Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները:
2014 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանում ընդունելություններին մասնակցել է 996 քաղաքացի, որից 116-ը՝ հունիս ամսվա ընթացքում: Ներկայացված հարցերը ստացել են համապատասխան լուծումներ:
Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում կազմակերպվող ընդունելություններին հունվարի 1-ից հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում մասնակցել է 2810 քաղաքացի: Ընդ որում, նրանցից միայն 534-ը՝ վերջին ամսվա ընթացքում: Բնակիչների կողմից ներկայացված 2200 հարցի տրվել է դրական լուծում և սպառիչ պատասխան: Բարձրացված հարցերից 18-ը մերժվել է՝ վարչական շրջանի կամ քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում չլինելու պատճառով: 522 դիմում էլ կատարման ընթացքում է և պատասխանատուների մշտական հսկողության տակ՝ հնարավորին սեղմ ժամկետում դրանց ևս լուծում տալու նպատակով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայիսից վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում ամենշաբաթյա ընդունելություններին մասնակցում և բնակիչներին հուզող հարցերին տեղում ծանոթանում են նաև քաղաքապետի տեղակալները, խորհրդականները և աշխատակազմի քարտուղարը:
Ընդունելությունների ընթացքում քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերին տրվել են համապատասխան լուծումներ կամ սպառիչ պատասխաններ:
Ինչպես ընդունելությանը մասնակցած բնակիչներն են նշել, քաղաքապետի տեղակալի ներկայությունն ու մասնակցությունն իր հերթին նպաստում է, որ տեղում լուծումներ գտնեն նաև այն խնդիրները, որոնց լուծման համար իրենք պետք է դիմեին քաղաքապետարան և որոնց համար որոշակի ժամանակ էր պահանջվելու: Պատասխանատուները նաև հենց այս հանգամանքով են պայմանավորում ընդունելություններին մասնակցող բնակիչների թվի աճը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն