Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը Ղարաբաղում կռվելու ռեսուրս չունի, ուստի չի բացի այդպիսի ճակատ». «Առաջին լրատվական»

Հուլիս 03,2014 13:09

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի վերլուծաբան, ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը:

– Պարոն Ֆելգենգաուեր, հայտնի է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին միանալու մասին՝ ելնելով առաջին հերթին անվտանգության նկատառումներից. չէ՞ որ ընդունված է ասել, որ Ռուսաստանն է Հայաստանին տրամադրում անվտանգության երաշխիքներ: Սակայն այդ անվտանգության երաշխիքները երբեք գործնականում չեն ապահովում ՀՀ անվտանգությունը: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, գոյություն ունի հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագիր, որում ամրագրված են այդ երաշխիքները, և թե որ դեպքում պետք է դրանք ուժի մեջ մտնեն: Հայտնի է, որ այս օրերին բավականին լարված է հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը, և սահմանային հայկական գյուղերը ադրբեջանական կրակահերթերի տակ են: Ինչո՞ւ ուժի մեջ չեն մտնում ռուսական անվտանգության երաշխիքները:

– Այդ երաշխիքներն ամրագրված են համապատասխանաբար ՀԱՊԿ համաձայնագրերում: Դրանց համաձայն՝ պետք է որ սկսվեն խորհրդակցություններ լուրջ սպառնալիքի դեպքում, բայց որքան ես եմ հասկանում՝ ռուսական անվտանգության երաշխիքները չեն վերաբերում Ղարաբաղին: Օրինակ՝ դա ինչ-որ չափով վերաբերում է Թուրքիային, Հայաստանում ռուսական զորքերը երաշխավորում են Հայաստանին Թուրքիայի կողմից ռազմական ագրեսիայից, սակայն Ղարաբաղն ընդգրկված չէ ՀԱՊԿ-ում, ուստի չի ընդգրկվելու ռուսական ինտեգրացիոն պրոյեկտներում: Այնպես որ՝ Ղարաբաղյան հակամարտության դեպքում և Ղարաբաղի դեպքում ոչ մի գործընկերային հարաբերություն և պարտավորություն չի գործում:

– Խնդիրն այն է, որ ռուսաստանցի պաշտոնյաները երբեք լրջորեն չեն դիտարկում այն հարցը, որ ադրբեջանական կրակահերթերի տակ հիմնականում հայտնվում է ոչ թե Ղարաբաղը, այլ հայկական գյուղերը: Վերջին շրջանում ակտիվացել են կրակահերթերը նաև սահմանի Նախիջևանի հատվածից: Այս դեպքո՞ւմ ինչու չկա արձագանք:

– Այս դեպքում սկզբունքորեն պետք է որ ՀԱՊԿ նորմերն իրենց ուժը ստանան: ՀԱՊԿ կանոնադրությունը գրվել է՝ հիմքում ունենալով Վաշինգտոնյան համաձայնագիրը, ՆԱՏՕ-ն: Այնտեղ շատ հստակ կերպով ամրագրված է, որ կողմերը պետք է անցկացնեն խորհրդակցություններ: Այնպես որ՝ դե յուրե ՀՀ տարածքները Ռուսաստանի համար համարվում են գործընկերային, ուստի պետք է ենթադրել, որ Ռուսաստանը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի, առավել ևս, երբ ՀՀ-ում կան ռուսական զինված ուժեր, սահմանապահներ, ավիացիա և այլն: Ռուս սահմանապահներ չկան Նախիջևանում, բայց Թուրքիայի հետ սահմանին կան: Ինչպե՞ս իրեն կդրսևորի Մոսկվան, եթե Ղարաբաղում վերսկսվեն լուրջ ռազմական գործողություններ, եթե դրանք տարածվեն մինչև Նախիջևան: Օրինակ՝ 90-ական թվականների բախումների ժամանակ կային միջադեպեր նաև Նախիջևանի հետ, բայց սկզբունքորեն այդ հատվածում հանգիստ էր: Ակնհայտ էր՝ ակնկալվում է, որ այդպես էլ լինելու է: Ընդհանուր առմամբ ուղիղ պարտավորություններ Ռուսաստանը չունի: Ներկայում Հայաստանը միանալու է եվրասիական պրոյեկտներին առանց Ղարաբաղի, քանի որ Մոսկվան չի պատրաստվում կտրուկ կերպով վատթարացնել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ: Եթե այնտեղ սկսվեն լուրջ բախումներ, Մոսկվայում կսկսեն մտածել, կջանան այնպիսի աջակցություն ցուցաբերել, որպեսզի ճգնաժամ չառաջանա, բայց ավտոմատ կերպով Ռուսաստանի ներգրավում հայ-ադրբեջանական հակամարտության կամ փոխադարձ կրակահերթերի դեպքում դժվար է պատկերացնել: Թեև վերջնական որոշումները կայացվելու են Կրեմլում: Բայց մինչ այդ, քանի որ մենք չենք ցանկանում Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացում, եղավ հստակ որոշում այն մասին, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն առանց ԼՂ-ի, ինչպես ՀԱՊԿ՝ առանց ԼՂ-ի:

Արաքս Մարտիրոսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031