«Ես այդ ստորագրահավաքին վատ եմ վերաբերվում: Պարզ ասեմ՝ էքսվարչապետը գնում է դեսպան, դա դեռ պիտի ողջունվի: Նա իր կապերով, իր աշխատանքային փորձով, կարծում եմ, էապես օգտակար կլինի ե՛ւ ՀՀ-ին, ե՛ւ ամերիկահայ մեր համայնքին: Այդ ստորագրահավաքը քաղաքական ինտրիգների դաշտն է, ոչ թե ռեալ բան: Մեկ անգամ եւս փորձում են օֆշորային սկանդալը հանել: Գիտեք, ուրիշ բան է, երբ չեղած բանը տարածում են, ուրիշ բան, երբ կոնկրետ բան կա: Հիմա ոչ որեւիցե կոնկրետ բան կա, ոչ գործ կա հարուցված, ոչ էլ այդ գործով Տիգրան Սարգսյանը անցնում է»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսպես մեկնաբանեց ԱՄՆ-ի հայկական ֆորումի կազմակերպած ստորագրահավաքը՝ ընդդեմ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հայկական ֆորումը դիմել էր ԱՄՆ պետդեպարտամենտին՝ խնդրելով թույլ չտալ, որ օֆշորային աղմկահարույց գործում ներգրավված, խաբեության միջոցով անձնական հարստություն կուտակած այդ պաշտոնյան ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվի: change.org կայքի տեղեկատվությամբ՝ ստորագրահավաքը նախաձեռնողները ԱՄՆ պետդեպարտամենտին խնդրել են մերժել Տիգրան Սարգսյանի՝ դիվանագիտական անձեռնմխելիություն ձեռք բերելու անամոթ փորձը՝ նշելով, որ նրա պես հանցանքներում մեղադրվող անձին դեսպան նշանակելը հակասում է ԱՄՆ-ի ժողովրդավարական, օրենսդրական սկզբունքներին եւ վտանգում է իրենց ազգային արժանապատվությունը:
Սուքիաս Ավետիսյանը հարց ուղղեց ստորագրահավաքի կազմակերպիչներին. «Իսկ ո՞ւմ են ուզում իրենք: Կա՞ այնպիսի մի մարդ, որին իրենք ուզում են: Ո՞վ ունեն, թող իրենք հլը մի հատ իրենց կարծիքը ասեն, ոչ թե ստորագրահավաք: ԱՄՆ-ի պես պետությունում իրոք պետք են Տիգրան Սարգսյանի պես փորձառու մարդիկ: Ես, համենայնդեպս, վատ եմ վերաբերվում այդ ստորագրահավաքին: Կարծում եմ, որ դա պատվեր է՝ այստեղի որոշ քաղաքական ուժերի կողմից»:
Ըստ Սուքիաս Ավետիսյանի, այդ ստորագրահավաքը Տիգրան Սարգսյանի վարկանիշի վրա ոչ թե վատ, այլ նույնիսկ դրական կանդրադառնա. «Եթե որեւիցե մեկին թվում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտն ինֆորմացիայի չի տիրապետում, չարաչար սխալվում է: Նրանք երեւի թե ավելի շատ ինֆորմացիա ունեն նշանակվող դեսպանների մասին, քան իրենք, որ փորձում են ստորագրահավաքներով, բողոքի ակցիաներով բարձրաձայնել»:
Մեր դիտարկմանը, որ կարծիք կա, որ ՀՀԿ-ն միշտ այսպիսի պախարակված քաղաքական գործիչների է ուղարկում դեսպաններ, դրա համար էլ նրանք այնտեղ բիզնեսներով են սկսում զբաղվել՝ Սուքիաս Ավետիսյանը հակադարձեց. «Ես ընդհանրապես համաձայն չեմ այդ կարծիքին, որովհետեւ ի՞նչ է նշանակում պախարակված քաղաքական գործիչ: Եթե մարդը դիմում է գրում ու աշխատանքից դուրս է գալիս, ուրեմն պախարակված քաղաքական գործի՞չ է: Ո՞վ է ասել, որ մարդը պիտի տասնամյակներ մնա նույն պաշտոնին: Բնական է, պաշտոնների տեղաշարժ պետք է լինի, որը կարեւոր է մարդու համար, ինչպես նաեւ աշխատանքի արդյունավետության համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ՈՒնիկալ, եզակի, անկրկնելի մարդկային որակներ ուի այս Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԸ: Արշակյան քույրերին վնասեց որքան կարողացավ, հիմա էլ Տիգրան Սարգսյանին է անցել….
Վնասելու եզակի հնարավորություններ ունի այն քինչ թվով մարդկանց, որոնց պետք էր սատարել:
Ես կարծում էի Առավոտը-ին կարելի է հավատալ ու այդպես սկսել էի մտածել մոտավորապես արդեն մի 3-4 տարի առաջ:
Ավաղ…