Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպագիր. «Չուժոյ պախմել» կամավոր անեծքի տակ ընկնողները

Հուլիս 04,2014 14:59

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը միանգամայն անկեղծ էր, երբ հուլիսի 1-ին՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը կայացնելուց առաջ, ասում էր. «Մենք ինքներս էլ նիստ չէինք գումարի, եթե իրականությունը չստիպեր… Ցավոք, իրականությունն իր կանոններն է թելադրում: Եվ ցավոք, կան հարցեր, որոնց պատճառները մենք հասկանում ենք, սակայն դրանց հասցեատերերը չենք» (տե՛ս ):

Չկարծեք, թե Նազարյանը խոսում է տնտեսական իրողությունների կամ հիմնավորումների մասին: Չէ ու հազար անգամ չէ, որովհետեւ բնակչությանն ակնհայտորեն ծանր հարված հասցնող՝ էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացման տխմար որոշման որեւէ հոդաբաշխ տնտեսական հիմնավորում այդպես էլ չասվեց: Նազարյանի ասածը ճշմարտացի է այլ տեսանկյունից. ԻՐԵՆՔ ՈՉԻՆՉ ՉԵՆ ՈՐՈՇՈՒՄ (ինքն ասում է՝ «դրանց հասցեատերերը չենք»), ամեն ինչ որոշված է համապատասխան տեղում (ենթադրաբար՝ Բաղրամյան 26-ում), իսկ իրենց, ինչպես նկատել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը «… հրահանգել են սուսուփուս կոճակի դեր աշխատել, եւ հինգ կոճակ աշխատեց» (տե՛ս): Ի դեպ՝ նույնը պնդել է նաեւ Արշակ Սադոյանը՝ ասելով. «Նիստը շատ հաճախ ֆորմալ բովանդակություն է ունենում, որովհետեւ նախօրոք ամեն ինչ որոշված է, դա ընդամենը շղարշի կամ ցուցադրական բնույթ է կրում» (տե՛ս ):

Հենց այսպես, ու կրկնեմ՝ Ռոբերտ Նազարյանի ասած իրականությունն այն է, որ որոշումը կայացված էր կամ Բաղրամյան 26-ում, կամ էլ Ռուսաստանում, որին է պատկանում «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Իսկ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո ռուսն իրեն այստեղ զգում է ինչպես իր հայրական վոտչինայում, եւ եթե Հայաստանի էլցանցերի տնօրեն Եվգենի Բիբինը չէ, նրա բաջանաղի վարորդն էլ հրահանգեր, որ էլեկտրաէներգիայի սակագինը պիտի բարձրանա՝ համապատասխան տեղում ականջների վրա կկանգնեին, բայց կկատարեին «շեֆի» հրահանգը:

Եվ այսուհանդերձ՝ ինձ համար անհասկանալի ու անընդունելի է մնում, թե ինչո՞ւ եւ հանուն ինչի՞ են Նազարյանն ու իր ղեկավարած հանձնաժողովի մնացած անդամները, նույն ռուսի ասած՝ «չուժոյ պախմել» էդքան անեծքի տակ ընկնում: Չէ, ես սխալվեցի՝ անեծքը մեղմ է ասված, էդքան ուշունց դրանք ո՞նց են տանում:

Ես միանգամայն լուրջ եմ հարցնում. Ռոբերտ Նազարյա՛ն, մի՞թե արժեր մի Բիբինի աշխատավարձը բարձրացնելու համար արժանանալ հազարավոր ընտանիքների հիշոցներին: Լավ, մի՞թե արժանապատվություն չունեիք, որ դիմադրեիք այդ բարձրացմանը, թքած, թե ձեզ չէին հանի գործից, բայց դրա փոխարեն գլուխներդ բարձր ու հպարտ կքայլեիք Հայաստանով: Իսկ հիմա՞… Հիմա դուք էլ, ձեր հանձնաժողովի մնացած անդամներն էլ կուչ պիտի գաք՝ ծանոթ մարդ տեսնելով, որովհետեւ էդ ծանոթը ձեզ արդեն բարեւ էլ չի տալու: Մի՞թե հանձնաժողովի նախագահ կամ անդամ լինելը էնքան շահ ու շահույթ է ապահովում, որ հանուն դրա պատրաստ եք արժանանալ նզովքի, հայհոյանքի, հարեւանների ու բարեկամների արհամարհանքին: Սպանեք էլ, չեմ հասկանա: Լավ, Նազարյանը ղեկավար է, իրեն թվում է՝ կորցնելու բան ունի, բա էդ հանձնաժողովի անդամների մեջ մեկը չկա՞ր, որ տարրական արժանապատվություն դրսեւորեր եւ թքած ունենալով իր աշխատավարձի ու հանձնաժողովի անդամի կարգավիճակով պայմանավորված մնացած եսիմինչերի վրա՝ ասեր. «ես հրաժարական եմ տալիս, որովհետեւ չեմ ուզում մասնակցել ժողովրդի հերթական թալանին…»: Ոչ մեկը տղամարդկություն չունեցավ: Ուրեմն երիցս ճիշտ է Արամ Մանուկյանը, երբ նրանց անվանում է կոճակներ… Կոճակի տղամարդկությունը ո՞րն է…

Սակագների այս հերթական բարձրացումը, սակայն, կրկին ապացուցեց բազմիցս ապացուցված եւս մի բան. այս իշխանություններն արհամարհում են հասարակական կարծիքը: Եվ եթե իշխանություններին թվում է, թե Սերժ Սարգսյանի հերթական «սիրուն չի» հրահանգով կմեղմեն հասարակական բացասական կարծիքը, սխալվում են:
Իսկ էդ «սիրուն չի»-ն դրսեւորվեց նույն հուլիսի 1-ին տարածված մի հաղորդագրության մեջ, որով ասվում էր, թե Սերժ Սարգսյանը «… առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ` մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ: Նախագիծը պետք է ներկայացվի ս.թ. հուլիսի 3-ին կառավարության նիստում քննարկելու համար» (տե՛ս ՀՀ կառավարության կայքում):

Չկասկածեք, այսօր իսկ կառավարությունն ինչ-որ որոշում կընդունի: Բայց, կներեք, դա ի՞նչ որոշում, եւ ես դրանից կոռուպցիայի հոտ եմ առնում: Բացատրեմ. ստացվում է, որ կառավարությունը բյուջեից փող է հատկացնելու նպաստառուներին, որ հետո դա հայտնվի ռուսին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հաշվին: Այսինքն՝ ստացվում է, որ սակագինը բարձրացրել են, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դրել համաժողովրդական անեծքի տակ, որ «էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար մեղմելու» անվան տակ բյուջեից (այսինքն՝ էլի հարկատուներիցս) փող տան ռուսներին…

Տեսնես՝ «ատկատն» ինչքա՞ն կլինի. չէ՞ որ ռուսներն առանց դրա սովոր չեն աշխատել…

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031