Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության «Ավետիս» լրատվական-վերլուծական պաշտոնական կայքն (westarm.org) արդեն գործում է:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նորաստեղծ կայքի գլխավոր խմբագիր, արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը:
Ծանոթացնելով կայքին՝ պարոն Կարապետյանն ասաց, որ այն նպատակ ունի քաղաքակիրթ աշխարհում քարոզելու մեր պահանջատիրությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ, հատուցում պահանջելու 1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայի և թուրք ժողովրդի` հայության նկատմամբ իրականացրած Եղեռնի ու նրա տարածքի, ունեցվածքի հափշտակման դիմաց:
Կայքն առայժմ լույս է տեսնում հայերեն: Հետագայում լույս կտեսնեն նաև անգլերեն, ռուսերեն և թուրքերեն տարբերակները:
Կարդացեք նաև
«Ավետիս»-ի գլխավոր խմբագիրն ասաց, որ նախատեսում են հաջորդը թուրքերեն տարբերակը պատրաստել, հետո նոր միայն ռուսերենն ու անգլերենը. «Մենք նպատակ ունենք նաև իրենց ազգային արմատներին բերելու այն հսկա զանգվածին, որն այսօր ապրում է Թուրքիայում,- ասում է Բ. Կարապետյանը,- գիտենք, որ շատ մեծ է այն զանգվածը, որն իրադարձությունների բերումով հայերեն չգիտի: Եվ պետք է շտապենք կայքի թուրքական տարբերակն ստեղծել, որովհետև այդ մարդիկ սպասում են, նրանք կարոտ են այդ խոսքին»:
Բ. Կարապետյանը վստահություն հայտնեց, որ սփյուռքահայությանը և, մասնավորապես, թուրքահայությանն իր արմատներին վերադարձնելու հարցում իրենց կայքը կարող է լուրջ դեր ունենալ, և հավելեց. «Մի կարևոր դիտարկում էլ եմ ուզում անել. չպետք է միանշանակ պնդել, թե հայ է նա, ով քրիստոնյա է: Հայը կարող է լինել և´ մահմեդական, և´ բուդդայական, և´ հեթանոս: Այլ հարց է, որ հետագայում նա ցանկանա գալ քրիստոնեական արմատներին, դա նրա կամքն է, բայց չի կարելի պնդել, որ միայն քրիստոնյան է հայ»:
Վերադառնալով կայքին՝ գլխավոր խմբագիրն ասաց, որ այստեղ տեղ են գտնում բացառապես այնպիսի լուրեր, որոնք առնչվում են մեր պահանջատիրությանը և սփյուռքի, մասնավորապես, Թուրքիայում բնակվող հայերի հետ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ