Այդ սահմանը ոչ մի դեպքում թույլ չպետք է տալ,
որպեսզի դառնա ռուս-վրացական սահման
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի համաձայնագիրը կարող է ստորագրվել այս տարվա հոկտեմբերին. երեկ այս լուրը հայտնել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը՝ Թվիթերում օգտատերերից մեկի հարցին ի պատասխան. «Համապատասխան փաստաթղթերի ստորագրումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Մինսկում հոկտեմբերին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների նախագահների հերթական հանդիպման ընթացքում»:
Մինչ Հայաստանի հասարակության համար Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը մնում էր անհայտության մեջ, իսկ ՀՀ իշխանությունները շարունակում էին լռություն պահպանել՝ Հայաստանի հետ վարվող բանակցություններում առկա խոչընդոտների մասին ոչինչ չասելով, Ղազախստանի ԱԳ նախարարը Թվիթերում, օգտատերերից մեկի հարցին ի պատասխան, ավետեց, թե երբ է հնարավոր Հայաստանի անդամակցությունը:
Իհարկե, դրական փաստ է, որ Հայաստանի՝ Եվրասիական միության անդամակցությունը հետաձգվում է: Վտանգավորն այն է, որ մինչեւ աշուն Մոսկվան ոչ միայն մաքսային ու առեւտրային, ասել է թե` տեխնիկական հարցերով Հայաստանից զիջումներ կարող է պահանջել, այլեւ աշխարհաքաղաքական նշանակության հարցերում մեզ համար կենսական` Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Դեռ մինչեւ վերջերս կարելի էր չափազանցություն համարել այս երկու հարցերի շաղկապումը, բայց թե՛ ռուս, թե՛ ադրբեջանցի իշխանությունների, քաղաքական գործիչների անկեղծացումները վերջին շաբաթներին, ինչպես ասում են, ոչ մի լավ բան չեն խոստանում:
Ինչեւէ, մինչեւ աշուն դեռ շատ ջրեր կհոսեն, իսկ Հայաստանի շուրջ իրադարձությունները բավական արագ են զարգանում:
Կարդացեք նաև
Հունիսի 27-ին Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը իրավամբ պատմական փաստաթղթեր կնքեցին: Մինչ Հայաստանը սեպտեմբերի 3-ին հրաժարվեց ԵՄ Ասոցացման համաձայնագրից` Բրյուսելում Ուկրաինան ստորագրեց Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն միանալու համաձայնագիրը, քանի որ Ասոցացման պայմանագիրն արդեն կնքել էր այս տարվա մարտին, իսկ Մոլդովան ու Վրաստանը ստորագրեցին Ասոցացման պայմանագրերը։
Այսպիսով` Կիեւը, Քիշնեւը եւ Թբիլիսին չհրաժարվեցին եվրաինտեգրման քաղաքականությունից։ Մոլդովան, Ուկրաինան եւ Վրաստանը միացան 500 միլիոն բնակչությամբ Եվրամիության շուկային։ Ապագայում ԵՄ ներկրման սակագները կիջեցվեն, ԵՄ շուկան կբացվի ուկրաինական արտադրության համար 7 տարում, իսկ Ուկրաինան եվրոպական ապրանքների համար` 10 տարում։
Հունիսի 27-ից Հայաստանն ունի այլեւս այլ սահմանակից հարեւան: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ելույթում նշեց, որ հունիսի 27-ը Վրաստանի համար ճակատագրական օր է, քանի որ Վրաստանը պատրաստ է ճանապարհ հարթել դեպի Եվրոպա. «Վրաստանը եվրոպական քաղաքակրթության անքակտելի մասն է եւ կիսում է նրա արժեքները: Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ Վրաստանը ելք ստացավ դեպի աշխարհի խոշորագույն շուկա, ինչը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանն ու աշխատատեղերի մեծացմանը»: Իսկ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նշեց. «Ասոցացման համաձայնագիրը նոր քայլ է դեպի ԵՄ-ին լիիրավ անդամակցում: Մենք կօգտագործենք այդ առավելությունները, բարեփոխումները՝ որպես գործիք, որպես եվրոպական կառույցներին անդամակցելու հայտ»:
Կրեմլը անմիջապես կոշտ արձագանքեց այս իրադարձությանը. Ուկրաինայի եւ Մոլդովայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրումը մատնանշելով՝ Մոսկվան նախազգուշացրեց, թե այդ քայլը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ: Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հստակ նշեց, թե ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի իր տնտեսությունը պաշտպանելու ուղղությամբ, եթե ի հայտ գան ԵՄ-ի ու Ուկրաինայի միջեւ Ասոցացման համաձայնագրի բացասական հետեւանքները:
Հայաստան-Վրաստան հարաբերությունների՝ իսկապես ռազմավարական բնույթը հունիսի 27-ից հետո պետք է գիտակցի թե մեր հասարակությունը, թե իշխանությունները: Հայաստան-Վրաստան սահմանն արդեն հայկական ու եվրոպական սահման է, եւ այդ սահմանը ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ, որպեսզի դառնա ռուս-վրացական սահման` դրանից բխող բոլոր անկանխատեսելի հետեւանքներով: Հայաստանի եւ իր եվրոպական հարեւանի հարաբերություններում որեւէ խոչընդոտ չպետք է թույլ տալ:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.07.2014
Վերջապես
Եվրոպային անմիջական սահմանակից դարձանք