Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում Տիգրան Սարգսյանի դեմ ստորագրահավաքը չի ազդի Սերժ Սարգսյանի որոշման վրա. (Տեսանյութ)

Հուլիս 03,2014 22:46

«Պարոն նախագահը արդեն նշանակել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում դեսպան եւ ես կարծում եմ, որ ինչպես եւ նախկինում եմ ասել, որ հանրապետության նախագահի որոշումը չեմ մեկնաբանում, եւ կոռեկտ էլ չէ, որ ես պարոն նախագահի որոշումները մեկնաբանեմ: Ինչ վերաբերում է պարոն Տիգրան Սարգսյանին, ապա ես նրան շատ լավ ճանաչում եմ, ինքը իմ կուսակցական ընկերն է, եւ ես կարծում եմ, որ պարոն Սարգսյանը կարող է լավագույնս աջակցել հայ- ամերիկյան հարաբերությունների խորացմանը, եւ ինքը պրոֆեսիոնալ, կիրթ անձնավորություն է»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելուց հետո ԱՄՆ-ում ստորագրահավաք է սկսվել Տիգրան Սարգսյանի դեմ, հնարավո՞ր է ՀՀ նախագահը իր որոշումը փոխի:

Aravot.am-ի այն հարցին էլ, թե ինչ կարծիք ունի Արտաշես Գեղամյանի Բաքվում տեղի ունեցած ելույթի մասին, պարոն Շարմազանովն ասաց, որ չի կարդացել, բայց այդ մասին գրվել է ադրբեջանական մամուլում, իսկ ադրբեջանական մամուլի գրածները Շարմազանովը չի ցանկանում մեկնաբանել:

«ՀՀ իշխանությունները մազոխիստներ չեն, որ ինքնանպատակ բարձրացնեն էլեկտրաէներգիայի սակագինը, բայց եթե մենք ուզում ենք կայուն էլեկտրաէներգիայի մատակարարում ունենալ, պետք է գնայինք այդ քայլին»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշմանը: Հարցին թե ինչո՞ւ որոշումը ի շահ հանրությանը չկայացվեց, այլ` մասնավոր ընկերության, պարոն Շարմազանովն ասաց, որ մասնագետները հաշվարկ են եւ էլեկտրաէներգիայի թանկացումը լինելու 800-1000 դրամ ընտանիքների համար, ուստի այդ հաշվարկներից ելնելով էլ նպաստառու ընտանիքներ են ընտրվել, որոնց այդ գումարը փոխհատուցվելու է. «Բնականաբար ցանկացած թանկացում, դա դժգոհություն կարող է առաջացնել եւ ծանր բեռ լինել մեր հանրության առջեւ, բայց եթե մենք ուզում ենք ունենալ կայուն էլեկտրամատակարարում, մենք պետք է գնանք այդ քայլին, դրա այլընտրանքը հովհարային անջատումներ են: Կառավարությունը որոշել է 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքի աջակցել: Թանկացումներից խոսացողները թող նաեւ խոսեն, որ հուլիսի 1-ից բարձրացավ նաեւ պետական ոլորտի աշխատողների աշխատավարձերը, որ նավթամթերքի գները նվազել են: Մենք պետք է գիտակցենք` կա՞ դրան այլընտրանք,թե՞ չկա: Իմ կարծիքով այլընտրանքը էլեկտրամատակարարման ապակայունացումն էր լինելու»:

 

Լրագրողների այն հարցին էլ թե ինչ կարծիք ունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերի մասին, ըստ որի նա հրավիրում է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին հանդիպել, պարոն Շարմազանովն ասաց.« Ես կարծում եմ, որ թե’ Հայաստանը եւ թե՛ Արցախը մշտապես բանակցային պրոցեսի կողմնակից է, մենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից ենք եւ այլ կարծիք լինել չի կարող, որովհետեւ երեք սկզբունքներից մեկը ուժի չկիրառումն է, խնդրի խաղաղ կարգավորումը: Բայց միեւնույն ժամանակ բոլորս պետք է գիտակցենք, որ խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա: Երկրորդը` Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական մոտեցումները եւ ես կարծում եմ, որ գնահատակաները տարբեր միջազգային կառույցներից, համանախագահ երկրներից ոչ միայն պետք է ընդհանուր լինեն, կողմերին, այլ պետք է հստակ դատապարտեն այն կողմին, որը որ թե խոսքով, եւ թե գործով ֆաշիզմ է քարոզում»:

Պարոն Շարմազանովի խոսքերով` «Քանի դեռ Ադրբեջանը, նրա ղեկավարությունը խոսում է հայատյացության ոճով, խոսում է ռազմական լուծման չբացառման ոճով, կարծում եմ, բոլոր միջնորդ կողմերը պետք է հստակ «պրեսինգի» ենթարկեն նման որոշումը»:

ՀՀԿ մամուլի խոսնակն անդրադառնալով այսօր կայացած ՀՀԿ ԳՄ նիստին, ասաց, որ անդրադարձ է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Լատինական Ամերիկա այցին, սակայն չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ են քննարկել:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031