Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր են Գյումրու գիտնականներն ու բժիշկները

Հուլիս 03,2014 14:40

Օրերս Գյումրիում կազմակերպված աշխատանքային 7-րդ տոնավաճառի ժամանակ նկատեցինք, որ արհեստավորներից, պրոֆեսիոնալ խոհարարից, վարսահարդարից բացի՝ թափուր աշխատատեղեր են ստեղծվել նաեւ գիտաշխատողների ու բժիշկների համար: Ցավալին այն է, որ հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող երկու ոլորտները չեն կարող համապատասխան մասնագետներ գտնել. մեկը արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայությունն է, այնպիսի մի կառույց, որի պրոֆեսիոնալ աշխատանքից են կախված մարդկային ճակատագրերը, այն կանխորոշում է բնական աղետները, երկրաշարժերը ու կանխարգելում բնակիչների մահը, եւ երկրորդը առողջապահությունն է:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայության տնօրեն Կարեն Մխիթարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ 7 մասնագիտության գծով թափուր հաստիքներ ունեն եւ հիմնականում նեղ մասնագետների կարիք` երկրաբանի, ռադիոֆիզիկի, աշխարհագրագետի… «Ծառայությունը ունի սերնդափոխության խնդիր, որը փորձում ենք արագ ու օպերատիվ կարգավորել, բայց, ցավոք սրտի, նեղ մասնագետներ չեն դիմել: Հիմնականում շինարարներ ու աշխարհագրագետներ են դիմել, պահանջարկ կա, բայց քանի որ էդմասնագիտությունները` սեյսմոլոգը, երկրաֆիզիկը, երկրաբանը, ռադիոֆիզիկը Երեւանի պետական համալսարանի կամ Երեւանի այլ բուհերի շրջանավարտ պետք է լինեն, շատ դժվար է էդ մասնագետներին Գյումրիում գտնել: Նույնիսկ մենք համաձայն ենք նոր ավարտած, մագիստրատուրա ավարտած երիտասարդներին ներգրավել մեր աշխատանքներում` փորձի ձեռք բերման, փորձի փոխանակման ակնկալիքով: Մենք ունենք մեր ոլորտի շատ հզոր մասնագետներ, որոնք պատրաստ են իրենց փորձը, գիտելիքները երիտասարդներին փոխանցել, սակայն այդ երիտասարդներին չենք կարող գտնել: Երիտասարդներին մեր կառույցը չի հետաքրքրում, եւ դրա հիմնական պատճառը աշխատավարձերի ցածր լինելն է, իսկ էն մարդիկ, որոնք ներկա պահին աշխատում են մեր ծառայությունում, էդ մարդիկ զուտ պատրիոտ ու իրենց գործի նվիրյալը լինելով հանդերձ՝ աշխատում են թեկուզ ցածր աշխատավարձով, որովհետեւ իրենց կյանքը կապել են մասնագիտության հետ ու չեն ուզում վերապրոֆիլավորվել, նախ՝ տարիքը թույլ չի տալիս, երկրորդ հերթին՝ հարմարվել են իրենց ապրելակերպին, աշխատատեղին, կենցաղին: Մեր հայտերում աշխատավարձը 80-100 հազար դրամ է, դա կեղտոտ աշխատավարձի չափն է, առձեռն ստանում են 60-80 հազար դրամի սահմաններում, որը գայթակղիչ առաջարկ չէ: Սպասարկման ոլորտների առաջարկներն ավելի գայթակղիչ են, իրատեսական ու հետաքրքիր, քան գիտության ոլորտի ներկայացրած առաջարկները»,- ասաց Կարեն Մխիթարյանը:

Amalja-Adamyan-4-1

«Առավոտ»-ը բժիշկների թափուր աշխատատեղերի թեմայով էլ զրուցեց Զբաղվածության Գյումրու կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի հետ: Մենք տիկին Ադամյանին հարցրինք` ինչո՞ւ տարիներ շարունակ իրենց պաշտոնական կայքում Գյումրիի ու նաեւ Շիրակի մարզի պահով ամենամեծ պահանջարկ ունեցողը բժշկի մասնագիտությունն է: «Այո, դուք իրավացի եք, բժիշկների թափուր աշխատատեղերը բավական երկար ժամանակ պահպանվում են: Իհարկե, մենք ծրագիր ունենք, եւ էդ մասին բազում անգամ շեշտվել է՝ եթե այլ վայրերից բժիշկը գա ու Գյումրիում աշխատանք գտնի, մենք երկու տարի փոխհատուցում ենք նրա տան վարձը, կոմունալ ծախսերը: Սա լավ ծրագիր է, սակայն, չգիտես ինչու, բժիշկների թափուր տեղերը չեն լրացվում, երկար ժամանակ մնում են: Պատճառները տարբեր են, երեւի այս մասին ավելի շատ խոսեն գործատուները, բայց փաստն այն է, որ մասնագետների պակաս կա այս ոլորտում: Կարծում եմ՝ ուսումը ստանում են մայրաքաղաքում եւ հիմնականում աշխատանք էլ փնտրում են հենց Երեւանում: Այսօրվա տոնավաճառին էլ Մարալիկի հիվանդանոցն է ներկայացված բժիշկների թափուր աշխատատեղերով: Ցավոտ խնդիր է, որ մեր մարզում բժիշկների թափուր աշխատատեղերը մնում են»,- ասաց ոլորտի պաշտոնյան:

Հիշեցնենք, որ Գյումրու բժիշկներից ու գիտնականներից ոմանք վերջին շրջանում երկրից հեռացան «Հայրենակիցներ» ծրագրով:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031