Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «ՀՀ կառավարության որոշումը կարող է արտագաղթի պատճառ դառնալ»

Հուլիս 03,2014 22:36

Այսօր` հուլիսի 3-ին, ՀՀ կառավարությունը նիստի ընթացքում համաձայնություն է տվել  ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների եւ Հայաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագրի կնքմանը: Կառավարության նիստի ընթացքում Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն էլ հայտարարել էր, որ աշխատանքային պայմանագրով` բացի աշխատողից, նրա ընտանիքի անդամներն էլ կարող են ՌԴ-ում օրինական բնակվել:

Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք կառավարության նման որոշումը չի կարող արտագաղթի պատճառ դառնալ: Նա պատասխանեց, որ միանշանակ կարող է, քանի որ անգամ իր ծանոթների շրջանակում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր, հայտնվելով տարբեր խոչընդոտների առջեւ, չէին կարողանում մեկնել Ռուսաստան.

«Այժմ արգելքները վերանում են: Թեպետ, Հայաստանը այս վիճակին հասցրած իշխանություններն այլ ելք չունեին էլ: Նրանց աթոռը ավելի երերուն կդառնար, եթե Ռուսաստանից ուղարկվող փողի հաշվին ապրող ընտանիքների եկամտի աղբյուրը վերանար, ու տնտեսական վիճակի ողբերգականությունն ավելի ակնհայտ դառնար: Հետեւաբար`վաղ էր լուծումներ փնտրել աշխատանքային միգրանտների ի հայտ եկած խնդիրները լուծելու կապակցությամբ»:

Քանի որ համաձայնագիրը երկկողմանի է, այսինքն` ՌԴ աշխատանքային միգրատներն էլ իրենց ընտանիքով կարող են օրինական բնակություն հաստատել Հայաստանի Հանրապետությունում, մենք հետաքրքրվեցինք պարոն Սաֆարյանից, թե նրա կարծիքով ո՞ւմ համար է համաձայնագիրն ավելի ձեռնտու. արդյո՞ք ռուս աշխատանքային միգրանտները կգան Հայաստան:

«Չեմ կարծում, որ ռուսները կգան: Հայաստանը որեւէ առումով հրապուրիչ չէ նրանց համար: Որքան ռուս զինվոր է պետք, այստեղ կլինեն միշտ, դրան էլ գումարած զբոսաշրջիկների ինչ-որ քանակություն եւ վերջ»,- պատասխանեց Ստեփան Սաֆարյանը:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031