Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրությունը բարեփոխում ենք, որ կառավարությունը նախագահականի գազն ու ջուրը չանջատի՞

Հուլիս 03,2014 12:01

«Վերջերս Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագիրը ընթերցեցի, որում արծարծված է խորհրդարանական համակարգին անցնելու անհրաժեշտության մասին, իսկ նրան կես միլիոն անձ ձայն է տվել: Եթե չկա հանրային պահանջ, ապա գոնե այդ կես միլիոնից մի քանի հազարը կրո՞ղ չէ այդ գաղափարի և արդյոք սա չի՞ կարող դիտարկվել որպես հանրային պահանջ»,-այսօր Արարատում հայտարարեց ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը:

Նշենք, որ մեկնարկել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլը՝ քննարկումներ մինչ այժմ կազմակերպվել են Աշտարակում:

Արարատի մարզպետարանում քննարկման մեկնարկից առաջ կազմակերպիչներն ամեն ինչ անում էին, որ դահլիճում դատարկ տեղ չլիներ, պատճառաբանում էին, թե «նկարահանումներ են գնում, դատարկ տեղ չմնա»:

Հիշեցնենք, որ մինչ այժմ սահմանադրական բարեփոխումներին նվիրված քննարկումների նկատմամբ մեղմ ասած մեծ հետաքրքրություն չի գրանցվել, անգամ քաղաքական կուսակցությունների հետ քննարկումներն անցնում էին կիսադատարկ դահլիճում:

ԱԺ աշխատակազմի ղեկավար, ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը վստահեցրեց, որ սահմանադրական բարեփոխումների հարյուր տոկոս անհրաժեշտություն կա:
Գրիգոր Մուրադյանն արդարացված համարեց այն մտահոգությունները, թե դեռ հացի խնդիր չլուծած՝ անցում են կատարում սահմանադրական բարեփոխումներին ու պարզաբանեց. «Մտահոգությունը հասկանալի և գուցե արդարացված է, բայց Սահմանադրությունն ինքնին կոչված չէ լուծելու հացի խնդիր և այլն, սակայն Սահմանադրությունը հնարավորություն է տալիս այս կամ այն խնդիրները լուծել ավելի արդյունավետ»:

Հրայր Թովմասյանը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը ներկայացրեց ուժեղ նախագահ ունենալու համատեքստում ու բերեց Վրաստանի օրինակը, որտեղ ստացվել էր մի իրավիճակ, երբ նախագահը խորհրդարանում մեծամասնություն չունի և տեսականորեն կառավարությունը կարող էր անջատել նախագահականի ջուրը, գազը: Ու Հայաստանի մասին ասաց. «Եթե Սահմանադրությամբ նախագահը չունենա մեծամասնություն ԱԺ-ում, ապա մեր՝ ուժեղ նախագահ ունենալը երաշխավորված չէ»:
Հարց հնչեց այն մասին, որ Սահմանադրության մեջ գրված է, որ զավակները հոգատար վերաբերմունք պիտի ցուցաբերեն ծնողի նկատմամբ: Հրայր Թովմասյանն արձագանքեց, թե եթե իրեն մնար, ապա ինքը դեմ է այդ դրույթը Սահմանադրորեն ամրագրել ու հավելեց. «Եթե եկել ենք այն օրին, որ սահմանադրորեն պիտի հոգատարություն տանի զավակը ծնողի մասին,ապա թող կորչի այդ հոգատարությունը: Բայց գործընթացների բերմամբ ավանդական կապերը սկսվում են կտրվել սերունդների միջև: Մինչև այժմ ընդամենը մեկ դեպք ենք ունեցել, որ ծնողը երեխայից ալիմենտ է պահանջել»: «Առավոտի» կողմից հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի վերջին ակնարկը վերաբերում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հորը՝ Յուրի Մկրտումյանին, որը ալիմենտ էր պահանջել որդուց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031