Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Աֆրիկյանների տուն չէ, պոռնկանոց». մասնագետները քննարկում են Աֆրիկյանների տան ճակատագիրը

Հուլիս 03,2014 16:34

 

«Պետական կարիքների զոհեր » հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանի խոսքով՝
2000-2004 թվականին, երբ հուշարձանների ցանկ չկար, բոլոր հուշարձանները դարձել են օբյեկտներ: Հյուսիսային պողոտայի եւ հարակից շենք շինությունները քանդվել են առանց մասնագիտական եզրակացության, 14 հուշարձան պետք է տեղափոխվեր, բայց չի տեղափոխվել ու հուշարձանների տարածքները իրացվել են առանց լիազոր մարմնի թույլտվության:

Ըստ նրա, Երեւանի կենտրոնի շենքերի քանդումը քաղաքապետարանից հիմնավորել են, որ ներդրողների կողմից ձեռք բերված տարածքներում շինարարությանը խոչընդոտել են. «Սահմանադրության խախտումներով են քանդվել»:

Անդրադառնալով Աֆրիկյանների տան քանդման աշխատանքներին, ասաց. «Խոսել այն մասին, որ քանդվում է, որովհետեւ չորս մետր առաջ է եկել դեպի փողոց, եւ փողոցը պետք է լայնանա եւ Աֆրիկյանների տունը խանգարում է, պարզապես հետին թվով արդարացումներ են: 2002-ին է որոշվել Աֆրիկյանների տան ճակատագիրը, հենց այդ ժամանակ որոշվեց՝ պետք է իրացվի ու վերջ»:

ճարտարապետ Մարիետա Գասպարյանն էլ ռեպլիկ արեց՝ ինչու տասներկու տարի հետո են որոշել Աֆրիկյանների տան համար պայքարել ու աղմուկ հանել. «Եթե 2004-ին պաշտպանությամբ հանդես գայիք, գուցե հիմա այլ արդյունք կունենայինք»:

Ավետիք Իշխանյանն էլ հակադարձեց. «Ձեր հարցը անհասկանալի է, էն ժամանակ քիչ էինք պայքարում, լավ իրազեկված չէինք, ինչքան շատանանք, էնքան լավ: Լավ է ուշ, քան՝ երբեք»:

«Կներեք, եթե տպավորություն ստեղծվեց, թե ես ասում եմ՝ վատ եք անում: Պարզապես ասում եք՝ 14 շենք արդեն մոնտաժվել է, գուցե պետք է դրա՞նք վերականգնել, գուցե դա՞ է մեր խնդիրը»:

«Հին Երեւան» նախագծի ճարտարապետ Լեւոն Վարդանյանն էլ դիտողություն արեց, թե մոռանում եք, որ հուշարձանների ոչնչացումը սկսվել է խորհրդային տարիներից. «Շատ լուրջ թեմա է գնում, բայց այն ներկայացնում են ոչ մասնագետ ընկերները, սա լուրջ մասնագիտական ճարտարապետական խնդիր է…այն ժամանակ, երբ բոլոր հին հուշարձան շենքեր ասվածները չափագրում էինք, մեր մեջ ախր պայքարել հասկացությունը չկար, ասում էին, ե՞րբ պետք է քանդեք, մենք նորը ստանանք: Բացի դա, անընդհատ ասում եք՝ Աֆրիկյանների ակումբ: Աֆրիկյանների ակումբ չէ, պատմությունը մի խեղեք, եթե պայքարում եք: Էդ շենքն ունի պատմություն, ստեր անելով հնարավոր չէ գործն առաջ տանել: Խորհրդային տարիներին, երբ ուզում էին ձեռք տալ էդ շենքին, ասում էին՝ պոռնկատուն է եղել»:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ միջամտեց՝ անընդհատ ասում եք, այստեղ մասնագետներ հավաքված չեն, դուք եք մասնագետ. «Ուզում եմ խոսել՝ այսպես կոչված մասնագետների մասին, այդ թվում Նարեկ Սարգսյան չակերտավոր մասնագետի մասին: Այդ մասնագետները կործանեցին Հայաստանը եւ շարունակում են կործանել: Դուք վիրավորում եք մեզ, թե մասնագետ չենք, թե ճաշակ չունենք: Սա հիշողության հարց է, եկեք այդ բառը չասենք: Սա մեր քաղաքն է, մեր սիրտը ցավում է, երեւանցի ենք… կրկնում եմ, մասնագետները կործանել են մեր քաղաքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031