Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենգուրուն» մաթեմատիկական տոն է երեխաների համար». Նարինե Հովհաննիսյան

Հուլիս 03,2014 17:03

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին այս տարի 3-12-րդ դասարանցի շուրջ 44.000 աշակերտ է մասնակցել Հայաստանի և Արցախի 1040 դպրոցներից:

Այս մասին այսօր լրագրողների և «Կենգուրուի» այս տարվա ութ հաղթողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում մրցույթի կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը:

«Կենգուրուն» այս տարի ունի 1469 մրցանակակիր աշակերտ, որոնցից 617-ը գրանցել են լավագույն արդյունք և արժանացել նաև պատվոգրերի, իսկ ութ հաղթողներն այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում պարգևատրվեցին:

Դ. Սահակյանի խոսքով՝ հանրապետության մարզերն այս տարի աչքի են ընկել մասնակցության իրենց ակտիվությամբ, ավելին՝ ութ հաղթողներից չորսը մարզերի դպրոցներից են (4-րդ դասարանի աշակերտներ Զինա Ղազարյանը, Նաիրա Շահբազյանը և Էրիկ Մելիքյանը՝ Լոռու մարզից, իսկ Մերի Ավետիսյանը՝ Շիրակի մարզից), իսկ մյուս չորսը (Զարուհի Հակոբյան, Ալբերտ Գևորգյան, Էդուարդ Միհրանյան և Տիգրան Շախկյան)՝ Երևանի դպրոցներից ու վարժարաններից:

Հիշեցնենք, որ «Կենգուրուն» արդեն վեցերորդ տարին անընդմեջ Հայաստանում անցկացվում է ՀՀ կրթության և գիտության և չորրորդ տարին՝ Արցախում ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների հովանու ներքո:

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ իրենց համար առաջնային խնդիր է կրթության որակի բարելավումն ու շնորհալի երեխաների հայտնաբերումը, ուստի՝ տարբեր միջոցառումներ են կազմակերպվում՝ բացահայտելու և խրախուսելու առաջադեմ երեխաներին, քանի որ նրանք են մեր վաղվա հերոսներն ու ապագան. «Կենգուրուն» նմանատիպ միջոցառումներից մեկն է,- ասում է Ն. Հովհաննիսյանը,- և շատ ուրախալի է, որ տարեցտարի այն ավելի սիրելի է դառնում երեխաների կողմից՝ ինչ-որ տեղ վերածվելով նաև մաթեմատիկական տոնի»:
Հիշեցնենք, որ «Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է ավելի քան 60 երկրում՝ մոտ 7 միլիոն դպրոցականների մասնակցությամբ:

Անդրադառնալով մրցույթին մասնակցելու ցանկությանն ու պայմաններին՝ «Կենգուրու» ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանն ասաց, որ «Կենգուրուին» կարող են մասնակցել 3-12-րդ դասարանի բոլոր աշակերտները՝ անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից. «Կարևորը երեխայի ցանկությունն է՝ փորձել իր ուժերը մաթեմատիկայում, նորովի նայել այս հետաքրքիր առարկային,- ասում է Շ. Կարապետյանը,- ի վերջո, մրցույթի նպատակը մաթեմատիկայի հանդեպ համընդհանուր հետաքրքրություն առաջացնելն է և երեխաների համար այն առավել գրավիչ ու սիրելի դարձնելը»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031