Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկն առավել ամրապնդում է էներգամատակարարման հուսալիությունը Հայաստանում

Հուլիս 03,2014 10:48

Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 40 միլիոն ԱՄՆ դոլարի փոխառության տրամադրումը Հայաստանին՝ որպես Էներգամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում: Առաջարկվող լրացուցիչ ֆինանսավորումը թույլ կտա մեծացնել ընթացքի մեջ գտնվող ծրագրի ազդեցությունը և հոգալ Հայաստանի էներգամատակարարման ցանցի համար մեծ կարևորություն ունեցող երեք ենթակայանների` Հաղթանակի, Չարենցավան-3-ի և Վանաձոր-1-ի վերակառուցման ծախսերը:

Հայաստանի էներգամատակարարման ենթակառուցվածքների շահագործման միջին ժամկետը շուրջ 45 տարի է և վերջին տասնամյակների ընթացքում հիմնանորոգումներ ու վերազինումներ տեղ չեն գտել: Ներկայումս ընթացքի մեջ գտնվող Էներգամատակարարման հուսալիության ծրագիրը նպատակ ունի մեծացնել երկրի էներգամատակարարման համակարգերի հուսալիությունը՝ էներգափոխանցման ցանցի հիմնական ենթակառուցվածքների թողունակության բարելավման միջոցով: Փոխարինման ընթացքում է գտնվում էներգափոխանցման լարերի շուրջ 230կմ հատված՝ Հրազդանի ՋԷԿ-ից մինչև Շինուհայր ենթակայան: Այս ներդրումների շնորհիվ էներգափոխանցման համակարգի այդ հատվածում կմեծանա թողունակությունն ու հուսալիությունը՝ նվազեցնելով գծի խափանումները և դրա հետ կապված էներգամատակարարման ընդհատումները:

«Ընտրված ենթակայանների վերակառուցմամբ համակարգը կդառնա առավել հուսալի ու խնայող, որի անմիջական օգուտները կզգան Հայաստանի բոլոր էներգասպառողները, – ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին, – արդյունքում հնարավոր կլինի խուսափել հոսանքի ընդհատումների հաճախակիացումից, որը զգալի սոցիալական ու տնտեսական ծախսեր է առաջացնում»:

Տրամադրվող ֆինանսավորումն ուղղվում է ներդրումային կարիքների շարքում առաջնայնություն ստացած ենթակառուցվածքներին: Պահանջվում է «Հաղթանակ» ենթակայանի վերակառուցում ու ընդարձակում, ինչն հույժ կարևոր է Երևանի արևմտյան մասի բաշխիչ ենթակայանների ու սպառողների համար հուսալի էներգամատակարարում ապահովելու համար: «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանները սպասարկում են Հայաստանի հյուսիսային ու հյուսիս-արևելյան հատվածի բնակիչ-սպառողներին ու խոշոր արդյունաբերական սպառողներին: «Չարենցավան-3» ենթակայանը նաև գործում է որպես փոխանցող կայան՝ 6 այլ ենթակայանների համար:

Այս երեք ենթակայանների վերակառուցման և ընդարձակման աշխատանքներին անհրաժեշտ է ձեռնամուխ լինել հնարավորինս շուտ: Կառույցների մի շարք առանցքային հատվածների և հիմնական սարքավորումների շահագործման ընդունված ժամկետները վաղուց անցել են և դրանց հաճախակի խափանումները կարող են հանգեցնել զգալի բացասական հետևանքների: Մասնավորապես՝ որոշ ենթակայաններում կան սարքավորումներ, որ մոնտաժվել են դեռևս 1930-ականներին ու երբևէ չեն թարմացվել:

«Ընթացքի մեջ գտնվող ծրագրի շրջանակում կատարելագործվել են «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կարողությունները, և այս ընկերությունը կշարունակի մնալ որպես իրականացնող կառույց նաև այս փուլում, – ասաց Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Արթուր Կոչնակյանը, – սա կարևոր է իրականացման արդյունավետության և նոր ներդրումների կենսունակության ապահովման համար»:

Ծրագիրը հիմնվում է Համաշխարհային բանկի կուտակած փորձի և նախկինում Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացված աշխատանքներից քաղած դասերի, ինչպես նաև այլ երկրներում իրականացրած էներգափոխանցման համակարգին առնչվող ծրագրերի վրա:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 50 միլիոն ԱՄՆ դոլար, որից 10 միլիոն ԱՄՆ դոլարը կազմում է ՀՀ կառավարության ներդրումը: Համաշխարհային բանկը տրամադրում է 40 միլիոն ԱՄՆ դոլար ՎԶՄԲ փոխառություն հետևյալ պայմաններով՝ փոփոխական տոկոսադրույք, 10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան և 25 տարվա մարման ժամկետ:

1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 1,961.73 միլիոն ԱՄՆ դոլար գումար:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031