Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի մահվան գործով պաշտպանն ակնհայտ անհիմն է համարում բժշկին առաջադրված մեղադրանքը (Տեսանյութ)

Հուլիս 03,2014 12:13

«Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկներ Զարինե Այվազյանի եւ Լիլիթ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով դեռ հարցաքննվում են փորձագետները: Կա երկու հանձնաժողովային փորձագիտական եզրակացություն, որն էլ տեղիք է տալիս տարբեր հարցադրումների եւ չփարատված կասկածների:

Լիլիթ Վարդանյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գիվի Հովհաննիսյանը դատական նիստից հետո անդրադարձավ երեկ դատարան ներկայացած փորձագետ Աննա Չոբանյանի եւ նախորդ չորս նիստերին դատակոչված փորձագետ Գագիկ Հարությունյանի պատասխաններին:

«Ըստ մեղադրանքի, իբր գոյություն ունի Լիա Միսակյանի մահվան հետ կապված բժշկական սխալ, եւ այդ սխալը պատճառահետեւանքային կապ է հանդիսացել մահվան միջեւ: Ուսումնասիրելով գործի նյութերը, երկու հանձնաժողովային փորձագիտական եզրակացությունները, երեւում է, որ մեղադրանքն ակնհայտ անհիմն է, ապօրինի է»,-ասում է Գ.Հովհաննիսյանը:

Ըստ նրա երկու փորձագիտական եզրակացությունները ճիշտ է տարբերվում են իրարից, սակայն.«որեւէ մեկում գոյություն չունի, թե բժշկական սխալի եւ մահվան միջեւ գոյություն ունի հստակ պատճառահետեւանքային կապ»:

Պաշտպանը մեջբերեց առաջին եզրակացության «հետեւություն» բաժնի 1-ին կետը. «Ստացիոնար հիվանդի բժշկական քարտի տվյալների , ընդունվելիս Լիա Միսակյանի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ վիճակի, եւ ներկայացված անամնեստիկ տվյալների հիման վրա նախնական ախտորոշումը սուր շնչառական վարակ, ջերմային ցնցումներ, որը համապատասխանում է ընդունվելիս ստացիոնար հիվանդի բժշական քարտում արձանագրված տվյալներին: Ընդունվելիս նշանակված հետազոտությունների եւ բուժման ծավալը համապատասխանել է հիմնական ախտորոշմանը, եղել են ցուցված»:
Գիվի Հովհաննիսյանի տեղեկացմամբ, երբ հունվարի 31-ին երեխային հետազոտել է իր պաշտպանյալը, Լ.Վարդանյանը, եւ նշել է թե ինչ է տեսել, տվել ախտորոշում: Այդ ախտորոշումը եզրակացության համաձայն ճիշտ է տրված, ասում է փաստաբանը:
Փորձագետ Աննա Չոբանյանն ասաց, որ վերակենդանացման բաժանմունք երեխային տանելու կարիք չկար, նշելով, որ Լիլիթ Վարդանյանի կողմից խախտում չի կատարվել:
Մեր դիտարկմանը, թե խախտումների մասին կա եզրակացության մեջ, Գիվի Հովհաննիսյանն ասաց, որ խոսքը երկրորդ եւ երրորդ օրվա բժիշկների մասին է, երբ երկրորդ օրը հիվանդության պատմության մասին նշումներ չեն եղել, արյունաբանի կոնսուլտացիայի եւ վերակենդանացման բաժին տանելու մասին կան խախտումներ:

Ինչ վերաբերում էր հանձնաժողովային երկրորդ եզրակացությանը, հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը նշել էր, որ Լիա Միսակյանի ախտորոշումը Լ.Վարդանյանը կատարել է սխալ. «Չպետք է ախտորոշվեր սուր շնչառական վարակ, այլ բնորոշ թոքաբորբին: Եվ եթե ընդունման ժամանակ ճիշտ գնահատվեր, պետք է նշանակվեր հակաբակտերիալ բուժում նշանակվեր, պետք է ռենտգեն նկարահանում կատարվեր կրծքավանդակի, պետք է տեղափոխվեր վերակենդանացման բաժանմունք»:

Գ.Հարությունյանի եզրակացության մեջ բուժման հետ կապված նշվել էր, թե ձեռնարկվելիք միջոցառումներից հետո էլ , հնարավոր չէր որոշել, թե արդյոք արդյոք բուժումը կարող էր լինել հաստատապես արդյունավետ :

Այս կապակցությամբ, Գիվի Հովհաննիսյանն ասաց. «Նույնիսկ եթե ամեն ինչ կատարվեր ի սկզբանե, հնարավոր չի եղել ասել, մահը առաջ կգար, թե ոչ: Գոյություն չունի պատճառահետեւանքային կապ, չփարատված կասկած է, որը, ըստ օրենքի ի օգուտ մեղադրյալների պիտի մեկնաբանվի»:

Պաշտպանն ասում է, որ գործը չպետք է հասներ դատարան:

Պաշտպանն ասաց, որ բժիշկները ղեկավարվել են առողջապահության նախարարի հրամաններով, ուղեցույցներով,առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչներով:

Մանրամասները ՝տեսանյութում:


Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031