Լրահոս
Օրվա լրահոսը

Խարդախների եւ խոսողների կռիվը

Հուլիս 03,2014 10:31

Երբեմն քաղաքական գործիչներից եւ մեկնաբաններից կարելի է լսել՝ մենք կողմ ենք գաղափարական պայքարի, ծրագրերի մրցակցությանը: Սկզբունքորեն դա ճիշտ է, սակայն Հայաստանի դեպքում առայժմ կիրառելի չէ: Գաղափարների մրցակցություն կարող է լինել միայն արդար ընտրությունների դեպքում: Որովհետեւ այդ մրցակցությունն ինքնանպատակ չէ՝ դրա արդյունքում ընտրողները, քաղաքացիները պետք է որոշեն, թե ո՞ր գաղափարն է իրենց հոգեհարազատ եւ 4 կամ 5 տարվա մանդատ տան տվյալ ուժին կամ անձին, որպեսզի նա այդ գաղափարներն իրագործի:

Հայաստանում, սակայն, 20 տարի վիճակն այլ է: Քաղաքացիները բաժանվում են երկու խմբի՝ նրանք, ովքեր փողով, սպառնալիքով կամ որեւէ այլ պարտադրանքով քվեարկում են իշխանությանը կողմ, եւ նրանք, ովքեր առանց փողի եւ պարտադրանքի քվեարկում են իշխանությանը դեմ՝ անկախ նրանից, թե ով է տվյալ պահին ընդդիմադիրը: Ընդ որում, երկրորդ խումբը ամենեւին էլ վստահ չէ, որ իրենց «դեմը» այս կամ այն խարդախության միջոցով «կողմ» չի դառնա:

Համապատասխանաբար, քաղաքական դաշտը բաղկացած է նրանցից, ովքեր խարդախություններով են զբաղված, եւ նրանցից, ովքեր փիս-փիս բաներ են ասում իշխանությունների հասցեին: Առաջիններին ընդունված է անվանել «իշխանություն», երկրորդներին՝ «ընդդիմություն», չնայած դասական, քաղաքագիտական իմաստով ոչ առաջին բնորոշումն է ճիշտ, ոչ էլ երկրորդը:

Որ մեր վիճակը հեռու է «դասականից»՝ հաստատվում է հետեւյալ փաստով. նրանք, ովքեր խարդախությամբ եկել են իշխանության, իսկ հետո այս կամ այն պատճառով հեռացել են եւ դարձել ընդդիմություն, պահանջում են արդար ընտրություններ, մեղադրանքներ են հնչեցնում ներկայիս խարդախներին: Այդպիսով «քվազի»-իշխանություն եւ «քվազի»-ընդդիմություն բանավեճը վերածվում է «նախկիններ» եւ «ներկաներ» անիմաստ լեզվակռվի:

Մի կոնկրետ օրինակ այս շաբաթվա լրահոսից: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է որոշում ընդուներ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին: Հինգ կուսակցություններ դրան դեմ են: Այդ կուսակցություններն ասում են, որ հազարավոր անդամներ ունեն: Այդ հազարներից քանի՞ բողոքավոր էր եկել հուլիսի 1-ին հանձնաժողովի շենքի մոտ: Եթե ընդհանուր առմամբ լիներ գոնե 1000 հոգի, «անկախ» հանձնաժողովը գուցե մի քիչ կմտածեր:

Բայց «լեզվին տալու» հարցում բոլորը մեծ վարպետներ են: Ամեն մի հայհոյական բառից հետո ընդդիմադիրներն արձանագրում են՝ ռեժիմը խուճապի մեջ է: Իբր ուշունցն այնքան ազդեցիկ էր, որ վախեցրեց իշխանություններին: Իրականում, ենթադրում եմ, դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Իշխանություններին սարսափեցնում է միայն Հմայակ Հովհաննիսյանը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Ընդանրապես շատ տարօրինակ վիճակ է: Կարծես թէ հասարակության ճնշող մեծամասնությունը աչքով-աչք չունի այս իշխանության հետ և ամեն մի առիթ պետք է օգտագործի իր դժգոհությունը արտահայտելու համար, սակայն սակավաթիվ բողոքավորների քանակը ցույց է տալիս, որ իշխանությունները կթելու տեղ դեռ ունեն:
    Հա, իդեպ’ Հմայակ Հովհաննիսյանը тут причём?

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Սարկազմ: Վերջերս Հմայակն ասել է, որ իշխանությունները սարսափում են իր կերպարից:

      • Կարեն says:

        Դե եթե ասում է՛ ուրեմն մի բան գիտի: Դժվար թէ նման “ծանրակշիռ” քաղաքական գործիչը մոլորության մեջ գցի հասարակությանը: Առաջարկում եմ չափել իշխանությունների վախը հալած մոմի օգնությամբ:

  2. Ruben says:

    «Ընդդիմության» համար չկար քաղաքական պատվեր համապատասխան ֆինանսավորմամբ (դրամաշնորհով), : Այդ իսկ պատճառով էլ հուլիսի 1-ին, հանձնաժողովի շենքի մոտ, կուսակցական «բողոքավորները» մի քանի հոգի էին, այն էլ ձեւի համար:

  3. ԱՐՄԵՆ says:

    “Քաղաքացիները բաժանվում են երկու խմբի՝ նրանք, ովքեր փողով, սպառնալիքով կամ որեւէ այլ պարտադրանքով քվեարկում են իշխանությանը կողմ, եւ նրանք, ովքեր առանց փողի եւ պարտադրանքի քվեարկում են իշխանությանը դեմ՝ անկախ նրանից, թե ով է տվյալ պահին ընդդիմադիրը: ”

    Ես մասնացում եմ ընրություններին ոչ փողով, ոչ սպառնալիքով և ոչ էլ այլ պարտադրանքի ավելի հաճախ քվեարկում եմ այսպես կոչված Ձեր կողմից իշխանությանը (ոչ միշտ սակայն հիմնականում )

    Կարծում եմ, որ Ա. Աբրահամյանը պիտի փորձի ինքն իր համար ՛՛երկու խումբը՛՛ քանակի իմաստով ացելացնի

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031