Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյանի «գլխին սեւ ամպե՞ր են պտտվում»

Հուլիս 03,2014 14:59

«Էլեկտրաէներգիայի թանկացման հարցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված հիմնավորումները համոզեցուցիչ չեն: Այս կարծիքին են նաեւ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մի խումբ գիտնականներ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը: Նա հիշեցրեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման անհրաժեշտության համար պատշաճ տնտեսական հիմնավորումներ չկարողացավ ներկայացնել նաեւ վերջերս կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ: Պատգամավորն այդպես էլ չի հասկանում, թե ինչո՞ւ 13 միլիարդ դրամ շահույթի հաշվին ՀԷՑ-ը չի փակում տարեկան 5,7 միլիարդ ճեղքվածքը: Հիշեցնենք, որ ըստ Ռոբերտ Նազարյանի հիմնավորումների՝ հոսանք արտադրող ընկերությունների եւ ՀԷՑ-երի հաշվեկշռում առկա է 18 միլիարդ դրամ ճեղքվածք, որը պետության մեղքով է գոյացել, այս թանկացման արդյունքում երեք տարվա ընթացքում չեզոքացվելու է: Այդ պատճառաբանությունն այդպես էլ չեն համոզել ՀՀԿ-ական պատգամավորին:

hanrain_carayutyunner_cuyc

Ինչեւէ, ունենք այն, ինչ ունենք. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել: Ըստ այդմ` օգոստոսի 1-ից սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը սահմանվեց 32,85 դրամ`1 կվտ/ժամ-ի դիմաց, իսկ գիշերային սակագինը՝ 28,85 դրամ: 6 (10) լարմամբ սնվող սպառողների համար որպես ցերեկային սակագին սահմանվեց 38.85 դրամ, գիշերային՝ 28.85 դրամ, 0,38 ԿՎտ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին՝ 41,85 դրամ, գիշերային սակագին՝ 31,85 դրամ: Ենթադրաբար, այս թանկացումը բերելու է այլ թանկացումների: Ի՞նչ անել: Այս հարցի պատասխանը, սակայն, ՀՀԿ-ական պատգամավորը չգիտի: «Սպասենք մեր կուսակցության ղեկավար մարմնի որոշումներին»,- ասաց Վահրամ Մկրտչյանը: Դիտարկմանը, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դժվար թե ինքնագլուխ նման քայլի ու որոշման գնար, հետեւաբար անհեթեթ չէ՞ ՀՀԿ-ի արձագանքին սպասելը, ՀՀԿ-ական պատգամավորը չհամաձայնեց: «Չեմ կարծում, թե այդ որոշումը կուսակցության ղեկավարության հետ համաձայնեցված է: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անկախ մարմին է: Հաշվարկները բերվել են տնտեսական հարթության մեջ, քաղաքականություն չկա թանկացման մեջ: Հաստատ»,- ասաց Վահրամ Մկրտչյանը՝ իր զարմանքն արտահայտելով, որ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ է բարձրացնում սակագինը: Դա արդեն չի՞ հուշում, որ ինչ-որ բան այն չէ՝ մեր հարցին էլ ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ մտահոգված երկրի էներգետիկ առաջընթացի մասով, գտնում է, որ սա պետք է, որի հետ ես համաձայն չեմ: Թե ո՞ւր են տանում խորքային ուղղությունները՝ կդժվարանամ ասել»:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Իրոք այդ հանձնաժողովը “ամենաանկախ” մարմինն է մեր երկրում, իսկ նրա ղեկավարը` ՀՀ “ամենաանկախ” պաշտոնյան: Նա կարծում է, որ իր կողմից ղեկավարվող հանձնաժաղովի գործունեության միակ նպատակը սակագների բարձրացումն է, իսկ նույն կառավարության մյուս օղակները պարտավոր են մտածել դրա հետևանքների վերացման մասին: Նույնիսկ գաղափար չունեն համակարգային կառավարման մոտեցման վերաբերյալ: Իսկ արդյունքները … ստացվում են ինչպես միշտ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031