Լրահոս
Օրվա լրահոսը

«Լյուքս Ստեփանյանին միտումնավոր չի սպանել». Փաստաբանը արդարացնում է սպանողին

Հուլիս 03,2014 15:08

Բանակում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի փաստաբանները հերքում են դիտավորյալ սպանության մեղադրանքը:

Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց, որ դեռ Սեւանից իրենց սպանված տղայի դին Երեւան տեղափոխելու ճանապարհին իրենց ընդառաջ գնացած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից ու այն ժամանակ զինդատախազ Գեւորգ Կոստանյանից Լյուքս Ստեփանյանի հարազատները պահանջեցին, որ ամենաբարձր մակարդակով հայտարարեն, որ տեղի է ունեցել միտումնավոր սպանություն. «Դեպքից 3 օր անց, պաշտպանության նախարարը տուրք տվեց պահանջներին եւ հայտարարեց, որ նախնական տեղեկություններով միտումնավոր սպանություն է եղել: Այդ ժամանակ մտածում էինք, որ պաշտպանության նախարարը այդ հայտարարությունը իրադրությունից դրդված արեց, բայց հետագայում պարզվեց, որ ամբողջ նախաքննությունը ընթացավ հենց այս ուղղությամբ: ՊՆ քննչական ծառայությունը փորձեց իրենց ղեկավարի ասածը հաստատել: Ամբողջ նախաքննությունը տանելով այդ ուղղությամբ` Դավիթ Խաչատրյանին մեղադրանք առաջադրվեց, ապա մեղադրական եզրակացություն կազմվեց հենց սպանություն կատարելու համար»:

Պարոն Սարգսյանը նաեւ պատմեց, որ հետագայում դատարանում հրապարակվել է քրեական գործին կցված Լյուքս Ստեփանյանի մոր դիմումը. «Դեռ նախաքննության փուլում տուժողի մայրը դիմում էր գրել պաշտպանության նախարարին` հիշեցնելով՝ Սեւան-Երեւան մայրուղում խոստացաք, որ պատիժը լինելու է ցմահ կամ 18-20 տարվա ազատազրկում: Հետագայում մեղադրողը միջնորդեց, որ հենց տասնութ տարվա ազատազրկման դատապարտեն Դավիթ Խաչատրյանին: Չեմ կարծում, որ այսքան պատահականություններ լինեն այս գործում»:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ պաշտոնյաները փորձում են այս հասարակական հնչեղություն ունեցող գործով ցրել կարծրատիպը, թե բոլոր սպանությունները բանակում կոծկվում են ինքնասպանության շղարշով.«Հասարակությանը ցույց են տալիս, որ գործ ունեն ոչ թե կոծկման հետ, այլ օբյեկտիվ քննություն է կատարվել»:

Փաստաբանի խոսքով, նախաքննությունից սկսած դատաքննությունով ավարտված, չկան ապացույցներ, որ իր պաշտպանյալը ցանկացել է դիտավորյալ սպանել: Նա ասաց, որ վկաներն էլ են հերքել միտումնավոր սպանելու մտադրությունը եւ պատմել, որ գոտկատեղի հատվածից հնչած պատահական կրակոցի արդյունքում մահացած Լյուքս Ստեփանյանի մահից հետո Դավիթ Խաչատրյանը ուժեղ լացել է ու կորցրել իրեն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031