Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում աշխատում, Գերմանիայում բուժվում են աշխատանքի հանդեպ ֆոբիա ունեցողները

Հուլիս 03,2014 14:30

Աշխատանքի հանդեպ ֆոբիա ունենալու
դեպքում անձը ոչ մի կերպ չի կարողանում գնալ աշխատանքի

25-ամյա Լիլիթը երկու տարուց ավելի է, ինչ հրաժեշտ է տվել նախկին աշխատանքին, նորը չի կարողանում գտնել, ասում է՝ ամեն անգամ նույն խնդրին է բախվում, կոլեկտիվն իրեն վատ է վերաբերվում. «Կոնկրետ վիճաբանություն չի եղել, բայց ամեն անգամ, երբ փորձաշրջան եմ անցել, զգացել եմ, որ նրանք բացասաբար են տրամադրված իմ հանդեպ, չարախոսել են, կատակով վիրավորել: Ամեն անգամ նույն պատմությունը: Նույնիսկ արդեն աշխատելու ցանկությունս եմ կորցրել»,- ասում է նա:

Հոգեբան Մարինե Մարտիրոսյանի խոսքով՝ այս երեւույթը հետագայում կարող է վերածվել աշխատանքի հանդեպ ֆոբիայի: Իսկ դրա ախտանիշներն են տագնապը, վախը, անհանգստությունը, ավելորդ լարվածությունը: Այս ֆոբիայի դեպքում մարդիկ վախենում են ոչ թե դժվար աշխատանք կատարելուց, այլ նոր շրջապատից՝ ղեկավարից եւ կոլեկտիվից: «Աշխատանքի հանդեպ ֆոբիա ունենալու դեպքում անձը ոչ մի կերպ չի կարողանում գնալ աշխատանքի: Աշխատավայրում դառնում է անկառավարելի, նույնիսկ չի կարողանում իրեն տրվող հարցերին պատասխանել, որովհետեւ այդ պահին նա շատ ուժեղ վախեցած է»,- ասում է հոգեբանը: Նրա խոսքով՝ այս Ֆոբիան հիմնականում հանդիպում է աշխատասեր, պարտաճանաչ, օրինապահ մարդկանց մոտ, ովքեր իդեալական կերպով կատարում են իրենց հանձնարարված գործը, սակայն ղեկավարները, չգնահատելով դա, անտեղի նկատողություններ են անում. արդյունքում առաջանում են բարդույթներ, մարդիկ վախենում են, որ կրկին նկատողության կարժանանան այն դեպքում, երբ իրենք ոչ մի սխալ չեն անի, բարդույթները վերածվում են վախի եւ ապա ֆոբիայի: «Հնարավոր է, որ անձը 5-6 տարի շարունակ աշխատել է շատ վատ ղեկավարի մոտ, ով անընդհատ «տեռորի» է ենթարկել նրան: Աշխատանքը լքելուց հետո տվյալ անձը ենթագիտակցաբար ակնկալում է, որ նոր ղեկավարը եւս դաժանորեն կվարվի իր հետ»,- ասում է Մարինե Մարտիրոսյանը: Նա հավելում է, որ հնարավոր է՝ մարդ մի քանի անգամ բախվի նման խնդրի, մի քանի անգամ փոխի իր աշխատավայրը եւ դառնա անաշխատունակ: Նա նաեւ տեղեկացնում է, որ աշխատանքի հանդեպ ֆոբիան տարիք եւ սեռ չի հարցնում: Այս երեւույթը կարող է հանդիպել նաեւ այն մարդկանց մոտ, ովքեր երբեւէ չեն աշխատել. «Այս դեպքում անձը մանկուց է վախ տածել կոլեկտվի նկատմամբ, օրինակ՝ մանկապարտեզում, դպրոցում հնարավորինս քիչ է շփվել այլ երեխաների հետ: Այդպիսի մարդիկ սովորաբար գտնում են բնույթով ինքնամփոփ աշխատանքներ, օրինակ՝ ձեռագործություն, կավագործություն»: Ըստ հոգեբանի՝ աշխատանքի հանդեպ ֆոբիան Հայաստանում այնքան էլ ուսումնասիրված չէ, սակայն լայն տարածում ունի ամբողջ աշխարհում: «Ինքս շատ քիչ եմ հանդիպել այդ երեւույթին, պատճառներից մեկն էլ այն է, որ հայերը հարմարվող են, աշխատում են նույնիսկ շատ վատ պայմաններում՝ շահագործվելով, երբեմն ստորանալով, որովհետեւ վախենում են, որ կկորցնեն իրենց աշխատանքը: Աշխատում են նույնիսկ աշխատանքի նկատմամբ ֆոբիա ունեցողները,- ասում է Մարինե Մարտիրոսյանը եւ հավելում:- Իսկ ահա Գերմանիայում պետությունը հոգում է այն մարդկանց բուժման ծախսերը, ովքեր այցելում են հոգեբանների, որպեսզի հաղթահարեն աշխատանքի հանդեպ ֆոբիան, նաեւ 2 տարի շարունակ նպաստ է հատկացնում նրանց, որպեսզի կարողանան ապրել, հոգալ իրենց ծախսերը: Այնտեղ ալարկոտ երիտասարդները օգտվում են առիթից, իսկ ահա մեզ մոտ մարդիկ ուզում են աշխատել, բայց չկան շատ հնարավորություններ»:

Մարինե Մարտիրոսյանի խոսքով՝ աշխատանքի հանդեպ ֆոբիան հաղթահարելի է. դրանից ձերբազատվելու համար մարդիկ չպետք է անտեսեն վախ ներշնչող մտքերը, այլ վերլուծեն՝ հասկանալու համար, թե կա՞ արդյոք խնդիր, աշխատավայրում իրենց նեղացնո՞ւմ են, չարախոսո՞ւմ, թե՞ դա միայն թվում է իրենց, այսինքն՝ պետք է դուրս գան երեւակայական սահմանից եւ իրականության մեջ փնտրեն խնդիրը, եւ եթե իսկապես կա խնդիր, ապա ցանկալի է, որ խոսեն կոլեկտիվի կամ ղեկավարի հետ եւ հարթեն այն. «Ցանկալի է, որ մարդիկ անձամբ հաղթահարեն ֆոբիան, եթե դա չի օգնում, ապա պետք է դիմեն մասնագետի օգնությանը»,- ասում է հոգեբանը:

ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031