Այսօր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը հյուրընկալեց Ֆրանսիայի բարձրագույն կրթության և հետազոտության նախարարության Եվրոպական և միջազգային հարաբերությունների և համագործակցության գծով գլխավոր քարտուղար պրոֆեսոր Ժան-Լյուք Քլեմանին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Գասպարիանին և եվրոպական համագործակցության հարցերով կցորդ Տիֆեն Ռամպիյոնին:
Գիտության պետական կոմիտեի նախագահը ողջունեց հյուրերին` նշելով, որ ուրախ է հյուրընկալել Ֆրանսիայի պատվիրակությանը Գիտության պետական կոմիտեում, քանի որ խիստ կարևորում է հայ ֆրանսիական համագործակցությունը և գործընկերային կապերը:
Պարոն Հարությունյանն անդրադարձավ հատկապես Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետ իրականացվող համագործակցային ծրագրերին, ինչպես նաև ՔԵՆԴԼ ծրագրի շրջանակներում իրականացված այցելություններին Ֆրանսիա, այդ թվում նաև` ՍՈԼԵՅ կենտրոն, և ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածություններին:
Պարոն Քլեմանը ևս կարևորեց Հայաստան-Ֆրանսիա գիտակրթական հարաբերությունների խթանումը, ներկայացրեց այցի նպատակները՝ նշելով, որ գիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու և նոր կապեր հաստատելու ակնկալիքներ կան:
Պարոն Քլեմանը ներկայացրեց իրենց դիտարկումները տարածաշրջանում Հայաստանի ունեցած ձեռքբերումների, դիրքի և կարգավիճակի վերաբերյալ` նշելով, որ հատկապես ֆիզիկայի, աստղաֆիզիկայի բնագավառներում Հայաստանն առաջատար դիրքերում է:
Կողմերը պատրաստակամություն և ցանկություն հայտնեցին համագործակցությունը զարգացնել նաև հումանիտար և սոցիալական գիտությունների ոլորտներում:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին