«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը երեկ` հուլիսի 2-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած իր հայտարարությամբ կոչ էր արել բոլոր մտահոգ քաղաքացիներին` ի նշան բողոքի հուլիսի 5-ին ժամը 22:00-ին անջատել էլեկտրականությունը:
Aravot.am-ը, հարցում կատարելով Երեւանի փողոցներում, փորձեց իմանալ, թե ինչպիսի՞ն է քաղաքացիների վերաբերմունքը այդ բողոքի ակցիայի ձեւին եւ արդյոք մասնակցելո՞ւ են դրան:
Հարցված քաղաքացիներից մեկը խոստովանեց, որ չի մասնակցելու բողոքի ակցիային, քանի որ կարծում է` նախաձեռնությունը իր այդ քայլով ոչ մի բանի չի կարող հասնել.
«Անջատեցիք էլեկտրականությունը, հետո՞: Կարծում եմ` բողոքելու շատ այլ միջոցներ կան, չեմ կարծում, որ այդ մի ժամը կարող է էական օգուտ տալ եւ պատկան մարմինները կփոխեն իրենց որոշումը»:
Կարդացեք նաև
Մեկ այլ քաղաքացի տեղյակ չէր, որ այդպիսի բողոքի ակցիա է կազմակերպվում: Նա նշեց, որ ինքը նույնպես դեմ է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրանալուն, բայց չնայած այդ հանգամանքին` չի միանալու բողոքի ակցիային.
«Աշխատող մարդ եմ, այդ ժամերին աշխատում եմ, ինչպե՞ս միանամ, մեր գործն էլ առանց էլեկտրականության չի կարող առաջ գնալ: Փոխարենը` թո՛ղ դուրս գան փողոց, կամ չվճարեն էլեկտրաէներգիայի դիմաց, այդ ակցիաներին մեծ սիրով կմիանամ եւ ոչ միայն ես` մեր ամբողջ աշխատակազմը դեմ է նման թանկացումներին եւ հնարավոր դեպքում կաջակցի երիտասարդներին»:
Մի տղամարդ էլ նշեց, որ բոլոր քաղաքակիրթ երկրներում քաղաքացիական հասարակությունը ինչ-որ չափով կարողանում է ներազդել կառավարության վրա, սակայն չի կարծում, որ այս դեպքում նրանց ձայնը լսելի կլինի.
«Եթե մարդիկ գնում են այդ քայլին, նշանակում է` համբերության բաժակը լցվել է: Ես չեմ կարծում, որ նման բողոքի ակցիայով հնարավոր է հաջողության հասնել. Այսօր մենք չենք հասել դրան, որ վերեւների համար լսելի լինի այդ ամեն ինչը»:
Հարցման մանրամասները` տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ