Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն ընդունեց ևս մեկ հակաադրբեջանական բանաձև

Հուլիս 03,2014 19:01

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանում ընդունվել է Ադրբեջանում կոռուպցիայի մասին գրող հետաքննող լրագրողների նկատմամբ կատարվող ճնշումների մասին բանաձևի նախագիծը, որի նախաձեռնողն է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը՝ հանձին ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանի:

Բանաձևի նախագիծը  ժամեր առաջ է հրապարակվել ԵԽԽՎ կայքում:
Այս բանաձևով Վեհաժողովը մտահոգություն է հայտնում Ադրբեջանում կոռուպցիոն բացահայտումներ կատարող հետաքննող լրագրողների նկատմամբ կիրառվող ճնշումների կապակցությամբ։ Եվ որպես ամենավառ օրինակ` նշվում է Ադրբեջանի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովայի հետ կատարվածը:

Բանաձևի նախագծում հիշատակվում է նաև, որ ըստ «Թրանսփարենսի ինթերնեյշնըլի»` 2013-ի կոռուպցիայի ինդեքսով Ադրբեջանը հայտնվել է 127-րդ տեղում, ինչը ևս վկայում է Ադրբեջանում կոռուպցիայի մասշտաբների և տարածվածության մասին։

Բանաձևում Ադրբեջանն այն երկրների թվին է դասվում, որտեղ զրպարտությունը դիտվում է որպես քրեական հանցագործություն, ինչը նաև արդեն տարածվում է առցանց լրատվամիջոցների վրա։

ԵԽԽՎ-ն այս նախագծով ևս մեկ անգամ կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել բոլոր այն ազատազրկված անձանց, ովքեր բանտարկվել են իրենց կարծիքի և տեսակետի արտահայտման պատճառով։

Aravot.am-ը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ այսպիսի բանաձևերի՝ շրջանառության մեջ դնելը ինչո՞վ է օգտակար, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Բանաձևերը շրջանառության մեջ դնելը ԵԽԽՎ-ում աշխատանքի մեթոդ, միջոց է: ԵԽԽՎ պատվիրակների կողմից դրանց տակ ստորագրել նշանակում է քաղաքական համաձայնություն տալ բանաձևում տրված գնահատականներին և մտահոգություններին այս դեպքում կոնկրետ Ադրբեջանի վերաբերյալ: Այս նախաձեռնությունները նաև ԵԽԽՎ-ում քննարկման համար անհրաժեշտ հարթակ ստեղծելու համար են: Մենք արտահայտում ենք մեր մտահոգությունը, որը կիսում են տարբեր պատվիրակներ»:

Արփինե Հովհաննիսյանը փաստեց. «Ադրբեջանում մարդու իրավունքների, քաղաքական բանտարկյալների, լրագրողների, ժողովրդավարության հետ կապված լրջագույն խնդիրներ կան, որոնք բարձրաձայնվեցին նաև եվրոպացի մեր գործընկերների կողմից: Ուստի որոշեցինք նախաձեռնությամբ հանդես գալ, քանի որ սա այնպիսի գլոբալ խնդիր է, որ արժեր՝ դրա վերաբերյալ ԵԽԽՎ-ն ունենար զեկույց, որը պիտի անցնի սահմանված ընթացակարգեր: Նման նախաձեռնությունների թեմատիկան համաեվրոպական է, նախաձեռնությունը կարևոր է նրանով, որ այն շուրջ երկու տարի օրակարգի մեջ է լինելու և անընդհատ շրջանառվելու է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031