ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան կապակցությամբ որեւէ նվեր չի մատուցել: Այս մասին պարոն Աբրահամյանն ասաց պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե նախագահի 60-ամյակին ի՞նչ է նվիրել:
«Սերժ Սարգսյանի ծնունդը ես շնորհավորել եմ, նաեւ դրված է եղել կայքում, հեռուստացույցով եմ շնորհավորել, գնահատել եմ: Որեւէ նվեր չեմ տվել, նման ձեւաչափ չկա, որ միմյանց նվեր անենք: Մենք՝ կառավարությունը լավ աշխատանքով փորձում է նախագահի ուսերից բեռը վերցնել: Ինչքան լավ աշխատենք, այդքան նախագահի համար լավ գնահատական: Համոզված եմ, որ նվերն այն կլինի, որ կառավարությունը լավ աշխատի»:
Aravot.am-ի այն հարցին էլ, թե ինչ կարծիք ունի վարչապետը Արտաշես Գեղամյանի՝ Բաքվում ելույթի մասին, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ծանոթ չէ ելույթին:
Լրագրողների դիտարկմանը, թե Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելու մասին անցյալ շաբաթ վարչապետը վստահեցրել էր, որ հուլիսի երեքին ԵՏՄ նախագահների հետ պետք հանդիպում լիներ եւ Հայաստանի հարցը քննարկվեր, սակայն հանդիպումը չկայացավ: Այս առնչությամբ պարոն վարչապետը վստահեցրեց, որ Հայաստանն իր պայմանավորվածությունները ամբողջովին կատարել է, տեղյակ չէ թե ինչո՞ւ նախագահների հանդիպումը տեղի չի ունեցել. «Բայց մինչեւ տարվա վերջ խնդիրը կլուծվի, քաղաքական խնդիր չեմ տեսնում»:
Կարդացեք նաև
Վարչապետն ասաց, որ հուլիսի տասնմեկին Սոչիում հանդիպելու են ՀՀ եւ ՌԴ վարչապետները, եւ օրակարգում նաեւ ԵՏՄ Հայաստանի անդամակցության հարցն էլ է քննարկվելու:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ