Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ մշտական հանձնաժողովի արտագնա նիստը Գեղարքունիքի մարզում

Հուլիս 03,2014 13:52

Հունիսի 29-ին ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը արտագնա նիստ էր կազմակերպել Գեղարքունիքի մարզում՝ քննարկելու Սեւանա լճի հիմնախնդիրները` լճի մակարդակի բարձրացման, ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության, ջրային պաշարների կառավարման հարցերը, տեղերում ուսումնասիրելու եւ լսելու ոլորտի պատասխանատուներին:

Մինչեւ նիստը սկսելը, հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Տաճատ Վարդապետյանը, անդամներ Լյովա Խաչատրյանը, Վահագն Մախսուդյանը, Արմեն Բաբայանը եւ Վազգեն Կարախանյանը կառավարության ներկայացուցիչների ու Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեցին Սեւան-Հրազդան կասկադի գլխամասային կայան, որտեղից կարգավորվում է Սեւանի ջրի բաշխումը բոլոր էլեկտրակայաններին եւ ոռոգիչ ջրանցքներին՝ տեղում համոզվելու, որ Սեւանից ջրառը կատարվում է խիստ հսկողության ներքո: Այնուհետեւ հանձնաժողովի անդամները եղան «Սեւան» ՀԷԿ-ում: Նշենք, որ Սեւանա լճից ջուր բաց թողնելու համար կառուցվել է հինգ կիլոմետրանոց ստորգետնյա թունել: ՀԷԿ-ի տարածքը ուսումնասիրելուց հետո պատգամավորները ուղեւորվեցին «Սեւան» ազգային պարկի գրասենյակ, որտեղ կայացավ արտագնա նիստը:

Նիստի ընթացքում քննարկվեցին Սեւանա լճի հիմնախնդիրները, մասնավորապես Սեւանից լրացուցիչ ջրառին, լճի մակարդակի տատանումներին, ձկան պաշարներին, ափամերձ անտառածածկ տարածքներին վերաբերող ու այլ հարցեր: Թեմայի շուրջ ելույթ ունեցան ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ Նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը եւ ուրիշներ:
ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը նիստի մասնակիցներին տեղեկացրեց, որ թեեւ կան բազմաթիվ խնդիրներ, սակայն դրական միտումները նկատելի են եւ արդյունքները` ակնհայտ: Օրինակ, Սեւանի ջրի մակարդակը պլանավորածից ավելի է բարձրացել, վերջին տարիներին բաց թողնված մանրաձուկը տվել է դրական արդյունքներ:

ՀՀ Նախագահին առընթեր Սեւանի լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը նկատեց, որ արհեստական կերի ավելցուկը չի նպաստում լճի ճահճացմանը, քանզի, ըստ վերջին ուսումնասիրությունների, այն լիովին սպառվում է խեցգետինների կողմից, որոնց ծավալները նույնպես ավելացել են:
ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, կարեւորելով արտագնա նիստի ձեւաչափով անցկացվող հանդիպում-քննարկումները, նշեց, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել խորհրդարանական լսումներ` քննարկելու Սեւանա լճում ձկնաբուծության զարգացման ծրագիրը:

ՀՀ ԱԺ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031