների մասին: Այնուամենայնիվ, տարբեր եվրոպական պատգամավորներ բարձրաձայնեցին Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական հաստատատությունների վատ լինելու մասին, ու դա նաեւ հայկական դիվանագիտության, նաեւ մեր պատվիրակության աշխատանքն էր:
Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ ինչ-որ ատյանից ամեն անգամ պետք է համարժեք պատասխան տրվի ցանկացած հայատյաց հայտարարության: Այնպես չէ, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամները ոչինչ չեն արել, բայց մենք պետք է հասկանանք, որ ինչպես սահմանային գծում ցանկացած դիվերսիոն հարձակում ստանում է իր համարժեք պատասխանը, այնպես էլ եւ մամուլում, դիվանագիտական շրջանակներում, քաղաքական շրջանակներում, տարբեր միջազգային կառույցներում, համացանցային պատերազմներում ադրբեջանական կողմը պետք է գիտակցի, որ իր ցանկացած հարձակում արժանի պատասխան է ստանալու:
– Գարնանը Հայաստան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոսեց Իլհամ Ալիեւ-Սերժ Սարգսյան հանդիպման անհրաժեշտության մասին: Օրերս այդ թեման «վերակենդանացրին» ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Ի՞նչ կտա այս պահին Ալիեւ-Սարգսյան հանդիպումը:
– Ցանկացած հանդիպում, իհարկե, ավելի լավ է, քան չհանդիպելը, որովհետեւ ցանկացած հանդիպում մի նոր հնարավորություն է՝ խոսել-կիսվելու, լսելու, սեփական տեսակետը պնդելու: Հնարավորություն է սահմանագծում թեկուզ մեկ զինվորի կյանք փրկելու եւ այլն: Այս իմաստով ամեն տեսակի հանդիպում պետք է ողջունել:
Այլ հարց է, որ այսօրվա դրությամբ Ալիեւ-Սարգսյան հանդիպումից մեծ սպասելիքներ եւ ակնկալիքներ չունենք: Մեր սպասելիքներն ու ակնկալիքներն այն են, որ հարցը պետք է լուծվի: Իսկ հարցը լուծվելու համար հանդիպումը պետք է լինի ոչ թե երկկողմ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, այլ եռակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի նախագահների միջեւ: Երբ բանակցային սեղանի շուրջ կունենանք Արցախի ներկայացուցչի, այն ժամանակ հույսեր կարող ենք փայփայել, որ ամեն մի հանդիպում ի վերջո կբերի հարցի լուծման:
– Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին ակտիվորեն տարբեր տեսակետներ են հնչեցնում ԼՂ հարցի վերաբերյալ: Աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին ԼՂ հարցում տեղաշարժերի նախադրյալներ կա՞ն, թե՞ համանախագահներն, այսպես ասած, «ձեռքը պուլսին» են պահում:
– Տարածաշրջանում տեղի են ունենում զարգացումներ՝ հենց հզոր երկրների կողմից նախաձեռնված. ՌԴ-ն ունի իր խնդիրներն Ուկրաինայում, հիմա Միջին Արեւելքում է իրավիճակը փոխվում, եւ յուրաքանչյուր ակտիվություն իր հետեւից բերում է մի նոր ակտիվության, որտեղ յուրաքանչյուրը փորձում է առանձին մրցել: Համանախագահների ինստիտուտը փորձում է այդ ակտիվությունն ինչ-որ բալանսի բերել, որ այդ մրցակցությունն այստեղ չվերածվի բաց կոնֆրոնտացիայի՝ Ուկրաինայի նման: Այդ իմաստով, երբ համանախագահներն ակտիվ են, տեղի են ունենում հանդիպումներ, այցելություններ, բանակցություններ եւ այլն, նշանակում է, որ վերահսկում են գործընթացը եւ փորձում են հարցը խաղաղ ճանապարհով լուծել: Եթե որեւէ ակտիվություն չլինի, նշանակում է, որ կողմերը ուղղակիորեն պատրաստվում են պատերազմի: Այնպես որ՝ այդ տեսակի ակտիվություններից պետք չէ խուսափել, դրանք դրական բան են պարունակում: Ուղղակի պետք է պատրաստ լինել, ճկուն լինել եւ կարողանալ մեր շահերն առաջ տանել:
Զրույցը՝
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
03.07.2014