Հունիսի 8-ին կայացած ընտրության արդյունքներով` Գորիսում քաղաքապետ ընտրված ՀՀԿ անդամ Վաչագան Ադունցն իր պաշտոնին անցնելուց հետո չի պատրաստվում կադրային փոփոխություններ իրականացնել: Այս մասին մեզ հետ ունեցած զրույցում տեղեկացրեց նորընտիր քաղաքապետը եւ ավելացրեց, որ պատրաստվում է համագործակցության առաջարկ անել բոլորին` այդ թվում նաեւ քաղաքապետի նախկին թեկնածուներին:
«Նախընտրական շրջանում էլ ասացի, որ կադրային փոփոխություն անելու նպատակ չունեմ: Ես առաջարկելու եմ նույն կադրերին միասին աշխատել, եթե կհարմարվեն իմ պահանջներին ու իմ տեմպին, աշխատանքին, օրենքի սահմաններում բնականաբար, կշարունակեն աշխատել, ես ցանկություն ունեմ բոլորի հետ աշխատել», -ասաց Վաչագան Ադունցը: Նա նաեւ հերքեց շրջանառվող այն լուրերը, որ նախկին թեկնածու Հրայր Յոլյանը հնարավոր է նորընտիր քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնի առաջիկայում:
«Հրայր Յոլյանին ես ինքս նման առաջարկություն չեմ արել, չեմ էլ պատրաստվում անել, քանի որ նրան չեմ էլ տեսել, ընտրվելուս կապակցությամբ նույնիսկ շնորհավորանք չեմ ստացել նրանից: Սակայն Ես մյուս թեկնածուների հետ կոնտակտ չունեմ, պատահական հանդիպել եմ Տիգրան Կարապետյանին, ինքս եմ մոտեցել նրան ողջունել, սակայն ասեմ, որ ոչ մի թեկնածուից շնորհավորանք չեմ ստացել, սակայն համագործակցության առաջարկ անելու եմ բոլորին: Իսկ Սյունիքի մարզպետը հունիսի 9-ին զանգել շնորհավորել է, պատրաստակամություն է հայտնել համագործակցել ու աջակցել»,- հավելեց պարոն Ադունցը: Նորընտիր քաղաքապետը չցանկացավ անդրադառնալ ու գնահատական տալ գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի կատարած աշխատանքին, միայն որպես քաղաքացի նշեց, որ քիչ բան չի արվել քաղաքում:
«Ես փորձելու եմ նոր որակ հաղորդել աշխատանքներին, ավելի պատասխանատվորեն ու ավելի մեծ նվիրումով աշխատել: Ես եկել եմ ոչ անձնական նպատակներով, այլ` քաղաքին ծառայելու: Ինձ համար հունիսի 9-ից հետո չկա ընտրող կամ չընտրող, ես պարտավորեմ ծառայել բոլորին»,-նշեց Գորիսի նորընտիր քաղաքապետ Վաչագան Ադունցը:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՄՈՆՅԱՆ
«Այսքան ուրախ կյանքը մեր, ընկեր Լիսկան է մեզ տվել»:
Չէէէ,Վարազ Սյունին է տվել…