Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներ

Հուլիս 03,2014 16:13

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ անցկացվում են «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներ։ Հերթական քննարկման օրակարգում էին զուգահեռ ներմուծման և գրանցման ընթացակարգերը:

«Դեղերի ոլորտում բարեփոխումներ իրականացնելիս առաջնային է լինելու որակի, անվտանգության, արդյունավետության և կենսահամարժեքության բոլոր ցուցանիշների ապահովումը»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Անդրադարձ եղավ դեղերի զուգահեռ ներմուծման մոդելին, որի կիրառումը հնարավորություն կտա պայքարել դեղերի մոնոպոլ գների դեմ:
Կարևորելով որակյալ դեղերի գների մատչելիությունը` նախարարն ընդգծեց, որ զուգահեռ ներմուծման մոդելի կիրառման դեպքում պետք է մշակվեն և կիրառվեն այնպիսի ընթացակարգեր, որոնք ներկրող ընկերությունների համար կսահմանեն հստակ պարտականություններ և պահանջներ:

««Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծն ամբողջությամբ կարգավորելու է դեղերի շրջանառության ոլորտը՝ սկսած դեղի արտադրությունից, մինչև դեղի գրանցում և իրացում»,-ասաց Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը:

Անդրադառնալով դեղերի զուգահեռ ներմուծմանը, նա կարծիք հայտնեց, որ թեև «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծում ներառված են դրույթներ, որոնք դրա հնարավորությունը տալիս են, անհրաժեշտ է կարգավորման խիստ մեխանիզմներ ներդնել զուգահեռ ներմուծվող դեղերի որակն ու անվտանգությունն ապահովելու նպատակով:

«Շատ երկրներում դեղերի գները թելադրում են արտասահմանյան դեղագործական խոշոր ընկերությունները, որոնք կարող են նույն դեղը ԱՊՀ և եվրոպական երկրներին մատակարարել տարբեր գներով: Համաձայն զուգահեռ ներմուծման կանոնակարգի՝ Հայաստանում արդեն հնարավոր կլինի դեղեր ներմուծել այլ երկրներից՝ առանց արտադրողի թույլտվության»,-նշեց առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը:

Ընդգծվեց, որ դրանով մեր տնտեսվարողներին հնարավորություն է ընձեռվում նույն դեղը եվրոպական շուկայում փնտրել և գտնել առավել մատչելի գնով եւ ներկրել Հայաստան՝ պահպանելով դեղերի ներմուծման ընթացակարգերի պահանջները: Զուգահեռ ներմուծումը եվրոպական բազմաթիվ երկրներում գործում է մոտ քառասուն տարի` թույլ չտալով դեղարտադրողներին չարաշահել մենաշնորհային իրենց դիրքերը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2014թ. մարտին նախարարություն կատարած այցի ժամանակ, հաշվի առնելով վերջին տարիներին մեր երկրում դեղերի գների արձանագրվող աճը, հանձնարարել էր դեղորայքային քաղաքականության այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որոնց շնորհիվ կնվազեն դեղերի գները` ապահովելով դրանց որակը, անվտանգությունն ու արդյունավետությունը։

Աշխատանքային հաջորդ քննարկմանը Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց մեր երկրում դեղերի գրանցման ընթացակարգերին` համեմատելով միջազգային փորձի հետ:

Ամփոփելով երկօրյա աշխատանքային քննարկումների արդյունքները` նախարար Մուրադյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարականներ տվեց, որոնք վերաբերում էին դեղերի փորձաքննությունը միջազգային պահանջներին համապատասխանեցնելուն և թափանցիկության բարձրացմանը, ինչպես նաև գրանցման ընթացակարգերի առավել հստակեցմանը:

Նախարարի տեղակալ, առողջապահության ոլորտի օրենսդրության բարեփոխումների պատասխանատու Սերգեյ Խաչատրյանին հանձնարարվեց կազմակերպել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի հիմնարար մյուս սկզբունքների և դրույթների քննարկումը։

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031