Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտակերտից տեղահանվածը հաղթեց դատարանում

Հուլիս 03,2014 14:20

«Առավոտն» անդրադարձել է 1992 թվականին Մարտակերտից տեղահանված
եւ Մոլդովական 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 627,
թիվ 628 սենյակներում ապաստանած Ամալյա Գալուստյանի խնդրին, նշել, որ Ամալյայի բնակեցրած սենյակներից միայն մեկի՝ 627 սենյակի վերադարձման հարցը բարձրաձայնվել էր վարչական դատարանում:

Ամալյա Գալուստյանը հայցապահանջ էր ներկայացրել, որպեսզի առոչինչ ճանաչեն 03.07.2013թ. թիվ 11 արձանագրության 5-րդ կետն ամբողջությամբ: Խնդիրն այն էր, որ Ամալյա Գալուստյանը 2013թ. հունիսի 17-ին փոստային առաքման միջոցով ստացել է «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրենի 16.07.2013թ. թիվ 70 գրությունը: Համաձայն այդ գրության՝ փախստականներին հանրակացարաններում բնակեցնելու համար ուղեգրերի տրամադրման գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2013թ. մարտի 26-ի թիվ 36-Ա հրամանի հիման վրա ստեղծված աշխատանքային խմբի թիվ 11 արձանագրությամբ մասնակիորեն չեղյալ են համարել կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետի կողմից Ամալյա Գալուստյանին տրված 627 սենյակի մասով: «Առավոտի» հետ զրույցի ժամանակ երրորդ անձի ներկայացուցիչ Թամարա Մուրադյանն ասաց. «Խնդիրն այն է, որ Ամալյա Գալուստյանը չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերն այն մասին, որ նա միայնակ չի բնակվում սենյակներում: Ավելին՝ Ամալյան նշել է, որ երեխաները համարվում են անհայտ բացակայողներ, իսկ այդ պարագայում մենք չենք կարող միայն մեկ անձի համար հանրակացարանում երկու սենյակ տրամադրել: Ամալյա Գալուստյանը մեզ էր ներկայացրել վերջին հինգ տարում հանրակացարանում բնակվելու վերաբերյալ փաստաթուղթ, որը ներկայացվել էր նաեւ վարչական դատարան՝ որպես ապացույց»:
Դատավոր Արման Թովմասյանն ուսումնասիրելով գործում առկա փաստերը, բավարարել է Ամալյա Գալուստյանի հայցը եւ նշել. «Ճանաչել փախստականների կացարաններում բնակեցնելու համար ուղեգրերի տրամադրման գործընթացը կազմակերպելու նպատակով աշխատանքային խմբի 2013 թվականի թիվ 11 արձանագրության 5-րդ կետի առ ոչինչ լինելը»: Զրուցակիցս՝ Ամալյա Գալուստյանը, ասում է. «Ես այլ ակնկալիք չունեի: Վստահ էի, որ դատը հաղթելու եմ, քանի որ իմ ձեռքում կան բոլոր օրինական փաստացի ապացույցներն այն մասին, որ ես այդ հանրակացարանում տարիներ շարունակ բնակվում եմ: Այդ ապացույցները բոլորն էլ ներկայացվել էին դատարան»: Ամալյա Գալուստյանի ներկայացուցիչ Աշխեն Եսայանն էլ դատական ակտի հրապարակումից հետո ասաց. «Տարածքային կառավարման նախարարի հրամանի հիման վրա աշխատանքային նիստերը հրավիրվում են միայն անձի դիմումի հիման վրա, այսինքն՝ հիմքը միայն անձի դիմումն է: Բացի դա՝ այդ աշխատանքային խումբը ստեղծվել է միայն ժամանակավոր կացարանում ուղեգիր տրամադրելու նպատակով, ոչ թե մեկ, այլ վարչական մարմնի կողմից տրամադրած ուղեգիրը անվավեր ճանաչելու համար»:

«Փախստականներին հանրակացարանում բնակեցնելու համար ուղեգրերի տրամադրման գործընթացը կազմակերպելու նպատակով» ստեղծված աշխատանքային խումբը կատարել էր կոպիտ խախտումներ, ինչն արդեն իսկ ապացուցված է վարչական դատարանի կողմից, եւ Ամալյա Գալուստյանը, թերեւս, կշարունակի բնակվել ոչ միայն հանրակացարանի 628, այլեւ 627 սենյակում:

Նշենք, որ Ամալյա Գալուստյանի երեխաների անհայտ բացակայելու հանգամանքը խնդիր էր դարձել բոլորովին վերջերս, եւ դա եղել էր պատճառ, որ դրվել էր նրա՝ 627 սենյակի վերադարձման հարցը:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031