«Հայոց Աշխարհ»-ին ստրասբուրգյան դիտարկումները ներկայացնում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ։
-Այնուամենայնիվ ի՞նչ է տեղի ունեցել ստրասբուրգյան վեհաժողովի ժամանակ, ինչո՞ւ մեր պատվիրակությունը որոշեց պահպանել լռություն:
-Հերթական անգամ մեր մամուլը նախընտրեց գնալ իրավիճակը մակերեսայնորեն, ոչ խորքային վերլուծելու եւ ոչ համարժեք գնահատականներ հնչեցնելու ճանապարհով։ Ցավում եմ, որ ամբողջ նստաշրջանից կարեւորվեց այդ հարցադրումը՝ ինչո՞ւ հարցեր չուղղեցիք:
Բայց չէ՞ որ նստաշրջանի ընթացքում կատարվել են շատ կարեւոր աշխատանքներ: Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության վիճակի մասին մտահոգիչ, քննադատական հացապնդումները հնչեցին ոչ թե հայկական պատվիրակության շուրթերից, այլ եվրոպացիների:
Կարդացեք նաև
Իսկ մեր պատվիրակության կողմից լռության պահպանումը ամենեւին պատահական քայլ չէր, այլ քաղաքական որոշում: Տարիներ շարունակ ադրբեջանցիները ԵԽ ԽՎ-ում առաջնորդվում են նույն քաղաքականությամբ, այն է՝ Ադրբեջանի մասին հնչող քննադատական հարցադրումները փորձել մղել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարթություն, դրանով թուլացնել հարցադրումների լրջությունն ու կարեւորությունը, նաեւ խուսափել իրենց երկրին վերաբերող սուր հարցերի հնչեցումից: Ինչ խոսք, սա մտածված ծրագիր է, այդ կերպ նպատակ ունեն շեղել ԵԽ ԽՎ պատվիրակների ուշադրությունը իրենց երկրին վերաբերող խնդիրներից, ստանձնած միջազգային պարտականությունների չկատարումից:
Ադրբեջանի ձեռագիրն իմանալով՝ մենք մշակեցինք մոտեցում՝ թույլ չտալ Ադրբեջանի պատվիրակներին օգտագործել իրենց մշտական հնարքը ու շեղել ուղղությունը դեպի հայ-ադրբեջանական խնդիրների հարթություն: Նախկին փորձը ցույց է տալիս, որ հայկական պատվիրակների կողմից հնչող ցանկացած հարցադրմանը ադրբեջանցիները պատասխանելու էին՝ հայերը փորձում են Ադրբեջանում զարգացումները գնահատել՝ ելնելով երկկողմ լարվածության տրամաբանությունից:
Ուզում եմ, որ մեր հանրությունը հեռու լինի այնպիսի մտայնություններից, թե այնտեղ ամեն ինչ կատարվում է ոտքի վրա կամ ձեռքի հետ: Ճիշտ հակառակը, մեր կայացրած որոշման հիմքում վերլուծությունն էր ու տարիների փորձառությունը: Հայկական պատվիրակությունը, Ստրասբուրգի մեր ներկայացուցչությունն ու ԱԳՆ կառույցները համախմբված պատրաստվեցին այս նստաշրջանին: Կրկնում եմ, սրա արդյունքում կայացվեց հրապարակավ լռելու որոշումը, որին, ի դեպ, համաձայն եղան պատվիրակության բոլոր՝ թե՛ իշխանական, թե՛ ոչ իշխանական անդամները:
-Փաստորեն հայկական կողմի մտածված լռությամբ հնարավորություն չտրվեց Ադրբեջանին խաղարկելու իր հերթական տրյուկը: Բայց դրանով հանդերձ, գուցե այն պահին, երբ Ալիեւը ստում էր, պետք էր անակնկալի բերել ադրբեջանցի բռնապետին մի կարճ ռեպլիկով, կամ էլ կիրառել բողոքի տարբերակը՝ դահլիճից դուրս գալով:
– Գիտեք, կարելի էր ե՛ւ բոյկոտել, ե՛ւ թողնել հեռանալ, ե՛ւ աղմուկ բարձրացնել, ընդհանրապես դահլիճ չգալ: Սակայն նախընտրեցինք մնալ դահլիճում ու աշխատել, մինչդեռ հեռանալը չէր կարող մեզ համար լինել արդյունավետ. դահլիճում լինելով՝ մենք հետեւում էինք տարբեր պատվիրակների հակազդեցությանը, նրանց արձագանքներին: Դա եւս օգնեց մեզ հասկանալ, թե ինչ բնույթի աշխատանքներ ենք կատարելու:
Ամեն ինչ ամբիոնի մոտ չէ, որ տեղի է ունենում, եւ վերջապես, ԵԽ ԽՎ-ի աշխատանքներն էլ այդ 30 վայրկյանանոց հարցի մեջ չեն ամբողջանում: Շատ ավելի ընդգրկուն, խորքային, պատվիրակներից յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանք է տարվում, որոնք շատ ավելի կարեւոր են, քան եթե մեզանից մեկը կանգներ ու, ինչպես մամուլում գրել էին՝ «նեղը գցեր Ալիեւին»:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում