Aravot.am-ը մեկ տարի շարունակ Գյումրու բժշկական կենտրոնում աշխատող պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ամբիոնի աշխատակից Կարեն Պետրոսյանից հետաքրքրվեց, թե պաշտոնապես աղքատ ճանաչված Շիրակի մարզում ովքե՞ր են դիմում պլաստիկ վիրաբույժի օգնությանը` հայե՞րը, թե՞ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողներն ու նրանց կանայք, և ի՞նչ խնդրով են հատկապես անհանգստացնում:
«Իհարկե, եղել են դեպքեր, որ դիմել են ռուս զինվորականների կանայք, բայց ավելի շատ տեղացի հայերն են դիմում, որոնք աշխատում են արտերկրում, գումարը գալիս է արտերկրից: Հիմնականում էսթետիկ` գեղագիտական վիրահատության համար են դիմում `քթի, կրծքի, որովայնի առաջին պատի, բայց հետզհետե մեծանում է քանակը այն հիվանդների, որոնք ունեն վերջույթների`դեմքի ինչ-որ խնդիր, անոթների, նյարդերի, կամաց-կամաց մարդիկ իմանում ու գալիս են. ասենք եղել է ինչ- որ տրավմա , մարդու քիթը վնասվել է կամ նյարդն է վնասվել և մեր միջամտության կարիքը կա», -ասաց Կարեն Պետրոսյանը:
Սակայն բժշկի ասելով, գյումրեցիներից շատերը ամաչում են դիմել իրեն` այն պատճառաբանությամբ, թե հանկարծ հարևանները, բարեկամները չիմանան, որ ասենք քիթն է վիրահատվել, կամ փորն է կախ եղել, բժիշկը վերացրել է: «Պլաստիկ վիրաբույժին էսթետիկ վիրահատության համար դիմելը նորմալ երևույթ է, եթե մարմնիդ ինչ-որ մաս դուրդ չի գալիս, պիտի գեղեցկացնես, առավել ևս, երբ Գյումրիում նույն ծառայությունները մայրաքաղաքի հետ համեմատ 30 տոկոսով էժան են: Գյումրեցիների մենթալիտետը խանգարում է, բայց կարևորն այն է, որ մարդը գա, ազատ արտահայտի իր դժգոհությունը, հետո էլ իրեն լավ զգա, ինքնագնահատականը բարձրանա: Ես դրսևրում շատ եմ աշխատել, էնտեղ էլ վիրահատվելը դարձել է մոդայիկ, պիտի անպայման վիրահատված լինես, որ ինչ-որ խմբի մեջ մտնես, ինչ-որ պոպուլյացիայի մեջ մտնես», -ասում է Մոսկվայում կրթված բժիշկը: Ըստ նրա, ինքը վերջերս ֆեյսբուքով տգեղ քիթ ունեցողների համար անվճար վիրահատության մրցույթ էր հայտարարել, և այդ մրցույթում հաղթել էր սիրիահայ մի աղջիկ, չնայած որ բավականաչափ շատ մարդիկ են դիմել: Պլաստիկ վիրաբույժը նպատակադրված է նման մի ակցիա էլ կազմակերպել Գյումրիում:
Պլաստիկը վիրաբույժը նաև տեղեկացրեց, որ իրեն Գյումրիում աշխատելու մեկ տարվա ընթացքում դիմել են նաև սեռը փոխելու խնդրանքով, բայց քանի որ Հայաստանում օրինական դաշտը մինչև վերջ հստակեցված չէ, հրաժարվել է տվյալ անձանց վիրահատելուց, նրանց ուղղորդել է այլ երկիր: « Չենք կարողացել օգնություն ցույց տալ, քանի որ օրենքը չի գործում: Իհարկե, այս վիրահատության համար դիմողները շատ չեն, բայց դեպքեր եղել են, մեզ դիմել են և տղամարդիկ և կանայք, մենք մինչև վերջ չենք հետազոտել էդ մարդկանց, կարող է նրանք տրանսսեքսուալ են, տրանսվեստիտ են, էդպիսի տարբերակներ կան, մինչև վերջ չենք հետազոտել, քանի որ չենք կարող վիրահատել նրանց, ուղարկել են սեքսապաթոլոգի մոտ»: Մեր այն հարցին, թե բա էդ տեսակ չե՞ն ամաչել Գյումրիում նման խնդրով բժշկի դիմելուց,Կարեն Պետրոսյանն ասաց. « Նրանց հանդիպումը մեզ հետ կոնֆիդենցիալ է եղել, եկել են միայնակ, ոչ հարազատների, ոչ բարեկամների կամ էլ այլ մարդկանց ուղեկցությամբ»:
Մենք բժշկին հիշեցրեցինք, որ իր հետ անցած տարի սեռափոխության մասին հարցազրույց անցկացնելուց հետո մեծ աղմուկ բարձրացավ, շատերը քննադատեցին, որ բժիշկները իրենց փողի մասին են մտածում, դրա համար էլ առաջարկում են սեռափոխությունը օրինականացնել Հայաստանում, բայց չեն մտածում, որ այլասերվածություն են տարածում… Ըստ Կարեն Պետրոսյանի, եթե մարդը ունեցավ սեռափոխության պահանջ, չլինի Հայաստանում, նա անպայման կվիրահատվի այլ երկրներում: Ըստ պլաստիկ վիրաբույժի , Ռուսաստանը, Բելոռուսը, Ուկրաինան ունեն այդ օրենքը, իսկ հայերը թվարկված երկրներից բացի հասնում են մինչև Թաիլանդ:
Կարդացեք նաև
Կարեն Պետրոսյանի ներկայացմամբ, իրենք սեռափոխության մասին օրենքի նախագիծը ներկայացրել են առողջապահության նախարարությանը, թղթաբանությունը կա, սակայն գործը առաջ չի գնում: «Անկախ այն բանից, սեռափոխության մասին օրենքը գործում է Հայաստանում, թե ոչ, եթե կա պոպուլյացիա, որը որևէ խնդիր ունի, կարելի է էդ մարդկանց օգնել, բուժել, բայց մինչև այսօր դրական բան չեմ տեսնում: Ես ինքս մասնակցել եմ օրենքի նախագծի մշակմանը»:
Այս համատեքստում մենք պլաստիկ վիրաբույժին հարցրեցինք, թե ի՞նչ կասի Եվատեսիլ մրցույթում այս տարի հաղթանակած Կոնչիտայի մասին, որին այդպես դաժանորեն ենք քննադատում հատկապես մենք` հայերս, նա հիվա՞նդ է, թե՞ ուղղակի կերպարի մեջ է: «Ես ինտերնետից եմ լսել, որ նա տրանսվեստիտ է, իսկ դա հիվանդություն է բնականաբար, եթե մարդը ուրիշ շոր է հագնում ու դրա մեջ զգում է հարմարավետ, իրեն պատկերացնում է այդ արտաքինով… Իհարկե, պետք չէ այդպես դատափետել, բազմաթիվ էդպիսի մարդիկ կան հենց Հայաստանում…»:
Մենք Կարեն Պետրոսյանից նաև հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ընդունում միասեռականների ամուսնությունը օրինականացնելուն, ճիշտը ո՞րն է այս դեպքում` թույլատրել ու վավերացնե՞լ ամուսնությունը, թե նրանց բուժել: Կարեն Պետրոսյանը կտրականապես դեմ է միասեռականների ամուսնությանը, սակայն, ըստ նրա, տվյալ պետությունը ինքը պիտի որոշի ինչպես վարվի: «Ես կարծում եմ, որ ճիշտ չէ մեր փոքր ազգի համար, որ ժողովրդագրական խնդիր ունի, ունի գենետիկ խնդիր, ուրիշ ազգեր միգուցե կարողանան… »:
Մեր այն հարցին էլ Հայաստանում ի՞նչ թիվ են կազմում տրանսսեքսուալները, պլաստիկ վիրաբույժն ասաց. «Իհարկե, հստակ վիճակագրություն չեմ կարող ներկայացնել, Հայաստանում չկա տոկոսային հստակ թիվ, բայց կարող եմ ասել, որ մեր փոքր թվաքանակ ունեցող ազգի համար նման մարդկանց քանակը բավական շատ է, ամեն քայլափոխի էլ հայտնվում են. բնական է մի մասը թաքնված, մի մասն ավելի` արտահայտված»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Սա պրոֆեսիոնա՞լ ժուռնալիստի հարց է՝ «Մենք Կարեն Պետրոսյանից նաև հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ընդունում միասեռականների ամուսնությունը օրինականացնելուն, ճիշտը ո՞րն է այս դեպքում` թույլատրել ու վավերացնե՞լ ամուսնությունը, թե նրանց բուժել»:
Այսինքն՝ Արևմուտքի բոլոր առաջատար երկրներում օրենքով թույլ են տվել,որ «հիվա՞նդ» մարդիկ ամուսնանան: Մի անգամ ՉՏԵՍԱ, որ մեկդ Հայաստանում հարցնի՝ իսկ Հայաստանում ԲՈԼՈՐ քաղաքացինե՞րը պիտի ունենան նույ՛ն սահմանադրական իրավունքներ:
Այդ որ՞ մի «հիվանդությունն» է մարդուն ՆԵՐՔԻՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ պատճառում: 2014 թվին ով ԴԵՌ կարծում է,թե նույնասեռականությունը «հիվանդություն» է,նա ի՛նքն է հիվանդ:
Օրինակ Բելգիայի պրեմիեր-մինիստրը (վարչապետը) բաց կերպով նույնասեռական է: Այսինքն՝ բելգիացիները իրենց երկրի ղեկավար են ընտրել «հիվանդի՞»: Հայաստանցի հայերը իրենց կոտորում են Բելգիայում ստատուս ստանալու համար. նույնիսկ բերաններն են կարում,որ Հայաստան չուղարկեն: Ոչ մի բելգահայ իրար չանցավ ու հետ չեկավ Հայաստան,երբ նա Բելգիայի վարչապետ ընտրվեց: Նույնը՝ աշխարհի տարբեր երկրներում՝ սկսած Արգենտինայից մինչև Ավստրալիա: Ըստ երևույթին «անբարոյական» եվրոոպայում իրենց ավելի լավ են զգում, քան «բարոյական» Հայաստանում:
Նույնասեռականներին քավության նոխազ մի՛ դարձրեք,այլ մտածեք ԱՐՏԱԳԱՂԹԻ իրակա՛ն պատճառների մասին:
Նույնասեռականությունն էլ ԲԱԶՄԱՇԵՐՏ ու ոչ միատարր երևույթ է, ինչպես բոլոր բնական երևույթները: Հայաստանցիների մեծագույն մասը, նույնասեռական ասելով, պատկերացնում է այգում թաքնված ու արտառոց հագնված ինչ-որ մի տրավեստիտի կամ գեյ-շքերթի մասնակցող կիսամերկ ինչ-որ մի տղայի: Սրանք անարդար, պրիմիտիվ, սխալ ու զավեշտական պատկերացումներ են:
Նախ՝ տրավեստիզմը սեռական կողմնորոշում ՉԷ. այսինքն՝ տրավեստիտ կարող են լինել և՛ տարասեռականները (heterosexuals), և՛ նույնա-երկսեռականները (homo/bisexuals): Երկրորդ՝ գեյ-շքերթը ԲՈՂՈՔԻ ակցիա է՝ հսկա դիսկրիմինացիայի դեմ. դա ապրելաձև չէ՛ : Շատ այլ բողոքի ակցիաների ժամանակ մասնակիցները սուլում, գոռում են ու շերեփներով խփում են ղազաններին: Սա հո չի նշանակում, որ այս մարդիկ ղազաններն ու շերեփները ձեռքին են ապրում:
Իսկ տրանսսեքսուալիզմը (հակառակ սեռին պատկանելու ներքին զգացումը) դա ֆիզիոլոգիական վիճակ է (medical condition), որը ոչ մի կապ չունի նույնասեռականության հետ: Նույնիսկ Իրանում է պետությու՛նը ֆինանսավորում նման սեռափոխությունների համար: