Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում արվեստագետը մենակ է». նկարիչ

Հուլիս 03,2014 11:03

Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցասրահում hուլիսի 2-ին բացվեց Ժորա Գասպարյանի, Լիլիթ Թադևոսյանի, Աստղիկ Վարդանյանի և Արամ Խաչատրյանի գեղանկարների ցուցահանդեսը:

Nkar_1
Մինչ ցուցադրությունը` նրանք իրենց մտահղացմամբ ներկայացրել են հետաքրքիր պրոմո-հոլովակ, որտեղ հնարավորություն ունենք ծանոթանալու յուրաքանչյուրի կերպարին և նկարչական ոճին:


Նկարիչների առաջին ցուցադրությունը չէ: Նրանք ունեցել են թե´ անհատական, թե´ խմբակային ցուցահանդեսներ, բայց այս կազմով առաջին անգամ են ներկայանում:
Աստղիկ Վարդանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ անհատական ցուցահանդեսը քեզ կողքից դիտելու հնարավորություն չի տալիս, իսկ դրա կարիքը միշտ կա. «Բացի այդ, համատեղ ցուցադրությունների և ընդհանրապես համատեղ աշխատանքի ընթացքում շատ բան ես սովորում»,- ասում է նա:

Ցուցահանդեսը որոշակի թեմատիկա չունի, և երիտասարդներին միավորողը ընդհանուր թեմատիկան չի եղել: Ինչպես մեզ հետ զրույցում Արամ Խաչատրյանը նշեց, այստեղ միավորվել են մարդկային չորս տեսակներ՝ իրենց տարբերություններով և գաղափարական նմանություններով:

Ինչ վերաբերում է իր ստեղծագործություններին, դրանք իր՝ նկարչի ու մարդու ներքին իրականությունն են. «Իսկ արվեստը, առհասարակ, ներքին ու արտաքին իրականությունների բախումն է,- կարծում է նկարիչը,- որից ծնվում է այն իրականությունը, որն ուզում ես տեսնել»:

Իսկ Լիլիթ Թադևոսյանն իր գործերում թեև նկատում է սիրելի նկարիչների՝ Մատիսի, Պիկասոյի, Վան Գոգի, Դեգայի, Բրակի ազդեցությունները, բայց այդտեղ ոչ մի խնդիր չի տեսնում. «Եթե չափի մեջ են այդ ազդեցությունները, և եթե կարողանում ես ճիշտ օգտագործել, այդտեղ ոչ մի վատ բան չկա»,- համոզված է նա:

Ժորա Գասպարյանն իր որոշ գործերում որոշել է տեքստը դարձնել նկարի մի մաս. «Բառն էլ կարող է նկարի մասնիկ դառնալ, ինչո՞ւ ոչ, նայած՝ ինչպես ես օգտագործում»,- մեկնաբանում է երիտասարդ նկարիչը:

Այդպիսի նկարներից մեկում, օրինակ, Մերի Մկրտչյանի ստեղծագործություններից մեկն է, որն ամբողջովին գրված է հենց հեղինակի դիմանկարի վրա. «Աղջկա (Մ. Մկրտչյանի) կերպարն այդպես ավելի ամբողջական է դառնում»,- բացատրեց Ժ. Գասպարյանը:
Aravot.am-ը որոշեց չորս երիտասարդներից էլ հետաքրքրվել, թե ժամանակակից նկարիչն ինչ հիմնական խնդիրներ ունի և ինչն է խանգարում նրան ստեղծագործել:
Նրանց պատասխանները հիմնականում համընկնում են:

Ա. Խաչատրյանի համոզմամբ՝ ոչ միայն ժամանակակից արվեստագետը, այլև հենց ժամանակակից արվեստն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի. «Հեշտ, մատչելի, պարզունակ «արվեստն» է մեր օրերում պրոպագանդվում, որը շատ անճաշակ է ու չի տալիս այն, ինչ պետք է, նայում-անցնում ենք, այսինքն՝ հարազատ չի դառնում, շփումը, փոխազդեցությունը նկարի ու դիտողի միջև չի կայանում»,- ասում է նա:

Աստղիկ Վարդանյանի դիտարկմամբ էլ «արվեստն» այսօր երբեմն գռեհկության է վերածվում. «Կարծես թե այն իր առջև խնդիր է դրել զարմացնելու, և երբեմն զարմացնելու այդ միջոցները ծայրահեղ են դառնում, այնքան են հեռանում գեղագիտական ընկալումից, որ մեկ-մեկ անգամ գռեհկության են հասնում: Բայց շատ գեղեցիկ բաներ կան, որոնք կարող են էլ ավելի զարմացնել»,- համոզված է նա:

«Արվեստագետն այսօր ավելի շատ արտաքին խնդիրներ ունի,- ասում է Ժ. Գասպարյանը,- ներքին խնդիրներն ինքն իր ներսում կարողանում է կարգավորել, իսկ արտաքինը՝ ոչ, որովհետև դրանք հիմնականում արտաքին աջակցության հետ են կապված: Առհասարակ, շատ հեշտ է նկատելը, որ Հայաստանում արվեստագետը մենակ է: Նկարիչը, օրինակ, և´ նկարողն է, և´ իր ցուցահանդեսի կազմակերպիչն է, և´ իր մենեջերն է, մի խոսքով՝ իր ամեն ինչն է, բայց նկարչի գործը նկարելն է, նա ուրիշ բանի մասին չպիտի մտածի: Մեր իրականության մեջ այդ խնդիրը կա: Էլ չեմ խոսում նկարները վաճառելու մասին, որովհետև մեզ մոտ արվեստի շուկա ընդհանրապես չկա»:

Լ. Թադևոսյանի կարծիքով էլ նկարչի ամենամեծ խնդիրն արվեստանոց չունենալն է, նկարչական միջոցների անմատչելիությունը և արվեստի շուկայի բացակայությունը. «Ներկերն այնքան էլ մատչելի չեն, իսկ նկարները չեն վաճառվում, որ կարողանաս գոնե այդ գումարով ներկեր գնել: Այսինքն՝ նկարիչը չի կարող նկարչի աշխատանքով ապրել: Ես ինքս աշխատում եմ մի քանի բնագավառներում, որոնք բացարձակապես կապ չունեն նկարչության հետ, բայց աշխատում եմ, որպեսզի կարողանամ արվեստանոց ու ներկեր ունենալ: Դրանից, բնականաբար, տուժում է քո նկարչությունը, որովհետև այդ գերզբաղվածության մեջ շատ քիչ ժամանակ ես կարողանում տրամադրել նկարելուն»,- ասում է երիտասարդ նկարչուհին:

Չնայած բոլոր այս դժվարությունների հստակ գիտակցմանը՝ մեր զրուցակիցն ասաց, որ չի մտածում երկիրը թողնելու մասին. «Արտասահմանում էլ արվեստագետը խնդիրներ ունի, իհարկե, ոչ այնքան, որքան Հայաստանում ապրող արվեստագետը, բայց ինձ համար շատ կարևոր է այն վայրը, որտեղ ես նկարում եմ: Կարծում եմ՝ արվեստագետի համար սա կարևոր նախապայման է, որովհետև նա ռոբոտ չէ, որ ուր տանեն՝ աշխատի: Կարևոր են միջավայրն ու շրջապատը»,- ասաց Լ. Թադևոսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031