Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ցույց տվեց հոսանքի թանկացման դեմ բողոքի ցույցը. «Հայոց աշխարհ»

Հուլիս 03,2014 12:42

Հարցը տվյալ դեպքում այն չէ, թե որքան փաստարկված կամ համոզիչ են էլեկտրաէներգիայի սակագինը, ի դեպ, ոչ լրիվ 1 տարվա մեջ արդեն երկրորդ անգամ թանկացնելու հիմնավորումները, ՀԾԿՀ նախագահ Ռ.Նազարյանի, այլ պաշտոնյաների, ՀԷՑ-ի ներկայացուցիչների հայտարարությունները:

Հարցն այն է, որ հասարակության մեծամասնությունը, դատելով գոնե սոցցանցերում նկատվող ու նաեւ իրական կյանքում ընկեր-բարեկամ-հարեւան-անցորդների արձագանքներից, այդ հիմնավորումները համոզիչ չի համարում, շատերն անգամ չեն էլ լսում կամ չեն ցանկանում լսել:

Բայց:

Այսպես ասենք՝ «թանկացման որոշման դեմ» բողոքի ցույցին ընդամենը մի քանի տասնյակ կամ, եթե անգամ ասենք՝ հարյուր մարդ է մասնակցում: Այն էլ՝ հիմնականում «պրոֆեսիոնալ ակտիվիստները» (առանց որեւէ վատ իմաստի), այսինքն՝ այն մարդիկ, որոնց կարելի էր տեսնել նաեւ այլեւայլ բողոքի ակցիաների ժամանակ: Վերջ:
Հետաքրքիր է, իսկ ինչպիսի՞ն կլիներ ՀԾԿՀ որոշումը, եթե հասարակության ճնշումը կամ հակազդեցությունը ավելի նկատելի լիներ:

Ի վերջո, եթե, օրինակ, անցյալ տարի հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ պայքարին հազարավոր մարդիկ չմիանային, Երեւանի քաղաքապետարանը կվերանայե՞ր «թանկացման որոշումը»: Չենք կարծում:

Հանրային տրանսպորտով, ի դեպ, ոչ բոլոր քաղաքացիներն են շրջում: Իսկ էլեկտրական հոսանք սպառում են անխտիր բոլորը: Հոսանքը թանկանում է: Այսինքն՝ արդեն որոշվել է թանկացնել 10 տոկոսով: Ու, գոնե առայժմ, չի նկատվում կազմակերպված կամ ինքնակազմակերպված արձագանք, ինչպիսին տեսանք նույն ուղեվարձի պարագայում: Որքանո՞վ է դա օրինաչափ:

Ավելին՝ դժվար չէ նկատել, որ քաղաքական որեւէ ուժ, առաջին հերթին, այսպես կոչված՝ ընդդիմադիր ուժերը, բացի նրանից, որ իրենց պահանջագրին հետին թվով մի կետ էլ են ավելացրել ու նաեւ մի քանի հայտարարություններ են արել, որեւէ կերպ չեն էլ փորձում ինչ-որ քայլեր կազմակերպել: Գոնե՝ երեւացող դաշտում: Ամեն դեպքում համեստ բողոքի ցույցն էլ հասարակական-քաղաքացիական բնույթ ու ծագում ուներ, քան թե որեւէ քաղաքական ուժի ձեռքի գործը:

Նաեւ կա տեսակետ, թե մարդիկ այժմ ակտիվ չեն արձագանքում, բայց, այ, երբ աշնանը արդեն բարձրացած սակագնով վճարումները կատարեն, այն ժամանակ… Սա էլ ավելի անհամոզիչ է հնչում, քան թանկացման «օգտին» ՀԷՑ-ի բերած հիմնավորումները:
Թույլ տանք մեզ նկատել, որ մոտ 1 տարի առաջ էլեկտրաէներգիան արդեն նկատելի թանկացել էր: Ու այդ բարձր սակագնով վճարելուց հետո էլ ինչ-որ բողոքական հիշվող կամ ազդեցիկ դրսեւորումներ չնկատվեցին: Նույնը թերեւս տվյալ դեպքում կլինի:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031