ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ միջազգային դպրոց հիմնելու ծրագիրը: Դեսպանը նախարարին է ներկայացրել նախագծի իրագործման առաջարկություն՝ նշելով, որ չինական կողմը պատրաստ է իր վրա վերցնել դպրոցի կառուցման ֆինանսավորումը, հստակեցնելով կրթական ծրագիրը, ինչպես նաև դպրոցի կառավարմանն առնչվող հիմնական մանրամասները:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ նախաձեռնությանն արձագանքելու և գործնական քայլեր ձեռնարկելու համար, նշելով, որ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը լինելու է ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող դպրոց, որտեղ կկազմակերպվի չինարեն լեզվի, ինչպես նաև մշակույթի և պատմության ուսուցում: Անդրադառանալով դպրոցի կառավարման կազմակերպմանը՝ ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի դպրոցների կառավարման համակարգը՝ նշելով, որ չինական կողմը ևս կարող է ներգրավվել դպրոցի կառավարման գործընթացին՝ ունենալով իր ներկայացուցիչներին դպրոցի կառավարման խորհրդում:
Իսկ կրթական ծրագրերի ու ուսուցման մեթոդների հարցում, ինչպես նշել է նախարարը, հայկական կողմն ակնկալում է չինացի մասնագետների աջակցությունը: “Չինական հրաշքի մասին ողջ աշխարհը հիացմունքով է խոսում: Ես հույս ունեմ, որ մենք համատեղ ջանքերով Հայաստանում, ի դեմս այս դպրոցի, կստեղծենք չինական փոքրիկ հրաշք”,- հանդիպման ընթացքում նշել է Արմեն Աշոտյանը:
Քննարկման ընթացքում նշվել է, որ չինական դպրոցի նախագիծը ձևի և բովանդակության առումով տարածաշրջանում և նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում բացառիկ կլինի և կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ տարածաշրջանի այլ երկրներում:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն