Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը լիազորություններից զրկելու հարցը դեռ կքննարկվի

Հուլիս 03,2014 15:29

«Ադրբեջանի նպատակն էր հարցերը իջեցնել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի: Մեր քաղաքականությունը հիմնվեց նաև նրա վրա, որ սա չդառնա հայ-ադրբեջանական բանավեճ, այլ Եվրախորհրդի բանավեճը Ադրբեջանի հետ»,-Aravot.am-ի հարցին՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահի ելույթի օրը ինչո՞ւ Հայաստանի պատվիրակությունը գերադասեց լռել, այլ ոչ թե որևէ ժեստով, կամ հարցով ցույց տալ անհամաձայնությունը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Տիկին Նաղդալյանը շարունակեց, թե դա եղել է բոլորի համաձայնությունը՝ հարցով հանդես չգալ, քանի որ դա կնշանակեր հնարավորություն տալ հակահայկական շոուի մի նոր արարի, որին վստահաբար սպասում էր Ադրբեջանի ղեկավարը:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը հավելեց. «Մեր կողմից հարց ընթերցելը կլիներ փրկօղակ Ալիևի համար՝ շեղվել իրենց երկրում գոյություն ունեցող խնդիրներից: Ու այն ամբողջ բացասական ագրեսիան և ցինիզմը, որ նախատեսված էր հայ պատվիրակների հարցերին ի պատասխան, հնչեց մեր եվրոպացի պատվիրակների հարցերին ի պատասխան, ինչը փոխեց Ադրբեջանի նկատմամբ եվրոպացիների վերաբերմունքը»:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը նկատեց. «Երբ դու հակառակորդ երկրի ղեկավարին հարց ես ուղղում, դու հնարավորություն ես տալիս նրան ասել այն, ինչ չէր կարող ասել եվրոպացի պատվիրակների հարցերին ի պատասխան: Ադրբեջանին, դա պարզապես կնշանակեր շանս տալ, որ հնչեցնել այն ամենը, ինչ կարող էր ասել միայն ի պատասխան հայկական պատվիրակի»: Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ եվրոպացի պատվիրակները գնահատանքով էին մոտենում իրենց քայլին, թեև դա ներքին լսարանի համար փաստորեն ընկալելի չէր:

Հարցին՝ արդյոք Ստրասբուրգում և Աստանայում լռությունը զուգահեռ չէ՞ միմյանց, տիկին Նաղդալյանը արձագանքեց. «Թե Աստանայում, թե Ստրասբուրգում փորձեք գործով գնահատել: Փորձեք հասկանալ, թե ամպագոռգոռ խոսքերի տակ ինչ նպատակ է դրված, որտեղ է մեր երկրի շահերը: Մենք գերադասել ենք մեր խնդիրները տեսնել գործի մեջ, ամբողջ շաբաթը աշխատել ենք»:

Քննադատություններին, թե Ալիևին՝ արդեն հետո՝ հետագա նիստում հայ պատվիրակները չարձագանքեցին, քանի որ նախօրոք պատրաստված տեքստ չունեին, Հերմինե Նաղդալյանը արձագանքեց. «Տեքստի խնդիր ընդհանրապես չունեինք: Տարբեր լեզուներով տարբեր նյութերի վերաբերյալ պատրաստված ելույթներ ունեինք, դեռ ելույթներ ունեինք նախապատրաստած նաև ազատ դեբատի համար»:

Անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանի այն քննադատություններին, թե բավական փորձառություն չունեին, որ հարց հնչեցնեին, տիկին Նաղդալյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ ինքը Ստրասբուրգում լինելով, մեկ կամ երկու նախադասություն ավել կամ պակաս ասելով գործին օգուտ էր տալու»:
Հերմինե Նաղդալյանը նշեց, որ պատվիրակությունը միասնական ու ծանրաբեռնված է աշխատել, նույնիսկ հումոր էին անում, թե ԵԽԽՎ շենքի լույսերը հայերն են անջատում:
Հարցին ՝ ասուլիսին ինչու՞ չեն մասնակցում պատվիրակության ընդդիմադիր անդամները, տիկին Նաղդալյանն ասաց, որ Լևոն Զուրաբյանն ու Արմեն Ռուստամյանը ձևավորված ավանդույթը պահպանում են, դրա համար էլ չեն մասնակցում ասուլիսին: Մյուսները գործի բերմամբ են բացակայում:

Ամփոփելով՝ տիկին Նաղդալյանն ասաց. «Չեմ կարծում, որ այս նստաշրջանում մեր նպատակը պիտի լիներ Ալիևին ինչ-որ մի բան ասելը: Լռության քաղաքականությունը այս պահին ընտրված քաղաքականություն է: Ժամանակին էրդողանին հարց ենք տվել, ստացել ենք դաժանագույն պատասխան, այն ժամանակ էլ քննադատում էին, թե չէի՞ք հասկանում, որ այդ իրավիճակում կարող է նա թեմայավորվի, առիթավորվի, քարտ բլանշ են տալիս նրան»:

Հայկական պատվիրակությանը լիազորություններից զրկելու՝ ադրբեջանցի պատվիրակի բանաձևի մասին, տիկին Նաղդալյանն ասաց. «Բոլորը հասկանում ու պատկերացնում են՝ որևէ իրավական հիմք նման բանաձևի համար գոյություն չունի: Բանաձևը մրոտված ու գրոտված թղթի տպավորություն է թողնում: Այս անգամ Բյուրոյի նիստում այդ բանաձևը չքննարկվեց, կքննարկվի Բյուրոյի հաջորդ նիստում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031