Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը դեսպան էլ դարձավ, նրա դստեր եւ խնամու դատից մեր լրատվամիջոցը չազատվեց

Հուլիս 03,2014 14:15

Նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի դստեր՝ Նարինե Սարգսյանի, նրա խնամի՝ Հրանտ Սուվարյանի պատվի եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին հայցն ուղղված է «Առավոտին» հարցազրույց տված քաղաքացիներ Սուսաննա Դավթյանի, Լեմբերիկ Խաչատրյանի դեմ: Այս գործով երրորդ անձ է ճանաչվել մեր լրատվամիջոցը:

Պատասխանողների ներկայացուցիչ Յու. Խաչատրյանը հանդես էր եկել մի միջնորդությամբ, որի մասին «Առավոտը» տեղեկացավ երեկ, երբ փոստային ծրարով ստացավ նշյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը: Հուլիսի 4-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակվել է հայցի քննությունը:

Պատասխանողների ներկայացուցիչը միջնորդությամբ հայտնել էր, որ Հրանտ Սուվարյանի լիազորված անձ Հայկ Սարգսյանի կողմից ձեռնարկված գործողությունների շնորհիվ անցյալ տարվա նոյեմբերի 22-ին Երեւանի քաղաքապետի կողմից ընդունվել է թիվ 5896-Ա որոշումը: Այդ որոշմամբ ճանաչվել է նրա սեփականության իրավունքը՝ 1036.13 ք/մ մակերեսով հողամասի եւ դրա վրա գտնվող շենք-շինությունների վրա:

Ըստ դատարանի՝ «շենք, շինությունների մեջ մտել է Լեմբերիկ Խաչատրյանի կողմից կառուցված ավտոտնակը՝ առանց վերջինիս գիտության»: Նշված քարե ավտոտնակը կառուցվել է Լ. Խաչատրյանի կողմից:

Քարե շինությանը տիրապետում է Լ. Խաչատրյանը, ինչը նշանակում է, որ պետական մարմնի կողմից սեփականության նրա իրավունքը օրենքի ուժով է ծագել: Քաղաքապետի որոշմամբ, սակայն, նշված հասցեին կից 226.13 քմ մակերեսով հողամասի չափով վերականգնվել է Հրանտ Սուվարյանի սեփականության իրավունքը: Հրանտ Սուվարյանի հողամասի հատակագծում էլ «ներառվել է» Լեմբերիկ Խաչատրյանին պատկանող ավտոտնակը: Վարչական դատարանում առկա է եղել այս խնդրի հետ կապված վեճ, այդ իսկ պատճառով կողմը միջնորդել էր վարույթը կասեցնել:

Ըստ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն դատարանի՝ պարզվել է, որ վարչական դատարանում առկա է Երեւանի քաղաքապետի թիվ 589-Ա որոշման անվավերության հարցը, ինչը նշանակում է, որ միջնորդությունը չի բխում քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներից:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Տիգրան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

«Առավոտ» օրաթերթ
02.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031